Հրդեհ

31-12-2011

14271_460523483991308_299452513_aՄի օր հրդեհ սկսվեց։ Չհրդեհված ու հրդեհանտես մարդիկ չեն հասկանա, թե ինչեր են այրվում, թե ինչեր են մեռնում… Թատերասեր են բոլորն ի սկզբանե, ներկայացմատենչ, խաղի ու ցույցի անվերջ ծարավներ։ Հրդեհի ժամանակ, ինչպես երկրաշարժի, հավաքում ես բոլոր քեզ պետքական կամ առաջին անհրաժեշտության իրերդ ու փախչում ես… Փախչում, որ փրկվես… Հետո գալիս են հրշեջներ, ներկայացումը կայանում է… Հավաքվում են մարդիկ, հետո դառնում ամբոխ… Աշխարհի ամենաքաղաքակիրթ ու դաստիարակված հանդիսատեսը, որոնց մասին կերազեր անգամ Լա-Սկալան կամ Բրոդվեյը, հավաքվում են աղետների, ցավի ու ողբերգության ժամին։ Ի սկզբանե թատերասեր մարդը, քիչ է գովել լավը, քիչ է ուրախացել։ Ամենամեծ հաջողություններ ունեցած ֆիլմերն ու ներկայացումները դրամատիկ են` ողբերգական։ Տխրությունն է ամենալավ բեմադրությունը, երբ գալիս են խաղան… Խաղան ցավերիդ հետ… Խաղան… կամ լուռ նայեն…

Մի օր հրդեհ սկսվեց… Անսպասելի, հանկարծ։ Բաներ կան, որ երբեք չես սպասի, որ կմոխրանան, չհրկիզվող տարրեր կան աշխարհի վրա, բայց երբ կյանքն ուզում է ցույց տալ դեմքն իր սև, երբ զգում է արդեն, որ շուտով կպարտվի, փոխում է օրենքներն ամեն ու թքում քո խղճուկ ֆիզիկայի վրա… Ու ամեն մեկին տալիս անակնկալ… Անլուծելի, դժվար… Անսպասելի։ Կյանքում մի օր հրդեհ սկսվեց շատ մեծ… Դեռ չէր անցել մի պահ` հավաքվեցին արդեն… Եկան անգամ նրանք, ովքեր չկային վաղուց, եկան նրանք նույնիսկ, որ դեռ չէին էլ եղել… Հավաքվեցին տխուր դեմքերով իրենց սուտ ու սկսեցին հուզվել դրամատիկ խաղից… Նրանք հարմար նստել դահլիճում իրենց մութ, բայց դեմքները պահել այնպես, որ դու տեսնես հաստատ, նստել ու ցավում էին քո հրդեհի համար, նստել ու նայում էին լուռ… Ու նայում էին միայն… Երբ մի երկու անկեղծ, քեզ շատ սիրող հոգի, իրենց փոքրիկ ձեռքով ու մարմնով նվաղ, չարչարվելով անվերջ փորձում էին ջուր բերել… Ու բերում էին ջուրն այնքան դժվար ու լուռ, որ չէր կարող երբեք այդպես իր խաչը քարշ տալ Քրիստոսը ահեղ… Ու զգացին մի պահ դահլիճներում իրենց, որ ուր որ է ահա վարագույրը կիջնի, այդ մեծ հրդեհը հիմա հանկարծ կմեկուսացվի… Չդիմացան նրանք, ընդվզեցին մի պահ, այդքան թանկ գին վճարած իրենց տոմսերի համար ու շշուկով թաքուն դահլիճով լուր անցավ, թե մենք պիտի տեսնենք երկրորդ արարն անշուշտ… Ու սկսեցին հապճեպ, արդեն մարող բոցին, բոցկլտացող կայծին կամ մոխիրին սև, թաքուն բենզին լցնել, շփել տոննաներով, ու երբ տեսան, որ անզոր ձեռքով իրենց չեն կարողանում կրակն այդ բորբոքել, մոխիրներից կայծ տալ, նրանք վազեցին բեմ, լուցկիները վերցրին ու չրթացրին անհոգ, հետո այդպես անհոգ մի սիգարեթ վառին այդ նոր կպչող բոցից ու գնացին նստեն… Ու ծափեր էին հնչում վերսկսված ներկայացման համար, երկինք հասնող բոցի, իրենց ապրումների…

Հ.Գ. Ասա ինձ հիմա, խնդրում եմ ես քեզ… Կանգնել եմ մենակ ես սրանց դիմաց, սրանց թաքուն թաքստոցների, տեսախցիկե աչքերի դիմաց, հոնորարով ծախված ինքնասիրության, հայրենիքի, մարդու… Ի՞նչ ասեմ,ասա’, ի՞նչ հայհոյեմ սրանց, որ տեղ հասնի գոնե, որ գեթ մի ցավ զգան…

Google