Իմ աշխարհը

01-03-2014

imagesԵս ամեն օր ավելի շատ եմ սիրում նրան: Մենք հանդիպում ենք միայն, երևի, ճաշելուց: Նա խոսում է անդադար, պատմում, թե ինչպես է անցել օրը, թե ուր է գնացել, ինչ հետաքրքիր բաներ է տեսել, ինպիսի մարդկանց, կերպարների… Ես լուռ լսում եմ այդ ամենը ու այնքան պատկերավոր է պատմում, որ թվում է, թե ես ինքս եմ այդ ամենի միջով անցել ու ես եմ խոսել բոլորի հետ, ես եմ տեսել երկինքն ու ջրափոսերը, երթուղայինի վարորդին, կնոջը խորհրդավոր ժպիտով… և այլն…Նա խոսում է, իսկ ես լուռ եմ… Ես նայում եմ նրա աչքերի փայլին, նրա խոսելաձևին, երբ ձեռքերով ցույց է տալիս իր ապրումները, երբ հիացմունքից ժպտում է կամ ծիծաղում, երբ բարկացած ունքերն է խոժոռում կամ աչքերից զայրույթ է թափվում: Ես անընդհատ նայում եմ ու մեջս մի այնպիսի զգացողություն է, ասես ազատ անկման ժամանակ, երբ երազի մեջ ընկնում ես անվերջ մի բարձր տեղից: Ես ամեն վայրկյան զգում եմ, որ ավելի ու ավելի շատ եմ սիրում, որ անասելի, անհագ մի քաղց եմ զգում դեպի նա: Նա իմ հրաշքն է…

Ամեն անգամ, երբ ուշանում եմ տուն գնալուց, հեռախոսի մեջ զգում եմ, թե ինչպես է ձայնը դողում, թեև նա ամեն ինչ անում է, որ չմատնվի: Ես զայրանում եմ, ես ատում եմ, երբ իմ մասին հոգ են տանում, նեղացնում եմ նրան, որ էլ չզանգի, զուր չանհանգստանա: Ու շատ անգամ նա լալիս է իմ պատճառով: Ես կարդում եմ դա նրա սմս-ների մեջ, հեռախոսն անջատելուց հետո, թեև գրում է ընդամենը. «Կներես: Զգույշ կլինես»: Թեև «ներում եմ» նրան, բայց մոռանում եմ զգույշ լինել, որովհետև միշտ մոռանում եմ, թե ինչ եմ ասում կամ խոստանում նրան: Շուրջս այնքան ուրիշներ կան, այնքան գործեր, այնքան հանդիպումներ, որոնք բոլորն էլ չեն սպասում երբեք: Իսկ նա միշտ սպասում է: Նա արթուն սպասում է ինձ անգամ լուսադեմին, երբ հոգնած կամ հարբած բացում եմ դուռը: Նա նայում է ինձ թախծոտ, բայց արդեն ուրախ հայացքով, որովհետև ես կամ, ես անվնաս կամ ուղղակի ետ եմ եկել, եկել եմ տուն, հասել եմ: Նա գրկում է ինձ ամուր-ամուր ու ես զգում եմ, թե ինչքան կարոտ ու վախ կա այդ գրկի մեջ… Այդպես ինձ տատս էր սպասում միշտ…

Աշխարհում ես միայն նրան ունեմ: Նրան, ում համար էլ միայն ապրում եմ և ուզում եմ անել ամեն ինչ, որ միշտ իր համար լավ լինի: Ես ուզում եմ, բայց հաճախ ամեն մի մանրուքի, ամեն մի արժող-չարժողի պատճառով նեղացնում եմ նրան, բարկանում վրան, գոռում, հուսահատությունս ու չստացված ամեն ինչի պատճառը կոտրում գլխին… Նա իմ հարազատն է… Իմ աշխարհը…

 

Google