Իմն ու քոնը

31-12-2011

548904_460507913992865_1057887904_aԵս ու դու հանդիպում ենք ամեն օր: Մեզնից շատ կան: Երկուսս էլ նույնն ենք, միայն դու չես հավատում:

Ինչ-որ մի ժամանակ իրար չէինք էլ նկատում. ես աչքի ընկնելու դեռ ոչինչ չունեի, դու էլ թունավոր չէիր, ինչպես հիմա ես:

Արդեն մեկ ամիս է, որ ամեն օր մեքենաս կանգնեցնում եմ քո պարկերի մոտ ու տան համար բանջարեղեն գնում:

Մետրոյից ներքև` փողոցի վրա, դու միակն ես, ով իմ սիրած` կարմիր կճեպով մանուշակագույն սոխն է վաճառում: Գիտես, ես նույնիսկ մտածել եմ, որ այդ փոքրիկ շուկան դու ես հիմնել, քեզանից է սկսվել:

Դու ինձ նման մեծ, արտահայտիչ աչքեր ունես, բայց դրանցում չարություն ես պահում ինձ համար:

Մի օր քեզ կխնդրեմ բացատրես, թե կողքիդ կանայք ինչու են քեզ պես թարս ինձ նայում, և կասեմ այն խոսքերը, որոնք ասում ես դու իմ հետևից` այդ կանանց մոտ ինչ-որ բան ապացուցելու համար (երևի):

Մի մտածիր, որ ես ուրախանում եմ` տեսնելով, թե ինչպես ես աչքերդ թողնում իմ բեռնախցիկի աուդիո համակարգի հետ և երազկոտ հայացքով ուղեկցում մուգ ապակիներով իմ սև, նոր մեքենան: Ես նույնիսկ հետադարձ հայելիներով տեսնում եմ, թե ինչպես ես փլվում պարկերի ծանրությունից կքած քո փտած ժիգուլուն:

Բարեկամ, հինգ տարի առաջ, երբ քո տարիքին էի, ես ոչինչ չունեի, նույնիսկ փտած, դեղին ժիգուլի: Ես վերցնում էի տատիս լվացքի թասի սեղանը և մետրոյի մոտ հատիկով սիգարետ էի վաճառում, լուցկի ու ծամոն: Այն ժամանակ սեղանիկները շատ էին, համ էլ մետրոյի մոտից ոստիկանները մեզ քշում էին: Մի երկու անգամ նույնիսկ ողջ ապրանքը վերցրել են ձեռքիցս: Նորից եմ սկսել: Ուղղակի մեր տարբերությունն այն է, որ ես, նույնիսկ այդ ոստիկաններին չար չէի նայում:

«Կյանքը մեխանիզմ է, ժամացույցի պես, յուրաքանչյուր մասնիկ իր գործն է անում, բայց առանց այդ մեկի, ժամացույցն այլևս չի աշխատի», — ասում էր հայրս: Երբ պատերազմից նա տուն չդարձավ, ողջ ասածներն ինձ մոտ, ենթագիտակցորեն խրատներ դարձան:

Ու երևի կյանքն է հենց այդ ժամացույցը, ու ես քեզ պետք եմ, ինչպես որ դու` ինձ: Ես ուշադիր եմ ու տեսել եմ կողքիդ նաև քո հորը, ուրեմն ամեն ինչ ունես, էլ ի՞նչ ես մտածում: Ինձնից լավ գիտես շահույթի մասին, սիգարետների ու սոխերի, ոչինչ չեմ ասում, բայց հասկացիր, որ մայրս ու քույրերս երբեք չեն իմացել, որ իմ ձեռքից ամեն ինչ խլել են, նրանց դա բացատրել, ախր, չէր լինի:

Բարի եղիր գոնե իմ հանդեպ: Քո ջանքերը` քաղաքավարի ու կիրթ երևալու, ապարդյուն են, որովհետև դրանց միջից մատնվում է սառը նախանձդ ոչնչիս հանդեպ: Հավատա, այսօր էլ դեռ ոչինչ չունեմ: Մի երկու փոքրիկ խանութ մետրոյի մոտ և այս մեքենան, որն ապառիկ է: Հանգիստ ու խաղաղ եղիր, թեկուզ փողոցում, քո սոխերի հետ. չէ՞ որ հայրս հաղթել է, ու մտածելու էլ ոչինչ չկա…

 

Google