Ինձ կդավաճանեն

31-12-2011

404211_460525703991086_1432434657_aԻնձ կդավաճանեն ձեռքերդ մի օր… Ժպիտներդ մերկ կլողան մթում ու կհալվեն զգույշ պաղպաղակի պես… Մերկությունդ ժպտերես կդառնա նկար, դու կանէանաս գետնանցումներում: Մենակ կթողնի ինձ անգամ բույրդ, ծաղկավաճառի աղբամանի պես կխառնվի այն գարշահոտ, նեխած այլ բույրերի հետ ու ծաղիկները կսկսեմ ատել: Ժամանակ կանցնի, կսկսեմ ստել, ջնջել ու սպանել պատմությունը մեր: Կաթնագույն ցողով վաղուց ծածկված մեր երազներին կստիպեմ մեռնել, կստիպեմ պայթել երազանքների սին փուչիկներին… Կսկսեմ ապրել… Ինձ կդավաճանեն մտքերդ մի օր… Գիշերների սառնության ու տոթի անվերջ հերթական միալարությամբ կսկսեն ցնդել դրանք ինքնուրույն… Կսկսեն հյուսվել նոր կերպարների ու դերերի շուրջ… Ինձ կդավաճանեն աչքերդ մի օր… Այն սենյակների պարզ հայելիների ու կահույքի արտացոլանքում կսկսեն փնտրել հին ուրվագծեր, բայց հանդիպելով օտար շողքերի` կփշրվեն հենց հայելիների մեջ ու աչքերիդ կապույտ փայլի հետ կթափվեն գորգին… Ինձ կդավաճանեն ոտքերդ մի օր… Տաքության բովով ու փշաքաղվելու այն հին սառնությամբ ուրիշ մարմիններ մի օր կօղակեն… Ուրիշ ուսերից մի օր կկախվեն կամ օտար գրկում կհանգստանան… Ինձ կդավաճանեն թոքերդ անգամ ու սիրտդ մեռած… Շնչառությանդ ընդհատ ձայներում կմաքրվեն դրանք անգամ այն օդից, որն ականջիդ տակ արտաշնչում էի մի հին ժամանակ… Ես վերջացնում եմ այս էջս քեզնով ու հեռանում եմ մեջքս քեզ պարզած… Ինձ կդավաճանեն բոլոր դավաճանություններս մի օր… Հիշողությունս, սերս, ուրացումս… Կյանքս, երազնանքերս ու դու… Ժամանակ, որ սիրում էի քեզ…

Google