Իրականը

25-05-2014

1111 «Չգիտեմ` այդ ՏԱՏԻԿԸ իրական է, թե հորինված կերպար, բայց նրան նվիրված Ձեր բոլոր աշխատանքներում այնքան նուրբ եք գրում նրա մասին, այնպես զգույշ, ասես ոչ թե հասարակ մահկանացու նա լինի, այլ բյուրեղ, որ կարող է փշրվել անգամ անզգույշ բառից…» ,- ասացին ինձ մի անգամ և ես երկար ժամանակ չկարողացա պատասխանել…

 

Ինքս էլ երկար մտածում էի, թերթում հիշողությանս ալբոմները, նայում լուսանկարներ, որտեղ Նա կա այնքան իրական ու մոտ, այնքան կողքիս, որ ցանկացած հերքումներ բացառելի են: Բայց…

Երկար ժամանակ արդեն ես ապրում եմ առանց Նրա: Դա մի ժամանակ է, երբ սեփական օրերում ինքնուրույն բացահայտում եմ ինչ ասել է որբություն: Դա անտերության ու ինքնահոսի ժամանակ է, ժամանակ, ուր իրականն ու անիրականն այնքան հարաբերական են…

Այդպիսի մի դրվագ է նաև իմ մանկության Լալայան փողոցը, ուր ապրում էր մեր դասարանի Հրանտը, ուր մենք գնում էինք ընկերներով «կոմպյուտերանոց»: Ուր քաղաքի առաջին խաղային համակարգիչներն էին, ուր ամեն ինչ այնքան խառն էր, այնքան նեղլիկ ու իրար վրա, որ ցանկացած անծանոթ կամ քիչ ծանոթ կմոլորվեր, կխճճվեր այդ տնակույտի արանքներում… Բայց մենք այդ բակերում էինք մեծանում ու անգիր գիտեինք ամեն «ծակուծուկը»: Կանցնի երկար ժամանակ, ես կգնամ իմ մանկության Լալայան փողոցն ու այնտեղ կգտնեմ Հյուսիսային պողոտա… Ահռելի շենքեր, ամեն ինչ ուղիղ գծով գծած, ամեն ինչ հարթեցրած, ամեն ինչ ավիրած… Ու հուշերիս կիսաքանդ գերեզմանից ես մտովի պատկերներ կհանեմ համադրելու եղած ներկայի հետ ու կմոլորվեմ… Ու ինձ երազ կթվա իմ մանկությունը, իմ ընկերներն ու մեր դասարանի Հրանտը: Խառնիճաղանջ տնակներն ու կիսամութ «կոմպյուտերանոցը»…

Այդտեղ էլ հենց իմ պատասխանը գտա: Ժամանակն այնքան արագ անցավ ու առանց Նա, որ շատ անգամներ ուրացա Նրա գոյությունն ու այդպես անսուրբ թեքվեցի… Հիմա արդեն հետադարձ նայելով ես չեմ կարողանում տարբերել, թե որտեղ է եղել իրականության այն գերբարակ սահմանը, որը հիմա այդքան հեշտ կամ դժվար կորցրել եմ: Հիմա չեմ կարողանում վստահաբար ասել, որ նա եղել է: Որ նրա այդ հախճապակյա կերպարը կարող է իրական լինել ու ինձ հետ քանի քանի տարիներ ապրել… Կողք-կողքի, մեկ տան մեջ: Նրա կերտած իրականության մեջ ապրած տարիներս հիմա աստիճանաբար լեգենդներ են դառնում… Լեգենդներ, որոնց շատ անգամ ինքս էլ չեմ հավատում, չնայած, որ լուսանկարներն ու ընկեր – բարեկամներս ամեն առիթով հիշում ու հիշեցնում են իմ իմաստուն տատի գոյությունը… Մարդը երբեք չի կարողանում գնահատել ներկան, ապրել երջանկության գրկում… Նրան անտեսանելի թվացող պարզ իրականությունը հետո է սկսում ըմբռնել ու ափսոսանքով ու ցավով վերհիշում է անցած գնացած կորուստը… Ես մինչ այս պահը չեմ հասկացել ու դժվար էլ երբևէ կարողանամ գտնել, թե որտեղ է իրականի ու երևակայականի սահմանը…

 

Google