Ժամանակը

26-09-2014

400635Ցուրտ է:

Ժամանակի կամ տարիքի հետ պակասում է արևի ջերմությունն անգամ:

Սրանք ամեն ինչ սպանել են: Եթե կարողանային, սրանք արևն էլ կսպանեին, եթե ձևն իմանային:

Աղջիկս, ես ուրախ եմ, որ դու պահպանել ես տարիներ առաջ ունեցած հավատդ, որ աչքերդ դեռ փայլում են, որ երազանքներիդ իրագործման ճանապարհից չես շեղվել, թեև շանսեր էլ չես ունեցել առաջ շարժվելու այդ ճանապարհով:

Իզուր ես զարմանում: Մի քանի գրոշով վաճառվելու ժամանակ է: Մի փոքր էժան կամ թանկ: Ծախվելու ժամանակ է: Մենք բոլորս վաճառված ենք ու մեզ թվում է, թե` վերջ, բայց աճուրդն անվերջ է` տիեզերքի գոյության պես և գոյության հետ մշտաներկա: Ու մենք վերավաճառվող ենք: Ո՞վ շատ կտա: Ուղղակի, մի տարբերակ է ավելացել: Հետզհետե ավելի ու ավելի քիչ են մեզ վճարողները: Արդեն վճարում են մեր տերերին կամ մեր տերերը մեզ շահում են գրազներում կամ պարտվում:

Մի զայրացիր ժամանակից: Պիտակների, ապրանքանշանների ու տարբերանշանների մրցավազք է: Ցուցահանդես – վաճառք: Քո կողքին հիմա ուժեղ տղա կա, բայց ուժին ապավինելու ժամանակն ու ուժը որպես արժանիք ներկայացնելու մշակույթն էլ չկա: Ուժն ու սպորտը դարձել են մասնագիտություն: Դարձել են ապրանքի գինը բարձրացնող հատկանիշ, ինչպես, ասենք` գեղեցիկ տեսարանով բնակարան կամ կաշվե սրահով մեքենա:

Ուժեղ տղաներ են նրանց պետք, որ շան նման վարժեցնեն ու հետները ման տան, որ ֆաս տան սրա նրա վրա, որ կռվացնեն, որ ցուցադրեն իրենց կողքին այնպես, ինչպես իրենց ցուցադրական շարասյունը: Հիշու՞մ ես մենք հինգ հոգով մի մեքենա ունեինք ու բոլորով այդ մեքենայով էինք գնում որևէ տեղ: Հինգ հոգով: Հիմի հինգ մեքենայով են գնում հինգ հոգին: Մեծ մեքենաներով: Իրենք այնքան մեծ չեն, որ չտեղավորվեն մեկի մեջ, ուղղակի, պիտի ցույց տան ինչքան ու ինչեր ունեն: Մեզ չէ, չէ: Մենք ո՞վ ենք, մեր ինչի՞ն է պետք: Իրար: Իրար մեջ:

Մի բողոքիր, որ նյութականը մեր մեջ սպանել է հոգևորը, որ մենք մոռացել ենք բոլոր սիրուն բառերը, որ մեր շուրջը եղած գույները չենք նկատում, որ մեզ սպառում ենք թվերի ու հաշիվների մեջ, որ պատվեր ենք կատարում: Դրանով մենք աշխատում ենք: Մեզ ապրել է պետք: Հասարակությունն է մարդուն դարձնում անբարոյական: Մենք հիմի ամեն ինչ թողած մատուցում ենք, որ մի կտոր էլ մեզ շպրտեն, որ չսատկենք: Չհաչալու համար գցածը քիչ է, մենք նաև պիտի վազենք ու նետած փայտը բերենք, որ մի հատ էլ շոյեն:

Մի տրտնջա: Ամեն ինչ այնքան անհույս չէ, որ դուռ չլինի դուրս գալու, որ ճանապարհ չլինի շրջանցելու: Ժամանակ է: Ընդամենը ժամանակ, որն անցնելու է: Ոչինչ, թող դա լինի մեր կյանքի, մեր երիտասարդության, մեր լավ օրերի հաշվին… Բայց թող անցնի, որ մեր ծնվող երեխաները քոթոթներ չլինեն…

Google