Ճանապարհներ

31-12-2011

482995_460522390658084_977448556_aՃանապարհներ կան, որոնց սովորելու համար շատ բաներ ես քանդում, ավելի ճիշտ, դրանք քանդվում են քեզանից անկախ, քո մեջ ու չվերականգնվելու պայմանով… Գերեզմաններ, օդանավակայան տանող ճանապարհները… Երբ սկսում ես սովորել ցավին, արդեն այն դառնում է անկարևոր, դառնում սովորույթ ու կորցնում ի սկզբանե իր մեջ դրված խորհուրդն ու նշանակությունը… Չպետք է մարդ չափից ավելի շատ մի բանի միջով անցնի, չպետք է չափից ավելի մի բան ունենա ու չպետք է մարդու համար ինչ-որ բան սովորական դառնա… Այդպես մենք սկսում ենք հետ սովորել մարդկային շատ ու շատ բաներից ու մեր անմարդկային կյանքում շարունակվում ենք առանց վախերի, առանց կորստի ու ցավի ափսոսանքի… Մեծ ու փոքր ցավեր չեն լինում, լինում են քիչ ցավ տեսած մարդիկ… Օդանավակայան ու գերեզմաններ տանող ճանապարհներն իմ համար դարձել են նույնը… Երկու ճանապարհներով էլ ես իմ հարազատ մարդկանց եմ միշտ տարել ու տանում թաղելու…

Այդ օրը ուրախ էի, թե եղանակն էր վատը, անկարևոր է դարձել, իմ մեջ արդեն այնքան բաներ կան, որ կողմնակի այդ շռայլ նկարագրություններն ու ածականներն ամեն տեսակ էլ չեն տեղավորվում… Օր էր… Ես տանում էի նրան էլ թաղելու… Գերեզմանափորի պաշտոնն ի վերուստ գրպանած, ես տանում էի նրան այդ օրն արդեն անցավ, արդեն չզգալու իմ կարողությամբ, անտարբեր ու մի տեսակ սովոր ծիսական այդ հերթականությանը…  Փորձել էի ամեն ինչ կամ գոնե կեսն անել, նրան ամեն տեսակ ինքնաթիռներից հետ պահելու համար… Կամ ես էի ծուլացել կամ ճանապարհն ավելի հզոր էր, դեռ չեմ մտածել, բայց նա` հաստատ ու անարցունք իմ պես, անցավ ամեն տեսակ անցակետեր, գրկեց թեթև իմիջիայլոց ու անհետացավ միջանցքներում բոլոր… Ես սովորական դարձածի նման կանգնեցի , մինչ ինքնաթիռը կպոկվեր գետնից ու եկա տուն… Ամեն ինչ էլի առաջվա պես դատարկվեց ու հերթական, սովորական այդ սովոր դատարկության մեջ քնեցի ու զարթնեցի երկու օր, մինչ փոստատարը բերեց նամակը այն, որն ինչպես հասկացա, նա ուղարկել էր ինձ օդանավակայան գնալուց առաջ… Նամակների տոպրակ ունեմ տանը, որը մի մեծ, ահավոր պարկ է դարձել կիսածալած ու հազիվ իրար հետ տեղավորվող նամակների շատությունից, բայց հետո դա կդառնա այն նամակը, որը ոչ միայն իմ, այլ մնացած մյուս բոլոր նամակների պատմությունը կջնջի… Ամեն ինչ սկսվեց, երբ զարմացած հայացքով վերցրեցի փոստատարից նրա գրած վերջին, թղթե նամակն ու մտա տուն կարդալու…

«Բարև գիժ… Թող քեզ չթվա, թե ես կարող էի այդպես անակնկալ գնալ, կարող էի այդքան լուռ լինել ու չզգալ, չտեսնել կամ չապրել ոչինչ… Ու թե հիմա դու կարդում ես սա, ուրեմն ինձ հաջողվել է գնալ, իսկ քեզ` մնալ քո սովոր մենության կամ քո գիժ պոետական լռության մեջ այնպես, ինչպիսին էիր դու, երբ ես չկայի… Փաստորեն, ես ոչինչ փոխել չկարողացա, ինչպես և դու… Ուրեմն մենք ոչ սխալ ենք, ոչ ճիշտ, այլ քո պատմած սուտ աստղերի նման գոյություն չունեցող…. Ես լուռ էի, ես հիմար աղջիկ եմ, գիտե՞ս… Չէ, դու սովոր ես, որ վազեն քո հետևից, քեզ երկրպագեն, խնդրեն, իսկ ես չարեցի, գուցե դրա՞ համար դու ալարեցիր աշխարհը շուռ տալ ինձ քեզ մոտ պահելու համար… Չգիտեմ… Ես ամեն վայրկյան հասկացել եմ քեզ, քո ամեն մի հայացք, ամեն մի շարժում, ակնարկ, հոգոց… Ուղղակի, դու սիրում ես, որ քեզ բզեն, ոչ թե դու անես մի բան… Լավն էի, չէ՞ ես… Գիտեմ… Ուզում եմ մի քանի բան էլ դու իմանաս… Ես գնացի ու մենք կյանքում երբեք էլ չենք հանդիպի, կամ հանդիպելուց էլ չենք ունենա այն, ինչ մեզ պահում էր այսքան օրերի մեջ, ուզում եմ միայն չզղջաս ոչ մի բանի համար ու միայն իբրև դաս ընկալես ողջը… Ես չեմ ուզենա, որ այդքան ազնիվ լինես, դա հիմարության աստիճան է, հասկանու՞մ ես, դա սխալ է: Քեզ թվում է, թե դու ասպե՞տ ես, դու մեծահոգի ես կամ ինքնազո՞հ: Դու էշ ես… Հա, մի նեղացի… Հիշու՞մ ես, որ մի օր մրսում էի ու եկա քո վերմակի տակ… Դու այնքան նուրբ էիր գրկել ինձ, այնպես լավ էր քո գրկում, քեզ հետ, քո անկողնում… Բայց դու ընդամենը քո մարմնով տաքացնում էիր ինձ, իսկ ես մի պահ թուլացել էի ականջիս տակ զգալով քո ծանր, տաք շնչառությունը, ես ամեն վայրկյան պատկերացնում էի, ամեն ակնթարթ սպասում էի, որ հիմա ձեռքերդ կսահեն մարմնիս վրայով, որ կհամբուրես վիզս, որ ականջս կկծես… Ու միայն այդ մտքերից ես ավելի ու ավելի ամուր էի հպվում քեզ, իսկ դու կարծում էիր, թե չես տաքացնում… Ես ուզում էի զգայիր ինձ, ուզում էի վերջապես դառնալ քոնն ու մնալ քեզ հետ, մնալ քեզ մոտ, միշտ… Հիշու՞մ ես, որ ասեցի, թե ինչ արագ է խփում սիրտս, իսկ դու միանգամից զարկերակս ստուգեցիր, բան չզգացիր, հետո ձեռքդ դրեցիր մեջքիս, իսկ ես ժպտացի ու հարցրեցի, թե մի՞թե այդտեղ է սիրտը… Հետո… Վերջապես… Առաջին անգամ զգացի քո ձեռքի տաքությունը… Ու այնպես էի ուզում, որ շոշափեիր ինձ, որ չդիմանայիր, որ ձեռքերդ վերջապես զգային ինձ, հասկանայիր, որ ես կին եմ, որ ուզում եմ լինել քոնը… Չեմ ասում, որ ափսոսաս հիմա, անցյալն անդառնալի է, ուղղակի, հասկացիր, որ չի կարելի այդպես, որ պետք է ինչ-որ բան դու էլ ուզես, որ ստանաս… Սովորել ես ամեն ինչ մատուցարանի վրա բերեն… Ես աղջիկ եմ, կին եմ, ինձ նվաճել է պետք… Չտխրես, ինձ անսահման լավ էր քեզ հետ, դրա համար էի ուզում դառնալ քոնն ու մնալ քեզ հետ, ու եթե չվիճակվեց մեզ, դա դեռ չի նշանակում, որ ավարտին հասնելուց առաջ ոչինչ չկար… Դու առաջին մարդն ես, ում ես պատկերացրել եմ իմ երազներում ու երազանքներում, առաջինն ես, ով իմ մեջ կարողացավ այդպես հեշտ ու իմիջիայլոց, արթնացնել կինը: Գոնե համբուրեիր ինձ, ախր, հիմա գրում ու նեղվում եմ, գոնե մի քայլ, մի քնքշանք լիներ, որ… Չեմ հասկանում քեզ… Մենակ «մնա ինձ հետ» կամ «մի գնա» ասելով ոչինչ չի փոխվում, դա այնքան քիչ է… Դրանից ինձ մի տեսակ առարկա եմ զգում… Եթե իրականում ուզեիր, դու կարող էիր ինձ պահել, գիտեմ… Ու ես մեծ ուրախությամբ կմնայի… Շուտով տեսնելու եմ քեզ, որ օդանավակայան տանես ու ես հիմա միայն մի բան եմ խնդրում Աստծուց, որ գոնե այնտեղ դու երբ գրկես, չդիմանաս, համբուրես… Այնքան երկար եմ ես սպասել այդ րոպեին… Կարողացի էլի, որ հետո միասին կարդանք այս նամակն ու ծիծաղենք… Դե, իսկ եթե հիմա մենակ ես կարդում, ուրեմն ես գնացել եմ, ուրեմն այն, ինչ քո մեջ անվանում էիր սեր կամ այն, ինչ զգում էի ես, ընդամենը մեզանից հեռու կամ ոչ մեզ համար մի բան էր… Ուժեղ եղիր… Ու լավ մնա…»:

Google