Ժպիտն արժե…

31-12-2011

302729_460528250657498_2041237187_aԱյն երիտասարդը, որն ագահորեն նայում էր իմ կնոջը, ու այն նույն անծանոթները, որոնցից ես արդեն հոգնել եմ: Լրիվ նույնը… Երեկ, այսօր, վաղը, մյուս շաբաթ, դարեր շարունակ: Չորրորդ գրիչն եմ ջարդում, որը սառել է, սառել է նաև իմ նոր սափրած դեմքն ու մրսում է: Մեկ ժամ կակաոյի համար պարտավոր եմ ողջ քաղաքն անցնել ու գտնել իմ փոշոտ սրճարանը` կոտրված, խղճուկ աթոռներով, կակաոյի նույն բեժ, էմալը տեղ-տեղ թռած թեյնիկով: Միշտ ամաչում եմ չվերցնել մանրը, որ չկոպտի ինձ կակաո լցնող այն գոռոզ կինը` քշտած թևերով: Գիտեմ, որ լավ գրող էժան գրիչ չի լինում, թեև ես իրավունք ունեմ պահանջել այն թերթի կրպակից: Արի, կփրկեմ քեզ այն տխուր անուրջից, որի անունը սեր է: Արի, որ ինչ-որ տեղերում քեզ հետ կարողանամ մոռանալ իմ ծերացող կնոջը, որի գեղեցկությունը տեսնում է դեռ ոչինչ չհասկացող այն ագահ երիտասարդը, և որի հետ ամեն օր զարթնելիս ես չարությամբ եմ լցվում աշխարհի հանդեպ: Ու ես զզվել եմ կոճղին կանգնելուց, որովհետև երբեք չեմ կարողանա շարունակել այն իբրև վերածնվող մի ծառ: Կոճղինը չեմ ես, այլ արմատներ ունեմ, որոնց հող է պետք, ոչ թե փտած կամ թարմ քոթուկ: Կկանչեմ քեզ, բայց քեզ կանչելով, երբեք չհավատաս, որ կլինեմ միայն քոնը: Գուցե, որպես իմ կին, ես ստիպված մեկ-մեկ կվերադառնամ քեզ մոտ, ու կրկին առավոտյան կզարթնեմ նույն չարությամբ, և աչքերս անընդհատ կորոնեն նրան, ում ես փնտրում էի դեռ այն ժամանակ, երբ քեզ էի կանչում: Մենք էլի կհանդիպենք այն երիտասարդին, որը, սակայն, կասկածում եմ, որ կնայի քեզ այն ագահությամբ, որով նայում էր իմ ծերացող կնոջը: Ես զավակներ չունեցա ու չեմ ունենա երբեք, որովհետև դեռ կանգնած եմ այն անիծյալ քոթուկին, ու ինձ հող է պետք: Ու երբեք էլ դրամներով չեմ օգնելու այն ջահելին կամ ծերունուն, որ ամեն օր անգիր արած դասի նման փող է մուրում, ու ինձ էլ դեռ չի ճանաչում: Մանրադրամ մոտս միշտ էլ շատ է լինում, ու չգիտեմ այն ինչ անեմ, բայց երբեք էլ չեմ թողնելու կակաոյի գոռոզ կնկան կամ չեմ դնի մուրացողի պարզած ձեռքում: Այն աշխարհում , ուր գրիչներս են անվերջ սառում, ու նոր սափրած դեմքս է մրսում ցրտից, ես ինձ լավ եմ զգում, անտարբեր` նույն ծանոթների անվերջ ձանձրացնող դեմքերից, որոնք չեն փոխվել երբեք, ու չեն էլ փոխվի վաղը, մյուս օրը և եկող տարի:

Երբ դուրս եկա սրճարանից, որ հետ չափեմ հենց նոր անցած ճանապարհս, հիշեցի, որ մոռացել եմ վերցնել մանրը թևքերը քշտած գոռոզ կնոջից, որն ինձ լավ էլ ճանաչում է և որից հենց նոր մանրադրամով ժպիտ գնեցի…

02.01.2006թ.

Google