Կակաչներ

31-12-2011

533615_460516827325307_1689056653_aԱյստեղ սրանց համար երգեր եմ գրում: Չի ստացվում: Ինձ խանգարում են քո տողերը, ձեռագիրդ, որ այլևս տեղ չեն թողել հին էջերիս: Հետո ինչ-որ դեմքեր կան, հետևից նկարած փիղ, աղավնիներ, ստորագրությունդ ու… ես: Մազերիս տեղ հինգ-վեց հատ գիծ, լեզու հանած մեծ բերան ու կլոր քիթ: Դու ավելի լավ ես նկարում իմ երգերի տետրում, քան քո ալբոմում: Մի օր դրա համար նեղացար ու լեզու հանեցիր: Լեզու հանեցիր նաև, երբ <<իքսիկ-նոլիկով>> պարտվեցի: Հետո սկսեցիր խնամել տատիդ: Իսկ ես մեր բալկոնում ընկերներիս հետ բլոտ էի խաղում, երբ զանգում էիր: Նախանձեցիր: Ուղիղ մեկ շաբաթ քեզ բլոտ խաղալ էի սովորեցնում, ու երբ սկսեցիր գլուխ գովել, ութ շիշ գարեջուր պարտվեցիր ու փաթաթվելով ինձ խորամանկ ժպիտով հարցրեցիր. <<Հիմա իրո՞ք գարեջուր ես ուզում>>:

Դա վաղուց էր, իսկ երեկ Երևանյան  լճի այս մյուս ափին, համատարած կանաչի ու դեղինի մեջ, կարմիր-կարմիր կակաչներ էին բացվել: Ու թեթև քամի էր: Ալիքների պես օրորվում էին նրանք, ու այդ քամու շոյանքը գնում էր նրանց վրայով հեռու, ապա սկսվում նորից այստեղից: Լուռ էր: Ուզում եմ, որ գաս, տեսնես այդ ամենը: Հետո բռնեմ ձեռքդ ու քայլենք այդ ծաղիկների միջով, կարծես ամեն քայլի հետ տշելով դրանք: Հոպ, վաղը կզարթնենք ու այդ կակաչներն այլևս չեն լինի: Այդպես ձմեռից հետո գարունն է գալիս, երբ մի առավոտ բոլոր ծառերը կանաչած են լինում: Արի, ու թող այս դաշտն էլ ավելանա այն դեմքերին ու փղերին, որ մենք ունենք:

Եվ այս լավ, վերջին օրը թողած, դու քո տատին ես խնամում, ես էլ երգեր եմ գրում սրանց համար…

Google