Կամ` կամ

04-11-2014

111       Կամ այս կողմ, կամ` այն… Ինձ համար միջանկյալներ, իներտ վիճակներ ու ձեռնպահներ չկան… Ամառ կամ ձմեռ… Կամ այս կողմ, կամ` այն…

Չնկատեցի, թե ինչպես անցավ աշուն(ս,դ)ը… Այնպես, ինչպես կյանքս… Մի օր հայելին ինձ զարմացրեց սպիտակ մազերով, կնճիռներով, երկրորդ կզակով, փորով… Տո ես շա՞տ գիտեմ էլ ինչերով: Գրեթե հասակակից մի աղջնակ մի օր երթուղայինում ինձ տեղը զիջեց` «Նստեք»:

Արդեն ձմեռ է: Ջրափոսեր չկան: Ես երբևէ չեմ էլ նկատել դրանք եղե՞լ են, թե՞` ոչ: Մեքենայի պատուհաններից քիչ բաներ են նկատելի: Սկսել եմ զբոսնել, որովհետև բժիշկն ասեց, որ շատ նստելուց է: Ու ես գիտեմ, որ կամ ծերանում են կամ դեռ երիտասարդ են: Շատ կուզեի դեռ չծերանալ, բայց կամ` կամ… Ես չգիտեմ, թե ինչ տեսք կունենամ, երբ երեխայիս դպրոց տանեմ:

Ես չգիտեմ, թե ինձ ինչպես են դիմանում: Տանը, աշխատավայրում, ընկերներս, հարևաններս… Գուցե, ինչ-որ հոգեբաններ մի օր կամ մի քանի տասնյակ տարիներ նստել ու սովորել են, անուն են դրել այս շրջանին, ինչպես դեռահասությանը կամ անցումայինը, բայց ինձ ի՞նչ դրանից, երբ վերքս չի բուժվում…

Ծխելը վնաս է առողջությանը, խմել չի կարելի, որովհետև դեղերի հետ անհամատեղելի է ալկոհոլը, ուտելիս ջուր մի խմի, ուտելուց հետո քայլի, բարձդ փոխի, ներքնակդ ավելի չոր պիտի լինի, մազերդ թափվում են ամեն օր լվանալուց, դու էլ ե՞ս էսինչյանի մոտ գնում` լավ բժիշկ ա…

Ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի մի տաս տարի հետո, բայց արդեն սկսում եմ մտածել դրա մասին:

Դու մի հավատա նրան ինչ կասեմ հիմա, կուզես` հավատա, բայց դրա համար չէ, որ ուզում եմ ասել… Քեզ թվում է… Թվում է, թե… Քո բոլոր մտքերն իմ մասին այդպես են սկսվում իրականում, բայց հավատա, որ դա տպավորության հետևանք է, կուզես` մի հավատա, որովհետև կամ ստում են կամ ասում են ճիշտը, այլ տարբերակ չկա:

Իրականում ես չգիտեմ, թե ինձ ինչ է պետք, թե քեզ ինչ է պետք, մեզ, բոլորիս: Երևի, մի տաքուկ անկյուն և հաստատակամ գիտակցություն, որ մենակ չենք մնա երբեք…

Ես կուզեի, որ դու լինեիր, չնայած, շատ ծեր եմ քո համար, բայց քեզ հետ լավ էր: Երիտասարդ զգալու էիր դրդում, չնայած, այդքան էլ չէր ստացվում: Այն ժամանակ հայելու մեջ դեռ չէի նայել:

Շատ քայլիր: Քայլելը ստիպում է մտածել: Ամեն քայլիդ արանքում դարի տևողությամբ մի միտք է, ամեն անցորդի հայացք մի նոր բառ բառարանումդ: Ես էի ետ էի վարժվել սալահատակի գծերը չտրորելով քայլելուց, իսկ այն ժամանակ անպարտելի էի… Ես երբևէ չէի մտածել, արդյո՞ք մաքուր է այն անձրևաջուրը, որ ծառի տերևները լվանալով կաթում է գլխիդ… Հիմա գիտեմ, թե ինչ են մտածում վարորդները սխալ տեղով փողոցը հատողների մասին: Ինձ վաղուց չէին հարցրել, թե ինչպես գնան այս կամ այն տեղը, որ կողմում է այսինչ փողոցը կամ որ համարի երթուղայինն է հասնում Զեյթուն (գծերով):

Ես գիտեմ, որ աշխարհում ոչ մի բան կապ չունի: Անգամ, ամենամեծ դավաճանությունները, ստերը, ցավերը… Կամ սիրում են, կամ` չէ… Ինչպես ամեն բան… Կամ` կամ…

Google