Իսկ ժամանակը կանցնի

22-01-2015

541296    Իսկ ժամանակը կանցնի… Մեր բոլորի հետ միշտ այդպես է լինում: Դու հիմա դեռ անծանոթի ու նորի խաչմերուկներում խճճվել ես, ցուցանակներով առաջ ես գնում, թվում է, թե ծանոթ վայրերում ես, թվում է, թե ճիշտ ես գնում, բայց սա միայն սկիզբն է մեծ շփոթության… Մեգապոլիսներում են այդպես կորում:

Աղջիկս, ես քեզ վաղուց այսպես չէի ասել, ես քեզ փորձել եմ սովորեցնել, որ կյանքում առաջ շարժվելիս ոչ թե պետք է շարժվել ցուցանակներով, այլ` ընդհակառակը: Գիտեմ, թե դրանք ինչքան սիրուն են, շատ ու հավատ ներշնչող, բայց ես քեզ մի երկար ժամանակ հորդորել եմ չառաջնորդվել ուրիշների ուղղորդած ճանապարհներով: Դրանք իրենց հարմարության համար ստեղծված ճամփաներ են, որ քեզ տանելու են այնտեղ, ուր բոլորն են գնում, այնտեղ, ուր նրանց է հարմար:

Նոր միջավայրում, գիտեմ, քեզ ամեն քայլափոխի, ավելի ու ավելի թվացել է, թե ես միշտ սխալ եմ եղել, թե ես այնքան հին եմ, որ անգամ էլեկտրոնային «քարտեզներից» չեմ կարողանում օգտվել, որ իմ հայացքները հնացած են, որ ես այս փոքրիկ երկրից ու կիսագավառական կենցաղից ու անցուդարձից այնկողմ ոչինչ չգիտեմ ու չեմ տեսել և ասածներս էլ միմիայն տեղավորվում են այնքան սահմանափակ տարածքում, որտեղ դու քեզ այլևս չես տեսնում:

Ես քեզ միշտ ասել եմ նորի մասին: Քեզ պատմել եմ, որ ամենամեծ մեղքերից ու սխալներից մեկը գայթակղությունն է: Ես քեզ շարունակում եմ ասել աղջիկս կամ փոքրիկս, որովհետև չեմ ուզում բաց թողնել ձեռքդ, որովհետև վստահ եմ, որ շուտով սայթաքելու ես, որ շուտով քեզ հետ ինչ-որ վատ բան է լինելու, եթե դեռ չի եղել: Սրանք փակուղի տանող ճանապարհներ են: Սխալ արժեքներ են քարոզում քեզ ամեն կողմից, որոնց դու արդեն կիսով չափ տրված ես: Լսիր, դա նույնն է, ինչ մի օր աղանդավոր դառնաս: Նոր հավատն ու եկեղեցին էլ գայթակղիչ են, այդպես սիրուն քարոզված ու ներկայացված: Բոլորն էլ համոզում են, որ իրենք են ճշմարիտը, բայց ներքուստ միշտ վստահ ես, չէ՞, թե ինչին ես դավանում: Աղանդներին տրվում են մարդիկ, ովքեր փնտրում են ինքնախաբեությունն արդարացնելու ճանապարհներ: Հիմա դու բավականին անցել ես այդ ճանապարհը:

Սկզբում զարմանում էի: Չէ՞ որ այդքան եղել ես կողքիս ու լսել ես խորհուրդներն ու խրատները, եթե ոչ իմաստուն, ապա փորձառու մի մարդու: Ախր, ոչ միայն լսել ես, այլև ինքդ ես եզրակացություններ արել ու ինքդ ամեն անգամ եկել ասածներիս: Այ դա է ճշմարիտ ճանապարհը:

Քո անհոգությունն ինձ վախեցնում է: Ու դա խանդ չի, հավատա, դու ինձ լավ գիտես: Այդպիսի անհոգություն միայն պարտված մարդիկ են ունենում, չէ, կործանված: Նրանց համար արդեն ամեն ինչ մեկ է: Այդպես հասարակության կործանված շերտերն են մտածում: Հեռու չգնանք, ամենապարզ օրինակը` պոռնիկները: Առաջին անգամ դժվար է, հետո, երբ արդեն պիտակավորվում են, իրենց մեջ եզրակացնում են, որ վերջ, հետագայում իրենց պոռնիկ են ասելու և այդքանը: Սկսում են ինքնախաբեություններն արդարացնել, թե սրա համար էր, նրա համար էր, անհրաժեշտ էր, այլ ճանապարհ չկար: Ու ժամանակի հետ հաշտվում են դրա հետ: Բայց դու լավ գիտես, որ ամեն ինչից ելքեր կան, չկան փակուղիներ, կան այլ ճանապարհներ, այլ ելքեր: Անհնարին ոչինչ չկա:

Հիշում ե՞ս «մեքենաների» մասին իմ պատմությունը: Այն, որ ես երբեք ուրիշի «քշած ավտոն» չեմ նստի, չնայած, երևի, չհրաժարվեմ «քշելուց»:

Ես քեզ ուզում եմ օգնել: Ամեն օր ես տեսնում եմ կործանվող մարդու աղերսները աչքերիդ մեջ, չնայած, թվացյալ ժպիտդ փորձում է խաբել բոլորին: Բոլորին, բայց ոչ ինձ, որովհետև գիտես, որ ես բոլորի մեջ չեմ մտնում…
Մի կողմ դիր անիմաստ գոռոզությունդ, ես քեզ վաղուց գիտեմ…

Google