Կանգառ

04-07-2015

31469536Ու նա լռում էր… Թեև ասելիք կար` որքան ուզես:

Ես ամեն վայրկյան կարող եմ մեռնել: Մի կապվիր ինձ հետ, մի փորձիր արմատներ ձգել` այստեղ ոչինչ չի աճում: Դու, մյուսը, մյուսը, հարազատներ… Քանի՞ անգամ եք փորձել ինձ հետ խաղալ, քանի՞… Պարտվել եք: Գիտես, դու բոլորից լավ գիտես, որ ես լավ եմ խաղում: Սա մեծ խաղ է ու ես էլի հաղթանակած եմ դուրս գալու: Ինչու՞: Դեռ չես հասկացել: Վստահ եմ, որ կհասկանաս մի օր, բայց ես ուզում եմ հիմա ասել, որովհետև օրն այդ չգիտեմ, թե ինչքան է հեռու…

Ինձ ոչինչ պետք չէ բացարձակ այս մեծ խաղ կոչված կյանքում: Ոչինչ: Բացարձակ: Դա բոլորը գիտեն: Դա իմ ամենամեծ խաղաքարտն է: Իսկ անտարբեր մարդն ամեն վայրկյան պատրաստ է մեռնել: Կյանքը նրա համար նույնքան անարժեք է, որքան և մահը: Կար` չկա, մեկ չէ՞:

Ես քեզ տվել եմ աշխարհի ամենամեծ նվերն ու պարտավորեցրել եմ ապրել: Ես քեզ տվել եմ այն, ինչը երբեք քեզ չի թողնի հիմարություններ անել, երբեք չի թողնի կրկնել այն քայլերը, որոնց ես ամեն վայրկյան պատրաստ եմ: Ես չգիտեմ իմ արածն ի՞նչ է կոչվում: Սու՞տ, դավաճանությու՞ն… չգիտեմ… Ամեն դեպքում, թեկուզ և քեզ խաբած, բայց և ազատել եմ ինձ քեզանից, ազատվել եմ հետևիցս չվելու քո պատրաստակամությունից: Հիմա դու արդեն պարտավոր ես… Պարտավոր ես ինչ-որ մեկ ուրիշի համար: Ու ինչքան էլ ծանր լինի իմ բացական քեզ համար ու ինչքան էլ դու խեղդվես անօդության մեջ ու սիրտդ պայթի, հիմա դու արդեն պարտավոր ես ապրել… Պարտավոր ես լինել…

Թող ինձ ներեն բոլոր-բոլոր իմ ընկերները, թող ինձ ներեն բոլոր մարդիկ, եթե մի օր իմ պատճառով արցունք նկարվի իրենց աչքերին, եթե մի օր ես որոշեմ էլ չլինել…

Ես քեզ թողնում եմ այս մեծ աշխարհը, ուր ապրել ու եղել եմ, ես քեզ թողնում եմ մի մեծ մասնիկ ինձնից, ամեն անգամ, երբ քամին շոյի գանգուրներդ, հիշիր, որ այդ օդը մի ժամանակ շնչել ու արտաշնչել եմ ես: Ես քեզ թողնում եմ իմ բոլոր կիսատ տողերը, իմ բոլոր ասած ու չասած բառերը, իմ ներկերը, իմ կիսատ, անավարտ նկարները, իմ տնկած վարդերն ու ցավի միջից հազիվ դուրս պրծած ժպիտը…

Ներիր ինձ ու թե մի օր էլ չլինեմ իմացիր, որ քեզ միշտ սիրել եմ: Անսահման: Ու բաժին հանիր նրան այդ անսահման սիրուց…

Google