Կապույտ բաճկոն, գանգուր մազեր

31-12-2011

533_460517830658540_1788696788_aՀին քաղաքն էր նույն, աղմուկները նման, խաչմերուկները փոքր: Նա քայլում էր գունատ, գլորվում էր դանդաղ ու քշում էր, ավլում էր քամին տերևների ու փոշու հետ փողքերը նրա վերարկուի: Իսկ նա տիկնիկ էր: Երկար վիզ ուներ, զարմացած աչքեր ու սպիտակ սպիտակ հայացք: Նա քայլում էր անփույթ ու օտար էր այդտեղ: Իսկ քամին քաշքշում էր գլխարկի տակից դուրս ցցված մի քանի մազերն ու շարֆն անընդհատ փաթաթում աչքերին: Քամին ու էլի ինչ որ բան գզգզել էին տիկնիկին: Բայց նա չգիտեր, չէր հասկանում դա: Կամ իրեն մեկ էր: Կանգառներում զանգվածներ էին ինչ-որ, խաչմերուկներում անհամբերություն, ատելություն ու ծուխ: Բայց քամին անընդհատ փաթաթում էր շարֆը նրա աչքերին ու քաղաքն ինչպես միշտ, այսօր էլ, դատարկ էր: Թերթ ծախողները մեծ, ծանր քարեր էին դրել սեղանների վրա, ծաղիկներն անհետացել էին, արևածաղիկները հեռանում էին: Խանութների թափանցիկ դռների մոտ կանգնել էին աշխատողներն ու նայում էին դուրս, վզներից կախած գունավոր թելերով անուն – ազգանուններն իրենց ու նկարները` միշտ անհաջող: Գուցե անձրև՞ էր գալիս: Նա նայում էր բազմատառ ու գունեղ տառերին խանութների ու ապակիների ետևում ինչ-որ բան էր փնտրում: Չնայած, այնպես էր, որ գիտեր, թե ուր է գնում ու ինչի համար: Նա վաղուց էր որոշել, թե ինչ նվիրի ինքն իրեն ծննդյան օրն ու երեկ աշխատավարձ էր ստացել… Դեռ գիշերվանից շնորհավորանքներ էին, առավոտյան աշխատավայրում ծաղկեփունջ, մի քանի ժամից ռեստորանում սեղան` երկու հոգու համար… Նա միշտ մտածում էր, թե այդ օրը մենակ ինքն է ծնվել ու միշտ բոլոր ծանոթներից հարցնում էր, և ամեն անգամ ինքն իրեն հաստատում, քանի որ այդքան մարդկանց մեջ ոչ մեկի ծննդյան օրը չէր համընկել երբեք… Ու նա ուրախ էր դրանով միշտ, որովհետև էլի ինչ-որ բանում ինքն այդպիսի յուրահատուկն է, ինքն այդ մեկն է ու անկրկնելին… Ապակե մեծ դուռ էր: Հրեց, մտավ ներս, չնայած, ինքն իրեն մտածեց, որ եթե քաշեր էլ կբացվեր: Բարի ժպիտով ու ուրախ դեմքով մի աղջնակ մոտեցավ, բարևեց ու չվերջացող ժպիտով սկսեց սպասել:

– Ես մեկ շաբաթ առաջ այստեղ պայուսակ եմ տեսել, սպիտակ, մորթե բռնակներով ու ոսկեգույն ճարմանդով: Հենց այստեղ էր դրված:

– Հա, ես ձեզ հիշում եմ, դուք էլի էիք եկել, բայց գիտե՞ք, քիչ առաջ, ուղիղ տաս րոպե առաջ մի տղա եկավ ու գնեց այն:

– Տղա՞:

– Հա, գանգուր մազերով տղա էր` կապույտ բաճկոնով, ասաց, որ նվերի համար է ու մենք էլ փաթեթավորեցինք: Կներեք, որ զգուշացնեիք նախորդ անգամ, մենք այն անպայաման կպահեինք ձեզ համար:

– Չէ, ոչինչ, շնորհակալություն, ավելի լավ, – ու տիկնիկը փոխադարձ ժպտաց: Նա դուրս եկավ խանութից ուրախ` հուզմունքն ու երջանկությունը փոքրիկ աչքերում սեղմած, նա սկսեց արագ քայլել, սկսեց գլորվել քամուն փաթաթված: Մտածում էր, թե ինչպես է մի քանի ժամ հետո խորամանկ նայելու այդ գանգուր մազերով ու կապույտ բաճկոնով տղայի զարմացած աչքերի մեջ ու ասելու, որ հորոսկոպում գրված էր, որ ինքն այսօր պայուսակ է նվեր ստանալու սիրելի մարդուց ու կիսալուսնաձև ժպտալու` «իբր չստացված» անակնկալի ողջ մեղքը գցելով աստղերի ու աստղագուշակների վրա: «Բա՞, -կասի ինքը,- իսկ դու չէիր հավատում»: Մի պահ կանգնեց, ասես, մոռացել էր մի մեծ, շատ մեծ ու կարևոր բան: Բայց իրականում նրա հայացքը քարացել էր դիմացի մայթին: Կապույտ բաճկոնով, գանգուր մազերով, հաղթանդամ մի տղա տաքսի էր կանգնացնում, ձեռքին` կարմիր ժապավեններով զարդարված թափանցիկ տուփի մեջ` այն նույն պայուսակը…

Google