Կարծում էի, թե…

31-12-2011

544695_460521250658198_1652837640_aԵրկար էի մտածում, թե ինչ գրեմ քո մասին, երկար էին ապրումներս, մի ամբողջ կյանք էինք միասին ապրել: Դու իմ լույսն էիր, միակը կյանքում… Տես, եղել են, շատերն են եղել, բայց դու էլ գիտես, որ դու լրիվ այլ աշխարհ էիր… Ես բացում էի աչքերս ու միշտ կյանքս լցվում էր քո լույսով, այն ուրախությամբ ու ժպիտներով, որ քո մասին մտածելուց էին ծնվում: Ինձ հերիք էր միայն լինելդ, այն, որ գիտեի, միշտ կաս, միշտ լինելու ես կողքիս, միշտ օգնելու ես ինձ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Ու դու միակն էիր, ով ինձ չէր դավաճանել… Մենք հանդիպեցինք իմ կյանքի ամենաբարդ ու դժվարին փուլում և ես մի պահ ուրախացա, որ Աստված վերջապես հակակշիռ ստեղծեց իմ դժվարություններին, որ ուղարկեց քեզ, որ ես հանգիստ կբռնեմ ձեռքդ ու կանցնեմ ամեն ինչի միջով թեթև ու վստահ: Ինձ միշտ օգնում էր քո հավատը, ես միշտ հենվում էի քո լուսավոր ուսին ու չէի ընկնում դժվարությունների բեռի տակ… Ոտքերս չէին ծալվում ու ինձ թվում էր, թե ես եմ ուժեղ… Այնքան լավ էր քո հետ… Իմ վստահելի… Կյանքում քեզ շատ բաներ եմ ասել, տարբեր բառեր, որոնք ընդամենը բառեր են եղել, որոնք ուղղակի ասվել են ու վերջ… Բայց երբեք չեմ կարողացել ասել այն, ինչ զգում եմ իրականում, ախր դա անհնար է ասել… Գուցե, հիմա եմ գնահատում այն , ինչ ունեցել եմ, գուցե հիմա, երբ չկաս, ես զգում եմ այդ պակասն ամեն ինչի ու թվարկում դատարկները բոլոր անքեզ… Հավատարիմս… Ես, որ պատրաստ էի կյանքս տալ քեզ համար, ես, ում համար ամբողջ կյանքդ զոհասեղանին դրեցիր… Ես… Քեզ ուրացա… Ծախեցի քեզ, լսու՞մ ես, փոխեցի ինչ-որ անիմաստ ու անապագա բաների հետ… Ու դա նրանից է միայն, որ շատ էի երես առել… Ամեն վայրկյան իմ կողքին էիր դու, ամեն վայրկյան ես զգում էի քեզ ու կարծում, որ դու միշտ կլինես… Ախր, վստահ էի… Այդպես մի օր մենք մեր ծնողներին ենք թաղում, երբ ոչ մի վայրկյան չենք մտածում, որ նրանք մի օր էլ չեն լինի ու հետո միայն դագաղի կողքին նստած ասում բաներ, որոնք նրանց հաստատ կապրեցնեին ևս մի քանի երկար ժամանակ… Չէ, մենք սովոր ենք ցավացնել, մսխել մեր ամենահարազատներին, ամենանվիրյալներին ու հետո տանջվել… Հարազատս… Երբեք չես հասկանա երևի, թե ով ես եղել կամ ինչ ես եղել իմ համար, երբեք չես իմանա այն, ինչ կա իմ ներսում… Քեզ խաբում են գիտե՞ս, հիմա քո աչքերը կապում են, քեզ խաբում են, լսի’, հավատա ինձ մի օր վերջապես, հասկացի’ր, որ հիմա քեզ փոխում են, ուզում են դարձնեն իրենցը, մեկը իրենցից, որ դու չլինես այդպես լավը, այդքան լուսավոր ու այդքան տարբեր… Հիմա ուզում են , որ մնաս անինձ ու լինես հասարակ, դառնաս սովորականը… Լսի’ր ինձ, էլի, մի’ թող, որ մեռնեմ…

Google