Կարոտ

31-12-2011

602334_460526580657665_1705121998_aԱնգամ ծուխն է օդում անշարժ… Ու գլուխս, որ աներևույթ, մերկ թելերով կապկպած էր իմ ուսերին, շուռ է գալիս…Ու թափվում է մեջից հիմա մի մտքաբույլ, մի խուրձ կարոտ, երազանքներ ու տխրություն… Գլորվում են դրանք դանդաղ ողջ սենյակիս ճեղքերով մեկ, մահճակալիս տակ են լցվում, անգամ պատի անկյուններում կուչ են գալիս խեղճ լռությամբ և ներկում են ողջ իմ տունը քո կարոտի վառ գույներով… Քո աչքերի կանաչ խաղի, ծովի նման մամռակալած, բայց լուսավոր այդ իքս գույնով… Իմ շորերի ամեն ծալքից, վարագույրի խիտ շղարշի արանքներից, մինչև անգամ բարձիս միջից քո հրաշեկ մարմի լույսն է աչքս ծակում ու փայփայում մաշկը գլխիս… Աներևույթ քամու նման խճճվում է մազերիս մեջ, երակներիս միջով հոսում ու լցվում է ոտքերիս մեջ, ծանրացնում է… Քո կարոտը ինձ մեխում է ամեն անգամ մի տարբեր տեղ, ուր էլ լինեմ ինձ գամում է այդ ուր-որին, ինչպես ծանր հողով պարկը գործից հետո խեղճ բանվորին… Քո կարոտը հազարավոր միջատների նման համառ տրորում է ողջ մարմինս, ասես դրանք դուրս են եկել իմ մարմնի ողջ երկայնքով վազվզելու… Բայց ո՞նց ասեմ, որ առանց քեզ, քո լինելու գիտակցության, ես մնում եմ մի ահռելի տիեզերքում ինքս ինձ հետ, չէ` միայնակ, որովհետև ես քեզ հետ եմ, որովհետև հենց այն եսը, որի հետ էլ պիտի մնայի մենակության նման ապուշ մի վիճակում, արդեն չկա… Քե~զ եմ տվել… Քեզ եմ տվել անգամ օդս, ու հիմա ես անշարժացած, անծայրածիր մի միջանցքում անինձ ընկած, մտածում եմ, որ քո մաշկը դեղձի նման փշեր ունի, որ երբ մի օր իմ ձեռքերը վախվխալով շոշափում էին ուրվագիծդ, ես զգում էի, ասես դեղձ եմ հիմա շոյում ու դրանից ամբողջ հոգով ու ոտքերիս ծայրով անգամ դողդողում էի… Ես հոգնել եմ կարոտելուց, այնպես, ինչպես հիմա գիտեմ դու ես հոգնել իմ և եղած և չեղած այս լինելուց, որովհետև այսքան հեռու, ինչքան հիմա դու ես ինձնից, ես չեմ եղել երբեք կյանքից… Որովհետև, երբ դու եկար իմ ողջ կյանքը տարար քեզ հետ, որովհետև ես կարող եմ քե’զ հետ ապրել, որովհետև չկա այլ կերպ հիմա արդեն… Որովհետև… Ո՞նց բացատրեմ…

Հ.Գ. Քո կարոտն ամեն օր ստիպում է ինձ լացել, ստիպում է ատել ամեն ինձ շրջապատող բան, ամեն մի գոյության ձև, որովհետև երբ դու չկաս, ես ինքս չունեմ այդ գոյության ձևը… Բայց միայն այն մտքից, որ մի օր հենց ես եմ լինելու քո վերադարձի ներկան ու վերադարձդ միայն իմն է, ես ժպտում եմ բարի բարի ու բերկրանքով սպասում քո կանաչոտ աչքերի թախծոտ ուրախությանը…

Google