Կգա՞ս

31-12-2011

599159_460520773991579_912126560_aՍառած էր քիթդ այդ օրն ու հայացքդ փախցնելով մերթընդմերթ նայում էիր կիսով չափ դեմքդ ծածկած շարֆի տակից: Այդ օրն այնքան ուրախ էի, այնքան հպարտ էի քայլում կողքովդ, երբ չափչփում էինք ձեր բակերը, այնքան լավ էի ինձ զգում: Ժամանակը քիչ էր, ուշ երեկո էր ու դու պիտի տուն բարձրանայիր: Հետո համբուրվեցինք առաջին անգամ ու ես մինչև տուն լեզվով շուրթերիս հետ էի խաղում, որ զգամ քո հետքերը դրանց վրա, որ մի փոքր քիչ կարոտեմ քեզ: Կանցնի մի քանի օր և մեր հերթական հանդիպումից հետո ես ամուր ամուր կփաթաթվեմ քեզ մուտքում ու կխնդրեմ, որ երբեք ինձ մենակ չթողնես, երբեք-երբեք… Ինչ էլ լինի… Ու դու կխոստանաս… Դու ինձ խոստացար…

Ու՞ր ես հիմա, հարազատս, ի՞նչ ես անում… Ես այնքան ունեմ քո կարիքը այժմ, այնքան շատ եմ ուզում լինես, որ դնեմ էլի գլուխս ծնկներիդ ու պատմեմ, որ կորել եմ, որ կորցրել եմ ինձ, քեզ, որ դարձել եմ օտար ինքս ինձ համար, դարձել այլմոլորակային: Ու՞ր ես: Խոստացել ես, չէ՞: Խոստացել ես նույնիսկ այն դեպքում, երբ ես գնամ քեզնից, երբ աշխարհը փլվի, երբ չլինեմ էլ ես… Իսկ աշխարհը փլվում է ու ես էլ չկամ: Ու՞ր ես, ի՞նչ ես անում, հրաշքս… Ի՞նչ կարող ես անել դու ինձանից այսքան հեռու, երբ այսքան շատ ես ինձ հարկավոր, երբ անհրաժեշտ ես ինձ… Հիշու՞մ ես… Մի ժամանակ դու իմ մեջքն էիր: Ես հենվում էի քեզ ու ապահով էի, հիմա դատարկ է թիկունքս, հիմա չկաս դու… Դու, որ պարտավոր էիր լինել, դու, որ… Դու… Դու էիր: Ամեն անգամ ես սպասում եմ, որ ուր-որ է հիմա կզնգա հեռախոսս ու ինձ կասես. «Կարոտել եմ, ուզում եմ տեսնել քեզ»: Չէ, հիմա դու այդպես չես ասի… Գիտես, ախր զգում ես, ամեն ինչ գիտես: Ախր, գիտես, ուրեմն ինչի՞ չես գալիս ու փրկես ինձ այս ամեն ինչից, ինչի՞ չես պահում խոստումդ… Ես քեզ հավատում էի, հավատում եմ… Ու գիտեի նաև, որ ամեն ինչ կփչացնեմ, դրա համար քեզ այն գիշեր մուտքում խնդրեցի, որ խոստանաս երբեք-երբեք ինձ մենակ չթողնել, նույնիսկ եթե ես ուզեմ… Ու դու խոստացար… Հինս, միակս, հարազատս, թեև ես ծնկի եմ հիմա ու արյուն է կաթում իմ աչքերից անգամ ու քո կարիքն ունեմ ավելին, քան երբևէ կյանքում, ես գիտեմ, որ ուզում ես գնաս, ես տեսնում եմ ծիծաղդ հեռուների միջից, այն ծիծաղը, որով երջանիկ էի ես միշտ, դրա համար ես չեմ կանչում էլի, դրա համար ես ուզում եմ գնաս, գնաս, որ լավ լինի կյանքումդ ամեն րոպե հետո, որ իմ սիրուն կարոտ դու չմնաս մի օր ու արտասվես կամաց, կամ տնքաս այդ նոր ցավից… Ես տեսնում եմ արդեն, որ լավանում են վերքերդ դանդաղ, որ չի ցավում հիմա մի տեսակ էլ ոչինչ, որ դատարկ եմ, չկամ, քո կյանքի համար նույնպես, դրա համար երեկ, երբ ցավում էր սիրտս, երբ բազմոցին պառկած հին բարձերն էի կծում, երբ անզոր էին արդեն ամեն տեսակ դեղեր, երբ խմիչքն էլ նույնպես ոչինչ չէր ամոքում, ես գրկել էի նկարդ ու խոսում էի քեզ հետ, ես պատմում էի ցավս, գիշերներս անքուն, սխալներս նորից, ճամփաներս կորած… Դու լսում էիր գիտե՞ս, դու միշտ զգում ես ցավս… Ու թե թվա՞ց մի պահ, թե՞ իրոք էր այդպես, բայց ես տեսա ինչպես քո նկարն էր լացում, քո նկարը ձեռքիս այնքան տխուր էր, լուռ, այնքան բառեր կային չասված, բայց ներում կար քնքուշ… Գնա, կասեմ քեզ կամաց, որ երջանիկ լինես անինձ, որ հեռանաս հպարտ, բայց իմ մեջ… Գիտե’ս, վստա’հ եմ, գիտե’ս, որ ես ասում եմ. «Արի, տար ինձ, արի փրկիր ինձ, խնդրում եմ… Արի…»:

Google