Կիսակյանք

31-12-2011

21634_460502313993425_2038428111_aԹե ուր եմ գնում, որտեղից եմ գալիս, արդեն ինքս էլ չգիտեմ… Հերթով ամուսնացնում եմ իմ բոլոր աղջիկներին, իմ բոլոր կանանց, որոնց ես նվիրվել եմ մի ողջ երազանք: Մի ողջ անհայտ պատկերացում ես համարել եմ նրանց իմը, մի ողջ անվերջություն ես փախել եմ մեկից, որ մյուսները չիմանան, ես համարս եմ փոխել, ամեն հանդիպումից առաջ հեռախոսիս էկրանին տարբեր նկարներ են եղել, որ չմատնվեմ… Բայց ես սիրել եմ բոլորին… Քմծիծաղով կմտածեն, թե չգիտեմ ինչ է սերն իրականում , այլ հեշտության բառեր են, որ շպրտում եմ հիմա ու փորձում արդարացնել դավաճանություններս, բայց ես եմ այն մեկը, այն միակը, ով իրականում հասկացել է, թե ինչ է սերը: Բոլոր աղջիկներին ամուսնանալ է պետք, դրա համար ես տխրում եմ հարսանիքի ձայներից… Բոլորին օրինական ամուսին է պետք, ընտանիք… Իմ աշխարհում , ուր հիմա մենակ ես եմ մնացել, ամեն ինչ արդեն սառել է ու ցուրտ է… Պոետական մեծ ժամանակն անցավ, եկավ լրջանալու ու մենակության դաժանությունը: Քո ծննդյան օրը նա կնշանվի, ես արդեն հիվանդագին չեմ նայում դրան, քո ծննդյան օրը դու անինձ կլինես, կլինես քոնի, օրինականի հետ, իսկ ես քարշ կգամ էլի փախչելով շատերից, որոնք արդեն գնալով քչացել են ու ինձ պետք էլ չեն նորերը: Իմ աշխարհում հիմա մեծ դեպրեսսիայի ժամանակն է: Հեղափոխություններ էլ են լինում, բայց ոչ թե կառավարիչներ, այլ արժեքներ են փոխվում: Նա ինձ չի թողնի հիմա շատ անկեղծանամ, որովհետև պատասխաններ է պահանջելու վաղը, նա չի հասկանում, որ գրելու աշխարհը  պետք է սահմաններ չունենա… Ես հասկացել եմ, որ ինչ գրել եմ, դա եղել է մինչև ինքը: Հիմա մտորումներ են լոկ, հիմա չկա պոեզիա, հիմա չկան ծափեր… կենցաղ եմ դարձել: Քեզ խոստացել էի ես նամակ գրել, բայց էլ չեմ գրի, իմաստ չկա այլևս ծաղրածու ձևանալ: Այս պահին ինձ խանգարում է այն մեկի զանգերը, ով այդպես էլ չկարողացավ կիսել իմ բախտի դժբախտ ծանրությունը, ում համար ես օրինակելի ամուսնու հույսն էի… Բոլոր ամուսնացողներդ էլ սկսում եք մտածել, որ ընկերներ էինք մենք, մի օր նա էլ այդպես կկարծի, երբ դադարի նրա զանգերից հեռախոսիս անջատվելը, երբ ես ստիպված չլինեմ քնել, որ խուսափեմ անիմաստ խանդոտ խոսակցություններից… Ոչ ոք երբեք չի հասկանա, որ ես բոլորինն եմ ու բոլորն էլ իմն են… Որ ես հավերժ սիրում եմ, որ ինձ մոտ սերն ու զգացմունքը երբեք չի անցնում… Որ ինձ խանդել պետք չի, անիմաստ է շատ, որ իմ համար լավ ու վատը, գեղեցիկն ու տգեղը չկան… Ես սիրել եմ միշտ աղջիկների խելքը, ես սիրել եմ, որ դատարկ չեն եղել, որ կիսել են ինձ հետ իմ նկարները, որ իմ տողերով են ապրել մի կարճ պահ: Ու հերթով կամուսնանան իմ աղջիկները բոլոր, այդպես ես միշտ ընկերներիս եմ թաղել, երբ մի առավոտ իմացել եմ, որ մեկն էլ չկա… Մի օր ինձ էլ կթաղեն նրանք, ովքեր դեռ հիշում են անունս, իսկ շատերն իրենց ամուսինների գրկում կլացեն թաքուն, կդատարկվեն ինձնից ու կլինեն երջանիկ, կապրեն առաջվանից թեթև ու կուրախանան… Այդպես մենք միշտ հին շորերն ենք թափել, երբ անընդհատ հավատացել ենք, թե դրանք երբեք չեն մաշվում…

Google