Կիսանամակ

05-02-2014

1393814_617514141625574_1829664266_aԵս չգիտեմ ինչ եմ դարձել հիմա ու ինչ կթողնեմ ինձանից հետո… Բայց ավելացել են գայթակղություն կոչվող մեղքերս հիմա, որոնցից ավաղ էլ պրծում չկա:

Ես լավ գիտեմ, թե ինչ ես հիմա զգում դու: Ինչ եմ տվել քեզ այն ամենի փոխարեն, ինչ արել ու անում ես իմ կյանքում ամեն բացվող օր: Լսիր, ես երազել եմ երբեմն, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել էր ու բոլորը գիտեին:

Սա քո մասին իմ երկրորդ պատմությունն է: Առաջինի գոյությունն այդպես էլ չես գիտակցի, եթե մի օր քեզ չասեմ, չնայած բոլորից ու անգամ ինձնից էլ լավ ես ճանաչում ինձ արդեն:

Ես երազել եմ չձևափոխված ու հին մեր ժամանակների մասին, որոնց ընթացքում մուլտեր էին պլաստիրինե և դեմքեր կարմիր կամ հարթ: Հիմա վստահ եմ, որ հասկացար, թե ինչ եմ ասում: Ես քեզ նամակ կգրեի, բայց այդքան ուժ չունեմ, որովհետև նամակի սկզբում կա հստակ մի տող. հասցեատերն է, իսկ այս վերացական ու ակնարկալի տողերը, թեև անկեղծ են, բայց միշտ տեղ թողնում եմ անհասցեատեր լինելն ապացուցելու համար: Որովհետև ամբողջ կյանքս անցավ անհասցե ու անհասցեատեր: Դու դա ինձնից լավ գիտես: Իսկ միակ բանը, որ ես միշտ ու հիմա ամենալավն եմ իմացել, դա այն է, թե ինչ ես զգում դու… Հավատա:

Ես երբեք չէի երազի, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես ի սկզբանե էր, որ ամեն ինչ այսօր այսպես չլիներ, եթե վստահ լինեի, որ մի օր նորից չեմ փչացնելու: Գիտե՞ս մի անգամ դու էլ ասեցիր, որ ամեն ինչ փչացրինք, բայց հավատա, որ երբեք ու անգամ հիմա, այս անելանելի վիճակում ես այդ մտքին մինչև վերջ չեմ եղել: Եթե ասեմ օգնիր ինձ, որ դուրս գամ, սուտ կլինի, որովհետև ոչ թե ես ինքս էլ չեմ ուզում մինչև վերջ, այլ այն պատճառով, որ բանը բանից անցավ: Ես գիտեմ, թե որն է ամենամեծ խնդիրը, ես դա հասկացել եմ: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում փնտրել եմ ու փնտրում եմ: Ես երազում էի աշխատանքիս մասին ու ունեցա,  բայց հետո սկսեցի այլ բան փնտրել, որովհետև մինչև վերջ չգնացի, մի պահ էլի կանգ առա, որոշեցի, որ սա չէր իմ որոնածը ու կիսվեցի: Հիմա աստիճանաբար հասկանում եմ, որ վերջիվերջո, դա էր փնտրածս:

Հետո հասա քեզ: Ես գիտեի, որ կաս: Ես բոլորին կորցրեցի, որ դու մնաս, որ լինես իմը, իսկ հիմա, երբ առավել քան իմն ես, ես թեքվեցի ճամփից ճշմարիտի ու ընկա ձորը, որից դուրս գալու ելքեր դեռ չկան: Պատկերացրու, ես անդունդում եմ հիմա, իսկ դու վերևում, շատ վերևում, բայց ուզում եմ քեզ պահել: Ես ուզում եմ, որ դու միշտ լինես: Ինչ էլ լինի ինձ հետ, ես միշտ իմանամ, որ դու կաս: Հիմա դու արդեն չես հասկանում ինչ եմ զգում ես, որովհետև քեզ թվում է, որ դառնում եմ կարմիր դեմքով մարդկանցից, որովհետև չեմ հասկանում ինչ եմ ուզում ու ումից ու ինչի համար: Ես վերջում պետք է գրեի, որ ինչ էլ լինի, իմացիր, որ ես քոնն եմ, քո անբաժան կտորը կամ ոչմեկինը: Իմացիր, որ ելքեր էլ չլինեն, միշտ կա այն միակ ու ամենահեշտ ելքը: Ելքը խաղից: Ես անպարտ եմ թվացել քեզ միշտ ու նույնիսկ, եթե դա այդպես է, ապա իմացիր, որ շատ ժամանակ համակարգչով խաղում անընդհատ պարտվելուց հետո ես այն ուղղակի խաչուկով փակել եմ: Ու մի կասկածի:

Ես քեզ երբեք էլ ոչինչ չեմ ասել ու չեմ էլ ասի, որովհետև ես չասող եմ: Դրա համար ներսից եմ փտում: Շատ ժամանակ դու ինձ չես հասկացել, գիտեմ, շատ ժամանակ ես դավաճան եմ զգացել ինձ ու հուդա, շատ ժամանակ ուրացել եմ քեզ, բայց դա էլ դեռ վերջը չի: Այսքան լավ ես ինձ ոչ մեկի հետ երբեք չեմ զգացել: Ես քեզ կյանքում սեր չեմ խոստովանել ու չեմ էլ անի (չգիտեմ ինչի): Բայց ամեն ինչ եղել է ինչպես նախանշված ու ի վերուստ տրված: Այնպես, ինչպես մի չգիտեմ ինչ օր ինչ-որ սենյակում դու գետնին պառկած էիր ու հերթական մուլտն էինք փնտրում: Հետո դու գնացիր: Ինչ որ ժամանակ հետո: Ես էլի ափսոսացի, որ քեզ բաց եմ թողել, բայց էլի բան չասեցի: Ու պատմություն գրեցի օդանավակայանի ու ճանապարհների մասին, քո անունից իմ մտքում ինձ նամակ գրեցի… Թվում էր հանգստացա:

Դու իմ ճակատագրի կինն ես ու դու հետ պետք է գայիր: Պիտի գայիր այնպես, որ երբեք ոչ մեկ, անգամ ես, չկասկածեինք, թե դու երբևիցե կլինես իմ կինը: Ու երբ ես հասկացել էի արդեն ու բոլորը գիտեին, ես ընկա ձորը, որը վաղուց էի փորել: Ու հիմա փրկություն չունեմ, լսու՞մ ես: Ես չեմ ուզում դու գաս ինձ հետ: Ես ուզում եմ մնաս այդտեղ ու սպասես ինձ, դու երբեք չգնաս այդտեղից ոչմիտեղ, որովհետև ես հետ եմ գալու, խոստանում եմ: Ես քեզ խոստացել եմ, որ քոնն եմ լինելու չեմ թողնելու քեզ մենակ կյանքում – կյանքում, հիշու՞մ ես:

Սերը դրանք նամակները չեն, դրանք վարդերն ու զարդերը չեն, ոչ էլ խոստովանություններն ու համբույրները: Դա երբեք ոչ մեկ չի զգում իր մեջ, եթե անկեղծ լինենք: Ես գիտեմ, երբ գրկում ես ինձ սառը – սառը ու խոսքեր էլ չեն լինում ասելու, բայց երջանկությունը հոսում է երակներիս միջով, դա հենց այդ սեր կոչվածն է, դա այն է, երբ ես անզորությունից ու իմ բոլոր անհաջողություններից լցված քո վրա եմ թափում իմ բարկությունը ու դու քո ուռած, բայց պարզ աչքերով նայում ես դեմքիս ու դիմանում ես ու ինձ ներում ես ու ինչքան էլ քեզ ասեմ գնա, երբեք էլ չես գնում (ու չես գնա), այ դա հենց այդ անտեր սերն է, որը ես ունեմ հիմա, բայց արդեն շատ ուշ է…

Տուր ինձ կյանքդ ու ապրիր ինձ համար: Ես մի օր կգտնեմ ելքը այս իմ սխալ կյանքից, ուր արժեքներս թվացյալ փոխվել են, ուր բացի իմ տալուց ուրիշ ոչինչ չունեմ, ու վստահ եղիր, որ այս անգամ ես մինչև վերջ քեզ հետ եմ: Ես գիտեմ, որ քեզ ոչինչ պետք չի, ոչ մի բան առհասարակ ու իմացիր, որ ինձ նույնպես: Մի օր ես խոստանում եմ, որ իրար հետ կկորենք ինչ – որ գրողի ծոց ու բոլորից հեռու կշարունակենք այն, ինչ սկսվեց մի օր անկախ մեր կամքից: Ես զզվել եմ այս անիծյալ թատրոններից, այս կեղծ ժպիտ – հայհոյանքներից, այս անշնորհակալ բոլոր ժեստերից, օրացույցում նշված ծնունդները շնորհավորելուց, անհաստատ ընկերներից, որոնց համար մեկ ես, թե դու, թե քո ամեն րոպեն: Իսկ ես գտել եմ այն միակ մարդուն, ով հավատարիմն է:

Բեր այսօր ես ինքնուրույն հանեմ իմ կոշիկներն ու արգելեմ քեզ մտնել իմ սենյակ: Այսօր ես պետք է լացեմ չլացած բոլոր օրերիս ու կյանքիս բոլոր սխալների համար…

24.10.2013թ.

Google