Կիսատ

27-07-2014

1574Անավարտ երկտողի պես է…

Ամեն գլորվող օրը թվում էր, թե մոռացման է տանելու:

Ես ինքնաարդարանում էի օրացույցի փոխվող սյունակների հետ…

Ամեն վայրկյան ուզում եմ պատկերացնել, թե ինչ ես այդ պահին անում դու: Ամեն փոխված օր մի ծանր քար է, որ դիզվում է վրաս… Ներման մասին խոսք լինել չի կարող, դա առհավետ բացառված է, բայց այս իքս զգացողությունը փչացնում է կյանքս…

Մղձավանջս ես:

Ամեն օր պարտադիր ես մտածում եմ քո մասին: Քո մասին մտքերն ամեն ինչ թունավորում են: Ես քեզ չեմ ատում, ոչ էլ քո գոյությունը: Ես զզվում եմ իմ այս անզոր կամ թույլ վիճակից, որ չեմ կարողանում հոգեպես տոկուն լինել, վիրաբույժի նման վերցնել ու կտրել քեզ, դուրս շպրտել իմ կյանքից այնպես, ինչպես մի օր տանից…

Քեզ չեմ խղճում:

Վստահ եմ, որ կյանքի այս փուլը քեզ համար ոչ մի նշանակություն չունեցավ… Դու շարունակում ես ապրել այնպես, ինչպես միշտ ես ապրել, երբ ես կայի, երբ չկայի, երբ փոքր էիր, երբ ՆԱ կար, երբ չկար… Ինչի՞ց է, որ իմ մոտ այդպես ապրել չի ստացվում, ինչի՞ց է, որ ես ուղղակի քարշ եմ տալիս գոյությունս ու ամեն օրը ապրում այնպես, ասես` վերջինը:

Չգիտես ինչի վստահ եմ, որ դու տեսնելու ես մահս: Ժամանակ կար, որ ես երազում էի տեսնել քոնը: Դա ազատագրման թվացյալ բանալի էր դարձել ինձ համար: Հետո անցավ, հետո ամեն ինչ անցավ: Երբեմն ես ինձ հարցնում եմ, թե ի՞նչ պատճառ կար: Հետզհետե ես մոռանում եմ այդ հարցի բոլոր պատասխանները հերթով: Արդեն սկսել է թվալ, թե դու անմեղ ես, ինչպես փոքրիկ երեխան, որ ողջն իմ երևակայության կամ թվացյալ մեղքի, չափից դուրս գոռոզության արդյունք է:

Չգիտես ինչի, դու մաքրագործվում ես ակամա ու քո բաժին մեղքն անցնում է իմերի շարքն ու վերջում հանգում եմ մի հարցի. «Ի՞նչ է եղել, որ…»:

Ես եմ:

Ես քո շարունակությունն եմ կամ դու իմ սկիզբն ես, իսկ դրանից հրաժարվելն անհնար է, չնայած բառերով հնարավոր է ամեն ինչ: Բայց ես ատում եմ անարդյունք բառերը: Դրա համար հրաժարվում եմ ինձնից, իմից, իմ բաժինից: Այդքանն եմ կարող:

Չգիտես ինչի, բայց համոզված եմ ու չափազանց վստահ, որ դու տեսնելու ես մահս, որովհետև ես պատրաստ եմ մեռնելուն ամեն րոպե… Չգիտես ինչի… Դու ոչինչ չգիտես, չես իմանա երբեք…

Google