Կներես

31-12-2011

63339_460524027324587_1959071348_aԻնչքան հզոր պիտի լինեմ հիմա, որ ողջ ուժս լարած` ես քո մասին երգեմ: Ես քո մասին երկնեմ իմ տողերով աղքատ, իմ բառերի չնչին պատկերների շարքով քեզ նկարեմ նորից իմ սուտ կյանքի էջին, որ զարդարվի մի նոր, մի հրաշող լույսով իմ զնդանը անքեզ, իմ սուտ կյանքը նվաստ… Ի՞նչ իրավունք ունեն մատներս դավաճան նորից զգալ քեզ կամ քո մասին գրել, երբ նվերի նման, անպետք մի խորհրդի` քեզ ծախեցի մի օր, մի օր` երկրորդ անգամ…

Դու ինձ տվեցիր կարոտդ չքնաղ, կիրքդ կատաղի ու շոյանքդ հեզ: Ամեն ամեն բան, ինչ որ կարող էիր դու ինձ տվեցիր զավակի նման… Դու պարուրեցիր կյանքս գարունով ու վերջալույսիս արշալույս դարձար… Երեսուն արծաթ արժեր իմ սերը, ու՞ր էին քեզ տանում մատներս ծախու, ու՞ր էիր ինձ գրկած ապաստան դառնում, ու՞ր էիր մեջք տալիս, ու՞մ էիր հավատում… Ես խաբել եմ քեզ, հարվածել մեջքից, ես ընկած տեղն եմ անգամ քեզ խփել, ես ուրացել եմ հարյուր մեկ անգամ, ես դավաճան եմ, լսու՞մ ես ինձ, հը՞… Մինչ քեզ հասնելը Աստծուս էի ծախել, մի պարկ մեղքեր էի շալակել ուսիս, պատվիրաններն էի խմբագրում մթում ու ու՞ր էր Աստված, երբ հայտնվեցիր… Ես անարժեք էի, անհավատ ու ստոր, ես վաճառվում էի ում որ պատահեր, ինչ որ պատահեր, երբ որ պատահեր… Ես ինձ մսխում էի, ես քեզ ծախսում էի…

Ես չեմ ապրել անքեզ, տես, չեմ գիտակցել սա… Դու ինձ դարձրիր ճիշտ ճանապարհի, դու ինձ մաքրեցիր մեղքերից բոլոր, դու իմ մեջ նորից սերդ ցանեցիր, որ վաղվա համար հավատներ աճեն… Ես չդարձա երազանքդ երբեք, ես չդարձա մի հույս, չկարողացա լինել ուրիշ, բայց հավատա ինձ իմ կույս, ես ուզում եմ կյանքս զոհաբերել սիրուդ, ես ուզում եմ դարձնել անունդ աղոթք սրտիս, ես ուզում եմ դառնալ կանթեղ` լուսավորել կյանքդ մնացյալ սրտիս սիրո բոցով, որ հարատև ապրի քո մեջ հավատդ ու մի օր, դու քո լույսից դնես բալիկներիդ հոգում… Որ մի շատ պայծառ օր դու երջանիկ քայլես, քայլես հանգիստ, վստահ, ապահով ու ուժեղ, որ ես լինեմ կողքիդ, որ հավատաս դու ինձ, որ մի վերջին անգամ օգնես ես դեն նետեմ մի կերպ` այս անեծքը կյանքիս, ծախողի կերպարս սին…

Ներիր ինձ, իմ փոքրիկ ամառ, իմ հանճարեղ կին, իմ աղջնակ համառ, ներիր ու թող դառնամ գարուն ու նկարեմ արև քնքուշ հոգուդ համար…

Google