Կռիվ

05-02-2014

1170808_587488604628128_1941958960_aԵս չգիտեմ ինչու միշտ գտնում եմ նրան օրերիս անխռով վազքերում

Միշտ տեսնում եմ նրա ուրվականը տկար, անկյանք, մաշված մի դիակի…

Ես գտնում եմ նրան ամեն մի առավոտ, ամեն լքված, թաց գերեզմանում

Ամեն տառի, բառի ու խոսքերի սկզբում, ամեն փակվող, տոթ երեկոյի:

 

Ես տեսնում եմ նրան ոտաբոբիկ, անտեր, գիշերային սպիտակ տեղաշորով,

Արնակարմիր բոսոր արևների հևքում ու անգամ իմ ձյունոտ օրերի,

Ես չեմ փնտրում արդեն, ինքն է գալիս գունատ, երեկոյան փոշոտ քամու մերկ թևերով,

Նա է գալիս անգույն, իր թառամած, դալուկ, մեռելային, մաշված, վտիտ դեմքով:

 

Նա՞ է գալիս, թե՞ ես, անկարող եմ պարզել, բայց լցվում է կյանքս նրա գարշահոտով

Կթողնի՞, որ այսօր ես աներազ մնամ ու չթաղվեմ նրա սառը գգվանքներում

Կթողնի՞, որ այս հին, այս լավ, այս տաք աղջկան իմ թևերին առնեմ

Ու մոլորվեմ հեռու, կորեմ ամեն ինչից,… և ունենամ այս հին գեղեցկուհուն:

 

Նա գալիս է ծանր, մետաղյա գնդի պես, ժայռից պոկված քարի հանդարտությամբ

Գալիս ու ողջ ծանր, անշուք իր էությամբ տխուր նստում նեղ մահճակալիս

Նա՞ է գալիս, թե՞ ես միշտ բերում եմ նրան, իր գարշահոտ, դատարկ անդրկյանքից

Բերում ու հիմարի նման դնում կյանքիս փխրուն,ճաքած, նուրբ հախճապակուն:

 

Ես վերցնում եմ ձեռքս` անհույսի պես մեղք, լիցքավորված միայն մեկ փամփուշտով

Ժանգից հոգնած ու վառոդից զուրկ ատրճանակս հին, թմբուկավոր…

Ես վերցնում եմ ձեռքս ու նստեցնում նրան, ասում արի, անցած կյանքիս ողբերգ,

Արի խաղանք այսօր, մինչև պարտվող լինի, ձանձրացել եմ արդեն հոգիդ հայհոյելուց…

19.08.2013թ.

Google