?>

Լեռը

31-12-2011

308813_460492000661123_1963675910_aՏափաստանում լեռը կանգնած էր հպարտ, գլուխը բարձր, մեջքը ուղիղ։ Անծայրածիր դաշտավայրերից այնկողմ ոչինչ չկար։ Հարուստ էր ծեր լեռն ու իմաստուն` չիմանալով էլ իր հարստության և իմաստնության մասին։ Կեցվածքն իր տարիքին անհամապատասխան ձիգ էր ու դրանով խրոխտանում էր տափաստանի ուրվագիծը։ Երբ արշավախումբը պարզեց նրա ներսում գտնվող ոսկու ահռելի պաշարների մասին, զարմացավ, որովհետև այդ կողմերում բացառվում էր ոսկին։ Ու մինչև վերջ էլ նրանք չհասկացան, որ այդ ոսկին լեռան իմաստնության հարստությունն էր։ Երբ սկսվեցին հորատումները, լեռն ուրախացավ, որ կարող է օգնել մարդկանց ու մինչև վերջ բացեց «սրտի դռները»։ Մարդիկ, օգտվելով դրանից շատ կարճ ժամանակում դատարկեցին լեռը։ Եվ երբ բոլորը, լքելով արդեն անպետք լեռը, գնացին, տափաստանների անծայրածիր ֆոնի վրա դադարեց նշմարվել լեռան հպարտ կեցվածքը։ Նա կռացել էր, կորացել, ասես ձուլվել էր դաշտավայրին։ Տարիների ընթացքում կուտակված իմաստության ոսկե պաշարներն անխնա տալով մարդկանց` չէր հասցրել նորերը կուտակել ու սպառվել էր։ Եվ միայն այդ մտքից երկուհազարամյա լեռը կոտրվեց, պառկեց այդ դաշտում ու ինքն էլ դարձավ դաշտ…

08.10.2004