Լիճը…

05-02-2014

1185427_631189650258023_550150278_aԵս ինձ համարում էի միակը, ով տեսել է դա: Ու հիմա էլ նույնիսկ, մի տեսակ վստահ եմ:

Առավոտ շուտ, երբ դեռ կիսամութ է, ցրտող օրերին ընդառաջ, ամեն օր հսկայական հրդեհ է լինում: Այդպես լիճն է այրվում: Լճի ողջ մակերևույթից թանձր գոլորշի է բարձրանում ու այդպես անվերջ, ամբողջ քեզ տեսանելի չափերով, մինչև կբացվի արևը: Հետո այդ գոլորշին, որն ավելի շատ ծուխ է, սկսում է նոսրանալ, ասես, արևը հրշեջի պես եկավ ու սկսեց հանգցնել այդ հրդեհը ու հիմա աստիճանաբար այն հանգչում է, հետզհետե նոսրանալով ու քչացնելով ծուխ արձակելը:

Այդպես լիճն է սառում: Աստիճանաբար: Տարվա մեջ մի քանի օր, երբեմն մինչև մի շաբաթ, երբեմն էլ երկու օր… Ու այդ ընթացքում ես լսում եմ, թե ինչպես է հևում նա, թե ինչպես է անզորացած մի երկու կեղծ ու թույլ ալիքներով խփում ափերին… Ասես, սովորության համաձայն: Ու չկան ձայներ: Չկան անգամ ճայերը, որոնք միշտ են լինում: Հոգեվարք է, կարծես, մի ներքին պայմանավորվածություն կա, երբ մեռնողին են այդպես անում. «Սսսս, հանկարծ հոգեդարձ չլինի»:  Ու այդ չարագուշակ լռության մեջ էլ մեռնում է լիճը…

Ես միշտ կանգնում եմ ափին, կողքից նայում, թե ինչպես է ամենը լինում, բայց ոչնչով չեմ կարողանում օգնել: Նայում եմ, զգում եմ ցավը, հոգեվարքը, զգում եմ, թե ինչպես է սարերից եկող ցուրտը դաղում այտերս, օձիքիս ու բաճկոնիս վրա արանքներ գտնելով լցվում ծոցս ու ասես հրում ինձ, ասում գնա, մի նայիր…

Ամեն անգամ այդ օրերին ես հիվանդանում եմ ու երբ անցնում է անկողնային մի քանի օրս, առաջին բանը լճին նայելն է… Ես տեսնում եմ արդեն անկենդան, օտար ու ուրիշ մեկին, որն այնքան անծանոթ ու խորթ է ինձ, ինչքան ասենք Ուրալյան լեռները, որոնք երբեք չեմ տեսել, անգամ նկարներում:  Ես նայում եմ նրան ափսոսանքով, իսկ նա ապակե աչքերով ու լուռ շրջվում ենք իրարից… Ու դա բաժանում է մինչև գարուն… Մինչև երկունքի ցավերից կալեկոծվի նա, մինչև կքանդի, կավիրի ափերն ու ափին եղած ամեն ինչ, ինչին կարողանում է հասնել… Այդ ժամանակ մենք ժպտում ենք իրար, երբ նա հանգստացած սկսում է խաղաղվել… Ու երկնքում երևում են ճայերը…

Հ.Գ. Հիմա, ես կանգնել եմ քո դիմաց ու նայում եմ քեզ, թե ինչպես ես դու սառում… Ես տեսնում եմ, թե արցունքներիդ հետ ինչպես է միջիցդ դուրս գալիս այն ամենը, ինչը ես երբևէ տեսել կամ նկատել եմ ներսումդ, դուրս է գալիս այն հարազատը, որը ժամանակին ժպտացել ու տեսել է իմ մեջ ինձ: Ես զգում եմ, թե ամեն հոգոցիդ հետ ինչպես է հանձնվում հոգիդ, միջիդ այն կրակը, որ երբևէ սիրել է ինձ… Սիրտս ճմլվում է ու ինձ ասում հեռու գնա, մի նայիր… Իսկ ես կանգնած հեռու, նայում եմ ու չեմ կարողանում օգնել, ես տեսնում եմ, թե ինչպես է վերջանում ամեն ինչ… Նայում ափսոսանքով, որովհետև գիտեմ, որ քո ապակե աչքերի համար գարուն էլ երբեք չի գա…

20.11.2013թ.

Google