Լսիր ասեմ հիմա

31-12-2011

395140_460526283991028_1271934891_aԼսիր ասեմ հիմա այն, ինչ չես լսի երբեք… Ես ծաղիկ էի ցանել մի օր իմ պարտեզում չքնաղ… Բարակ մի շիվ գունատ, ինչպես ցողուն կյանքի… Իմ պարտեզում կանաչ, դրախտային, գունեղ ես դրել էի լույսը տերևներում նրա… Երազում էի, որ գարնանը նա արմատներ կտա ու կդառնա հույսը շարունակությանս աղոտ երազի… Այդ ժամանակ այգեպան էի… իմ արնաքամ սրտից վերջին դժվար կաթիլներն էի քամում, որ արևի բոցից չչորանա հանկարծ… Իմ կոտրված մեջքով ես փակում էի նրա` քամու համար ճոճուն, բարակ իրանը խոտե… Ծանրությունից մաշված իմ ձեռքերի ափով ես պահում էի անձրևներից բոլոր այդ կոկոնը հյուծված, այդ ծաղիկը գալիք… Ամեն ինչ էի անում, ամեն տեսակ հնար… Բայց գարնանն այն կարմիր, երբ կոկոնս բացվեց, մեռած ծաղիկ ելավ, մեռած, անկյանք տերև… Ու կայծակներ եղան , փոթորիկներ ամպոտ, ջրհեղեղներ վարար ու երկրաշարժ անվերջ… Ես քանդեցի այդժամ իմ պարտեզը կյանքոտ ու սպանեցի լրիվ, ու սպանեցի ես ինձ… Ժամանակի հանդարտ, միանման վազքում, մոլախոտեր ելան, փշեր ամեն տեսակ… Ես բերեցի քարեր, ժայռեր տարբեր տեսակ , որ սատկացնեմ դրանց, որ պարտեզս փակեմ… Հեշտ սպանեցի կարծես ամեն տեսակ հոգի, ամեն կյանքի նշույլ ու պարտեզս չքնաղ, դարձավ մի մութ գեհեն, դարձավ չոր ու անջուր մի անաապատ փշոտ…

Լսիր ասեմ հիմա, ինչ չէի ասի երբեք… Իմ բացթողումների ու մոռացումների մեծ մարաթոնին, անտեղյակ ու լուռ օրերիս բովում, թաքուն, բայց հաստատ մի ծիլ էր աճել` կանաչ կյանքի սկիզբ` մի ցողուն գունատ… Անպտուղ ու սև, գերեզման դարձած այն ժամանակվա պարտեզում իմ հին, քարերի, կեղտի ու անտերության մութ ճանկերի մեջ մի ծիլ էր ելել, մի մոլորված կյանք… Ես նայեցի նրան քմծիծաղով անտես ու ծաղրանքով հաստատ, իմ հեգնանքի սուր մագիլներով անխիղճ… Մտածեցի` մեռիր, ի՞նչ ես ցցվել այդտեղ: Անկարող եմ հիմա մի նոր ծաղիկ շոյել, վերջացել են բոլոր կաթիլները կյանքիս, ո՞վ կսիրի բույրդ, ո՞վ կխնամի քեզ… Ու թողեցի մեռնի խեղճ ծաղիկը կանաչ, բազալտների տձև, անդուր ստվերներում, փոշիներում մթի ու պիղծ հարության այդ… Անցան օրեր երկար ու հավատներ տարբեր, եկան անցան ցավեր ու ժպիտներ բազում, անցան անգամ նրանք, ովքեր պետք է լինեին… Ես նայեցի մի օր ու զարմացա անկեղծ, թե ժայռերի անգութ, անհյուրընկալ գրկում, ինչպես աճել հպարտ ու գլուխն էր շարժում մի հիասքանչ արև, մի հանճարեղ ծաղիկ.. Արմատներով իր նուրբ ու քնքշանքով բարի նա փշրել էր տձև ապառաժներն անգութ… Ու կանգնել էր հզոր իր հաստատուն տեսքով, շքեղ ձևով հպարտ ու պչրանքով նազուկ… Ու պարտեզիս կարծես անտես ու լուսավոր մեղմ շողեր էին իջել ու գարունն էր բացվում… Ես ժպտացի նրան, այդ հրաշքին փոքրիկ ու ասացի. «բարև, ես սիրում եմ քեզ…»:

Google