Լուսաբաց (վիպակ)

31-12-2011

59591_460505863993070_2050242949_aՆույն բակն էր անշուք, հին ու անխնամ շենքերն իրար վրա կռացած, մի քանի փոքրիկ, այստեղից-այնտեղից գտնված անպետք երկաթների կտորներով պարսպված, հողամասերով: Բակի մեջտեղում մի մեքենա էր կանգնած: Նույնիսկ բակի ամենահին բնակիչները չէին հիշում, թե Արտոյի պապու այդ փտած «Քսանմեկը» երբ է քշվել կամ երբ է այդտեղ կանգնեցվել: Մի ժամանակ անիվներ էլ կային, հետո մի առավոտ պարզվեց, որ մեքենայի անիվները գողացել են, ու հիմա քարերի վրա էր կանգնած: Բակում հայտնի էր մեկ էլ Կառլենի հնամաշ «Ժիգուլին»: Ամեն առավոտ, երբ բակում բոլորը քնած էին, նույնիսկ արևածագից առաջ, լսվում էր նրա «Ժիգուլու» շարժիչի հռնդյունը և ամբողջ բակը մի պահ արթնանում էր քնից: Ցուրտ տարի էր: Այդ բակում, երբ ձյուն էր գալիս, չէր հալչում մինչև գարուն: Այսինքն, իրականում, հալչում էր, դառնում կիսասառույց, տեղ-տեղ մերկասառույց, բյուրեղիկներ: Ու մուտքերից բնակիչները դուրս էին գալիս ու տոտիկ-տոտիկ սառույցի վրա քայլելով գնում իրենց գործերին: Ծիծաղելի էին նրանք կողքից: Այնպես, ինչպես դանդաղեցրած կամ արագացրած ֆիլմերը: Երբ ֆիլմն անհետաքրքիր է, իսկ դու տանը նստած ես մենակ, ու գումարած դրան կառավարման վահանակը ձեռքումդ է: Առաջ բակում տաղավար կար, ուր հավաքվում էին ամբողջ օրը բակի մեծահասակ տղամարդիկ ու կանայք, ավելի ճիշտ ցերեկները կանանցն էր տաղավարը, նրանք զրուցում էին, բամաբասում, պատմում սերիալներից, հարսներից, հպարտանում թոռներով, որդիներով, իսկ երեկոյան այնտեղ էին հավաքվում տղամարդիկ նարդի, բլոտ կամ էլ շախմատ խաղում մինչև ուշ գիշեր: Ու բակն ապրում էր իր կյանքով: Հետո, տաղավարը քանդվեց ուժեղ քամու ժամանակ, հետո ձյուն եկավ, անձրև, տարին փոխվեց, ապա մյուսը… Հիմա տաղավարի տեղում ցանկապատած տարածք է. շենքի նորեկներից մեկն այդ տարածքը գնել և տեղն ավտոտնակ է սարքելու: Տաղավարի քանդվելով էլ վերջացավ բակի միասնական, բարի կենցաղն ու ամեն մեկը մնաց իր գործին: Երևի, դրանից էր նաև, որ միանգամից մի տարվա մեջ բակի ծերերից շատերը մահացան: Վարդանը Մուկուչ պապի թոռն էր, ասում են, նա է տնկել բակի միակ թթենին ու իր ձեռքով սարքել տաղավարը: Դեռ ցայտաղբյուր էլ էր ուզում կառուցել, այն էլ ինֆարկտ տարավ ու սկսեց բակ իջնել միայն Վարդանի ուղեկցությամբ: Լավ է գոնե չտեսավ տաղավարի քանդվելը: Իսկ նրա մեռնելուց հետո, արդեն Վարդանի ընկերներից շատերը պնդում էին, որ իրենց պապերն են տնկել թթենին ու շինել տաղավարը: Իսկ այդ նույն ընկերները ցրվեցին շատ շուտ: Որը գնաց արտասահման աշխատելու, որը ամուսնացավ ու սկսեց առանձին ապրել վարձով: Բակը մի տեսակ դատարկվեց, շենքերն ավելի կռացան իրար վրա: Հիմա թթենին էլ արդեն չկա: Վարդանն ամուսնացել է, շուտով հայր կդառնա, ու այս ամենի մասին նա հիշեց միայն այսօր, երբ բարձրացել էր տանիք անտենա տեղադրելու: Հիշում էր նաև, թե ինչպես էին տանիքում թաքուն ծխում ընկերների հետ, որ իրեն այնքան էլ դուր չէր գալիս, ուղղակի հազը զսպելով մի ծուխ քաշում էր, որ ընկերների մոտ ամոթով չմնա: Մի սովորական պատմություն էր դա, որի մասին , չնայած կարոտով էր հիշում: Բավականին ուշ ամուսնացավ, աշխատանք չուներ: Չնայած հիմա էլ իր և կնոջ գլուխը հազիվ է պահում պահակի իր խղճուկ աշխատավարձով: Կնոջ հետ երկար վիճելուց հետո, հազիվ որոշել են երեխա ունենալ: Շուտով, երևի, մեկ շաբաթից, նրանց ընտանիքը կավելանա ևս մեկով: Չնայած,  երջանիկ անվանել չես կարող Վարդանին ու կնոջը, սակայն խաղաղ ու համերաշխ ընտանիք ունեն: Հիմա կանգնած տանիքին ծխում է, բայց միտեսակ ենթագիտակցորեն վախ կա մեջը, ինչպես այն փոքր ժամանակ, երբ ամեն վայրկյան վախենում էր, որ ուր որ է, պապը կիմանա կամ կբռնացնի: Իսկ շենքերն այն ժամանակվանից ավելի են իրար հենվել, ավելի է բակը փոքրացել ու ավելի հեշտ է տանիքից մարդկանց տան ներսը տեսնել: Այս հինգերորդ հարկի կանաչ ներկած տունը փոքր ժամանակից խորհրդավոր ու մի տեսակ վախենալու է թվացել: Այն ժամանակ մարդ չէր ապրում, ապակիները կոտրվել էին քամու ժամանակ ու նույնիսկ դրսից այդ տունը վախ էր ներշնչում: Փոքր ժամանակ ընկերներով խոսում էին, որ այդտեղ սատանաներն են ապրում, հետո գրազ էին գալիս, թե ով երեկոյան մթին կկարողանա բարձրանալ ու թակել դուռը: Այդպես էլ ոչ մեկ ռիսկ չէր անում: Նույնիսկ, երբ տանիքին թաքուն ծխում էին, այնպես էին կանգնում, որ այդ տնից իրենք չերևան: Հետո, որ ավելի մեծացան, արդեն երազում էին, որ այդ տունը իրենցը լինի, տղաներով կգնան կնստեն, կծխեն, կարտ կխաղան, տուն չեն գնա: Արդեն մեկ տարի է այդ տանը մի աղջիկ է ապրում, երևի Վարդանի տարիքին, հա, մի քսանհինգ տարեկան: Բակում դեռ նրան ոչ մեկ չի տեսել, միայն հազվադեպ լուսամուտի մոտ է երևում, երբ մի քանի շորից իր լվացքն է փռում: Հիմա էլի նույն շորերն են կախված պարանից, լուսամուտները փակ են ու ներսից սպիտակ սավաններ են փակցված: Առաջվա խորհրդավորությունը պահպանվել է մինչ այսօր:

 

Առավոտ շուտ Կառլենի մեքենայի ձայնից Վարդանն արթնացավ: Լույսը բացվում էր: Փորձեց քնել, բայց չստացվեց: Մի տեսակ քունը չէր տանում: Հետո, լավ երազ չէր էլ տեսել: Իբր, երազում լողանում է: Այնքան էլ սնահավատ չէր, բայց երազներին մի տեսակ հավատում էր: Մանավանդ վատ երազներին: Պատահականություն էր, թե չէ, բայց ինչքան երազում օճառ կամ փրփուր էր տեսել, միշտ մի վատ բան կատարվել էր: Պապու մեռնելու գիշերն էլ նույն տիպի երազ էր տեսել, իսկ առավոտյան պապը չզարթնեց, նույն երազն էր նաև տաղավարի քանդման օրը: Նա ձեռքով շոյեց կնոջ ուռած փորիկն ու վերմակով ծածկելով նրան, դուրս եկավ պատշգամբ ծխելու: Արևն արդեն նարնջագույնով էր ներկել հորիզոնը, մաքուր օդն ու ծուխը տհաճ էր թոքերին: Ծխել չկարողացավ: Գիշերը կինը լոխում էր ուզել, որոշեց մինչ նրա զարթնելը անակնկալ մատուցի: Հենց այդպես հողաթափերով էլ իջավ խանութ: Դիմացի մայթին շուրջօրյա խանութներ կային: Ավելի ճիշտ փոքրիկ կրպակներ, սակայն ամեն ինչ վաճառում էին, չնայած, մի փոքր թանկ: Երկար ժամանակ էր, որ առավոտ շուտ չէր իջել բակ: Այն բակը, որ Վարդանը գիտեր, էլ չկար, ինչ-որ խորթ, ավելի շատ ամայի, անհրապույր տեղ էր: Վարդանը, սրանից մի քանի տարի առաջ որոշել էր նոր տաղավար սարքել, սակայն այդպես էլ ժամանակ չէր լինում: Հիմա նա հաստատ որոշեց, որ անպայման ժամանակ գտնի ու նոր տաղավար սարքի, ավելի ամուրը, ավելի մեծը: Նույնիսկ տեղն էր արդեն աչքի տակ առել: Արտոյի պապու քսանմեկի ապակիները կոտրած էին: Ինչքան բան էր փոխվել բակում: Հանկարծ նա տեսավ այն խորհրդավոր տան բնակչին: Բավականին ցածրահասակ աղջիկ էր` աղբը ձեռքին: Մի պահ Վարդանը հին զգացողություններից փշաքաղվեց, սակայն հետո քմծիծաղ տվեց: Ներսում մի բան էր կատարվում, ասես, այն ֆիլմի հերոսի նման, որը կանգնել էր բուրգերի դիմաց ու չէր կարողանում շնչել: Գլխապտույտ էր սկսվել: Չէ, սիրահարվել, բան, մոռացել էր նա դրանց մասին, կնոջ հետ ամուսնանալուց հետո, ինքն իր մեջ հասկացել էր, որ սիրահարվել գոյություն չունի, որ դա հրապուրանքի մի քիչ այլ ձևն է, երբ սիրահարվում ես, դու ուզում ես այդ մարդուն, տենչում նրա ներկայությունը, ինչպես օրինակ ախորժելի տեսքով կերակուր տեսնելիս, երբ չես կերել, չես իմանում համը, բայց ձգում է այն քեզ: Այդպես փոքր ժամանակ Վարդանը «չոր սպիրտերն» էր կրծմրծել: Իսկ դրանք պարզվում է թունավոր էին, չնայած, կլոր էին, շատ ճերմակ ու ախորժելի: Այն սառեցնող կոնֆետների նման: Իսկ հիմա երևի ավելի շատ վախ էր, ավելի ճիշտ վախի մեղմ տեսակը, սարսուռը, որն ավելի շատ մանկուց եկած խորհրդավորության պատճառով էր: Այդպես է, փոքրուց տպավորված բաները, մեծ տարիքում էլ չեն կորցնում իրենց ազդեցությունը, անգամ, հիմնավոր և ապացույցներով փաստարկների դեպքում: Վարդանը սպասեց մուտքի մոտ, մինչ աղջիկը հետ եկավ, նույնիսկ , ուշացավ էլ, որովհետև խանութ էլ էր գնացել, դատելով ձեռքի տոպրակից, որն աղբարկղից բերել, երևի, չէր կարող: Վարդանը չէր էլ իմանում ինչից սկսել, ինչ ասել: Վերջիվերջո, հարևաններ են, ճիշտ չի հասկացվի: Բայց նրանց տանը լինելու մոլուցքն ավելի ուժեղ գտնվեց: Թուխ մաշկ ուներ, սուր, ծայրերը վեր բարձրացած ու նեղ կոպերով աչքեր, բարակ շրթունքներ: Գեղեցիկ չէր: Բայց քաշող:

—          Բարի լույս, — ասաց Վարդանը:

—          Բարև ձեզ, — աղջիկը կանգնեց, սպասելով խոսակցության շարունակմանը: Վարդանին թվում էր, թե նա պետք է իմիջիայլոց բարևի ու անցնի: Պլանները խառնվեցին, Վարդանը զարմացավ: Մի տեսակ այդ խորհրդավոր կերպարը հասարակ էր դառնում: Բայց լավ ձայն ուներ:

—          Ես վաղուց նկատել եմ, որ այս տանը մարդ է ապրում: Գիտեք, դեռ այն ժամանակից, երբ ես փոքր էի, այստեղ մարդ չկար ու չեմ էլ հիշում, որ երբևէ, եղել է: Հիմա, թեև, չեմ նկատում պատուհանների մոտ մարդ, բայց լվացք եմ տեսնում փռած… Հետո իմացա, որ դուք…

—          Հա, սա տատիկիս տունն էր: Նա այստեղ մենակ էր ապրում, բայց դա շատ վաղուց էր, ես էլ նրան չեմ տեսել կենդանի ժամանակ: Ես Մոսկվայում եմ ծնվել, մենք այնտեղ էինք ապրում: Նոր եմ եկել այստեղ: Թեյ կխմե՞ք: Ես գազը միացրած եմ թողել, թեյնիկն էլ վրան, իսկ հիմա արդեն ուշանում եմ, կարծես…

—          Հա, թեյից չէի հրաժարվի, շնորհակալություն:

Ամեն աստիճանին ոտքը դնելիս, Վարդանը հիշում է, թե փոքր ժամանակ, ինչպես էին տղաներով վախենում այդ մուտք մտնելուց, ու մինչև այսօր էլ, այնպես էր ստացվել, որ ինքն այդ մուտք այդպես էլ չէր մտել: Ինչի վրա ասես, որ գրազ չէին բռնում, մեկ է, իրենցից և ոչ մեկ այդպես էլ չբարձրացան մինչև , գոնե, երրորդ հարկ: Իսկ հիմա ինքն արդեն մեծ, հասուն տղամարդ, ով ամայի ու ահռելի մեծ գործարանի տարածքում պահակություն է անում գիշերները, ամառ ու ձմեռ, ու շատ անգամ կասկածելի ձայներ լսելով մեն մենակ դուրս է գալիս ստուգումների, հիմա, վախից թեթև փշաքաղվել է նրա մաշկն ու ամեն քայլի հետ ոտքերը մի տեսակ անզոր են դառնում: Այդպես եղել է մի անգամ փոքր ժամանակ, երբ գիշերով տուն էր գալիս և սեփական տներից մեկի ցանկապատի ետևում հանկարծակի մի մեծ շուն սկսեց հաչալ: Անմիջապես իր կողքին: Նույն զգացողությունն է նաև հիմա, մանավանդ, արդեն չորրորդ հարկից թեքվում էին վերև:

—          Լավ չեք զգու՞մ ձեզ, — հարցրեց աղջիկը: Վարդանը մի պահ ուշքի եկավ: Զգաց, որ դիմացը չէր տեսնում մինչ այս ու հիմա էլ շնչակտուր հևում էր:

—          Չէ, շնորհակալ եմ, ամեն ինչ կարգին է, ուղղակի, որ առավոտ շուտ ծխում եմ, մի տեսակ ներսս մի բան բռնվում է:

—          Համաձայն եմ, ծխելուց վատ բան չկա, մանավանդ, մաքուր օդին: Չնայած, արդեն հինգ տարի է ծխում եմ, բայց էլի ամեն գլանակ վառելիս փոշմանում եմ: Հազիվ հասանք:

Հասա՞նք: Վարդանը չէր հավատում: Այնպիսի զգացողություն էր, որ, իրականում, ինքն իրեն թողել է ներքևում, ու հիմա մտովի է բարձրանում միայն այս աղջկա հետ: Բանալին դժվարությամբ ու ճռռոցով բացեց դուռը…

—          Կներեք, ես քիչ անց կգամ…,-կիսատ պռատ քրթմնջաց Վարդանն ու մեծ քայլերով իջավ աստիճաններից: Փախա՞վ:

—          Ես պատրաստում եմ թեյը, — հետևից ձայն տվեց աղջիկը:

Իրականում Վարդանը փախավ: Նա երկրորդ և երրորդ հարկերի արանքում քիչ էր մնում գետին գլորվեր: Ոտքերը չէին ենթարկվում, մի տարօրինակ դող էր պատել ամբողջ մարմինն ու թուլացնում էր, բթացնում: Հասավ այգի, նստեց նստարանին ու սկսեց ծխել: Ինչի՞: Ի՞նչն էր նրան ստիպել փախչել: Հիմա մի լավ կհռհռա այդ աղջիկը, երբ կրկին, այս անգամ պատահաբար հանդիպեն: Պատահաբար, որովհետև ինքն ամեն ինչ կանի, որ խուսափի այդ աղջկա հետ հանդիպելուց: Իրենց տանից ներքև մի եկեղեցի կա: Ընկերներով փոքր ժամանակ գնում էին այդտեղ: Չէ, այն ժամանակ չէին էլ գիտակցում, թե եկեղեցին ինչ է, ինչի համար է: Այդ տարիներին եկեղեցին փակ էր, չէր աշխատում, որ խորը մտածենք, դա եկեղեցի էլ չէր, այլ փոքրիկ, շատ փոքրիկ վանք: «Կարմրավորից» փոքր: Պարսպապատված էր տարածքն ամբողջովին, բայց դարպասները գետնից մոտ երեսուն սանտիմետր բարձր էին, այսինքն, ընկերներով կարողանում էին հանգիստ սողալով ներս մտնեին: Բակում մարդ չէր լինում: Հազվադեպ երևում էր մի ծեր մարդ` պահակը, ով հիմնականում հարբած քնած էր լինում: Եկեղեցին շատ հին էր, տասներեքերորդ դարի, ու ամբողջովին փորագրված: Հիմա այն վերակառուցում են, քանդել են պարիսպը: Ամեն ինչ փչացել է: Այդ եկեղեցին էլ: Արդեն աշխատում է, այսինքն միայն մոմեր են ծախում: Իսկ դրսում սեղաններ են դրված մոմ վառելու համար, քանի որ եկեղեցին այնքան փոքր է, որ մի սեղան անգամ այնտեղ տեղ չի անի կամ չորս հոգի: Վարդանը շատ անգամ էր ընկերների հետ հիացել եկեղեցու փորագրություններով, սակայն, անգիտակցաբար: Ավելի շատ ուրախանում էին պատերին մարդկանց անուններ գտնելով կամ մի նոր խաչ: Ամեն ինչ փոխվեց, երբ իրենց դասարանի Սամոն մի օր ասաց, որ այդ եկեղեցու պատի քարերից մեկում սատանա է ապրում: Եկեղեցին կառուցված էր մուգ կարմիր տուֆով, բայց չգիտես ինչպես, գմբեթի մոտի քարերից մեկն առանձնանում էր իր սպիտակ գույնով: Սամոյի ասելով, հենց այդ քարի մեջ էլ թաքնված էր սատանան: Հետո ամբողջ դպրոցով աղմուկ էր ընկել: Տղաներով որոշել էին գնալ ու կռվել դրա դեմ: Ուսուցիչներից մեկն էլ պատմեց մի պատմություն հոգիների և ուրվականների մասին, ու դրանից հետո ոգևորությունը խորհրդավորության հետ հավասար սկսեց աճել: Սամոյի ասելով երեկոյան տասին նոր այդտեղից դուրս է գալիս սատանան: Տղաներով, մի հինգ-վեց հոգով հավաքվեցին, ու երեկոյան տասին տասնհինգ պակաս, արդեն եկեղեցու դարպասների մոտ էին, զինված` քարերով, փայտերով, երկաթներով: Տղաներով «ցելա» գցեցին ու դուրս եկավ, որ առաջինը Վարդանը պետք է անցնի դարպասի տակով: Վարդանը չէր ուզում, ահավոր շատ վախենում էր, բայց չէր էլ ուզում ցույց տա վախը, դրան գումարած` ընկերները կողքից հորդորում էին, փորձում ծաղրել: Նա ձեռքը վերցրեց մի մեծ ու ծանր կտոր քար և սողալով անցավ դարպասի տակով: Մութ էր, ահավոր մութ ու ամայի: Պարիսպներով փակված դատարկ ու բավականին մեծ տարածք էր` մեջտեղում սարսափազդու տեսքով եկեղեցին: Եկեղեցու գմբեթի մոտ նշմարվում էր այն սպիտակ քարը: Վարդանի կողքի մոլախոտերի փոքրիկ թփերից դուրս պրծավ մի կենդանի, որը կամ փոքր շուն էր կամ կատու կամ առնետ, ու շատ արագ վազելով փախավ դեպի եկեղեցին: Մթության մեջ միայն մի պահ փայլփլեցին կենդանու աչքերը: Վարդանն ինչքան ուժ ուներ գոռաց: Հետո զգաց, որ այլևս չի կարողանում գոռալ և ընկավ գետնին: Մի ամայի տարածք էր անապատի պես, բայց սպիտակ ավազի նման փափուկ հողով ու ծովի խշշոց էր լսվում: Անծայրածիր հարթություն էր: Հեռվում, շատ հեռվում ուժեղ, կուրացնելու աստիճան ուժեղ լույս էր ու մարդ էր կանգնած: Վարդանը քայլում էր դեպի այդ մարդը, չնայած նա բավականին հեռու էր, բայց ամեն մի քայլի հետ մարդը զգալիորեն մոտենում էր: Հետևից ձայն էին տալիս. «Վարդան, Վարդան»: Վարդանն ուզում էր շրջվել, բայց մարդն ասաց. «Մի շրջվիր»: Նրա ձայնը հզոր էր, ազդու, և արձագանքում էր օդի միջով, գնում մինչև ամենավերջը: Մարդու ետևից ցոլացող լույսը կորավ: Վերնաշապիկով տղամարդ էր, կիսաճաղատ:

—          Բարև,- ասաց Վարդանը:

—          Բարև, Վարդան:

—          Դուք ինձ ճանաչու՞մ եք, քեռի:

—          Ես բոլորին էլ ճանաչում եմ:

—          Որտե՞ղ եմ: Դրախտու՞մ: Քեռի, ես մեռել ե՞մ:

—          Չէ, տղաս: Իրականում դրախտ չկա, դա երևակայական վայր է, ավելի շատ կրոնական: Եթե մեռնեիր, ոչինչ չէիր տեսնի:

—          Պապիկս ասում էր, որ եթե ես լավ սովորեմ, լավ մարդ դառնամ, բարի լինեմ, ես դրախտ կընկնեմ մեռնելուց հետո: Պապիկս ամեն ինչ գիտի: Նա էլ է բոլորին ճանաչում ու բոլորն էլ նրան հավատում են:

—          Պապիկդ ճիշտ է ասում, որովհետև նա էլ այդպես գիտի: Բայց դրախտն իրականում երկրի վրա է: Մարդիկ իրենք կարող են այն տեղը, ուր ապրում են, դրախտ սարքեն: Այնտեղ, ուր հիմա ապրում ես դու, եղել է հենց այդ դրախտը:

—          Բա Աստվա՞ծ, քեռի: Դու չես հավատու՞մ Աստծուն:

—          Հավատում եմ: Բայց ամեն մարդու համար Աստված տարբեր է: Հին, շատ հին ժամանակներում, երբ չկային գիտնականներ, ֆիզիկոսներ, մարդիկ չէին իմանում, թե ինչից է ամեն ինչը: Իսկ այն ժամանակներում կառավարողները պետք է ամեն ինչ իմանային, ամեն հարցին պատասխանեին, մեկնաբանեին, որ չխարխլվեր նրանց գահերի հիմքերը: Իսկ քանի որ մարդկային միտքն անընդհատ զարգանում էր, ու մարդկանց մոտ գնալով, ավելի շատ հարցեր էին առաջանում ու մնում անպատասխան, ստեղծվեց կրոնը, հորինվեց Աստված: Այսինքն Աս- այս, և տված- տալ, տվող: Այս ամենը տվողը: Հասկացա՞ր: Կրոնները տարբեր են: Տես, գոյություն ունեն տարբեր ազգեր, որոնք ապրում են տարբեր կենցաղով, աշխարհի տարբեր մասերում, ոմանց մոտ միշտ ձմեռ է, ոմանց մոտ միշտ ամառ: Դրա համար էլ կրոններն էլ են տարբեր: Կրոնը ստեղծել են այդ նույն կառավարիչները, որպեսզի այն ժամանակվա ոչ գրաճանաչ և պակաս մտավոր ունակությամբ մարդկանց կարողանան ղեկավարել: Որ ավելի հեշտ լինի: Առաջին օրենսգրքի պես բան է եղել Աստվածաշունչը: Չէ՞ որ այն մարդիկ են գրել:

—          Բայց Աստված մեկն է, չէ՞, քեռի: Հին ժամանակներում են եղել տարբեր Աստվածներ, օրինակ Անահիտը, Միհրը:

—          Այն ժամանակ մի փոքր անհավատալի էր, որ մեկն ի զորու է այդքան բան ստեղծել, դրա համար տարբեր աստվածներ էին հորինել, իբր, ամեն մեկը մի բան է ստեղծել: Հետո մարդիկ զոհ էին մատուցում նրանց: Բայց երբ մարդկանց մտածելակերպը փոխվեց, ավելի զարգացան, սկսեցին կասկածել այդ ամենին, դրա համար էլ առաջ եկան միանձնյա կրոնները: Հետո, մարդկանց ձեռնտու էլ չէր զոհեր մատուցելը: Տես, հիմա կրոնները տարբեր են, չէ՞: Բայց ամեն կրոնի աստվածաշնչում, տարբեր օրենքներ կան: Դրանք հենց այդ մարդկային ցեղերի առանձնահատկություններից է: Հայերը առաջին ռազմիկներն են եղել, առաջին կռվողները: Հիմա, երբ պեղումներ են անում, գտնում են մեծ, ահռելի մեծ ու ծանր զենքեր, որոնք հենց հայերինն են եղել, իսկ հիմա մի երկու հոգով հազիվ են կարողանում այդ զենքերը տեղափոխել: Армия բառն էլ հենց առաջացել է հայերից ու հիմա, գրեթե, ամբողջ աշխարհում այդ բառը նշանակում է բանակ:

—          Քեռի, բայց դա ի՞նչ կապ ունի կրոնի հետ:

—          Հայերին ավելի հեշտ կառավարելու համար էլ ստեղծվեց և ընդունվեց քրիստոնեությունը: Չէ՞ որ, տաս պատվիրանները հիմնականում… Իսկ դու գիտե՞ս դրանք:

—          Չէ, քեռի:

—          Դե լսիր, ես քեզ հիմա կասեմ դրանցից մի քանի կարևորները, և դու կհասկանաս, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև, զգում եմ, որ ուզում ես հասկանալ: 1. Ես եմ քո Տեր Աստվածն ու ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս: 2. Քեզ համար կուռքեր չշինես: 3. Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես: Այսինքն, սրանք հենց ապացուցում կամ ամրապնդում են Աստծո գոյությունն այն առումով, որ բացառում են այլ աստվածների ու կուռքերի գոյությունը: Պետք է մարդ կուրորեն ու առանց ապացույցներ փնտրելու հավատա: Մարդիկ սովոր են անընդհատ ասել «Աստված կտա», «Աստված կօգնի» և, որպեսզի նրանք չհիասթափվեն Աստծուց, երբ նա չօգնի կամ չտա, դրա համար էլ գրել են, որ միայն սուղ անհրաժեշտության դեպքում կարելի է Աստված կանչել: Իսկ ժամանակի ընթացքում, երբ անընդհատ Աստված չէր օգնում, եկեղեցականները պատճառաբանում էին, իբր, այդ մարդիկ մեղքեր են գործել թաքուն, դրա համար էլ Աստված չի օգնում նրանց: 4.Մի սպանիր: 5. Մի գողացիր: 6. Մի շնացիր: 7. Հարևանիդ դեմ սուտ վկայություն մի տուր: 8. Աչք մի դիր հարևանիդ ունեցվածքին: Հենց սրանք են հիմնական կառավարող և սաստող օրենքները, որոնք այսօր էլ կան բոլոր երկրների քրեական օրենսգրքերում: Այսինքն, այս օրենքները կամ պատվիրանները եկան կանխելու ԿՌՎՈՂ հայերին, հետո նաև ուրիշ ազգերին: Տես, հիմա էլ են չէ՞ մարդ սպանում, թեև դրա համար կդատեն, բանտ կնստացնեն, հիմա էլ են գողանում: Իսկ այն ժամանակ, երբ մարդիկ դեռ այսքան խելացի չէին, ավելի ճիշտ այսքան տեղեկացված չէին, հավատում էին Աստծուն: Ու լսում էին նրան: Այսինքն, իրենք կարող են օրենքը խախտել, որովհետև մարդիկ են դա գրել, կարող են թաքուն խախտել, իսկ քանի որ Աստված ամեն ինչ տեսնում է, քանի որ դա Աստծո օրենքներն են, դա արդեն սաստում էր նրանց: Եվ հետո այն միտքը, որ մեռնելուց հետո կա դժոխք և դրախտ, մարդկանց ավելի էր զգաստացնում: Մահից հետո մեղավորների հոգին այրվում էր դժոխքում: Աստված միշտ ներում է, բարի է, ուրեմն ինչի՞ համար էին այդ պատիժները: Դու մեծ տղա ես, պատմություն անցնու՞մ եք:

—          Հա, քեռի, ես արդեն յոթերորդ դասարան եմ:

—          Ուրեմն կիմանաս, որ հայերը 301 թվականին ընդունեցին քրիստոնեությունը, իսկ 387 թվականին կորցրեցին իրենց պետականությունը: Այսինքն, մի երկու սերնդափոխությունից հետո, դադարեցին կռվել: Իսկ ուրիշ կրոններում խրախուսվում է սպանությունը, երբ դու թշնամու ես սպանում: Այսինքն, էլի քաղաքական տարր կա դրա մեջ: Տես, պետության ղեկավարին ձեռնտու չի լինի, չէ՞, որ քաղաքացիներն իրար սպանեն, բայց երբ թշնամուն են սպանում, դա լրիվ հայրենասիրական գործ է: Դրանով տվյալ պետության շահերն են միայն ամրապնդվում, բայց չէ՞ որ, սպանվածներն էլ այլ պետության մարդիկ են: Եթե ասում են ՄԻ ՍՊԱՆԻՐ, ուրեմն ոչ մեկի չպետք է սպանես, քանի որ բոլոր մարդիկ էլ նույնն են, հետո ի՞նչ, որ տարբեր տեղերում են ծնվել: Դու սիրու՞մ ես փլավ կամ ոսպով ճաշ:

—          Հա, քեռի, լոբով էլ եմ սիրում, բորշչ էլ, տատիկս համով սարքում է:

—          Բա ինչի՞ են մարդիկ ոչխար մորթում, հավ: Սպանում են, չէ՞:

—          Բայց դրանց մորթելու համար են մարդիկ պահում:

—          Իսկ ո՞վ է մարդկանց այդ իրավունքը տվել:Նրանք էլ իրենց կյանքն ունեն, չէ՞: Ընտանիքը, ապրելու իրավունքը: Աստված չի տեսնու՞մ: Ամեն ինչ հակասում է իրար: Չես զգու՞մ: Ճիշտ չի:

—          Բա ո՞րն է ճիշտ, քեռի:

—          Ճի՞շտ: Ես ինքս էլ չգիտեմ: Մարդիկ էլ են կենդանիներ, ինչպես բոլորը: Նրանք ավելի խելացի են, դրա համար ապրում են մինչ այսօր , ու ամենաշատն են մոլորակի վրա: Պետք է կարողանաս հարմարեցնել տեղը, ուր ապրում ես, մոլորակը` քեզ: Որ լավ ապրես, որ դրախտում լինես:

Աչքերը բացեց հիվանդասենյակում: Սպիտակ խալաթով մի մարդ աչքի մեջ լապտերով լույս էր գցում:

—          Նորմալ ա, բացեց աչքերը: Ո՞նց ես, տղաս, — բժիշկն էր: Վարդանն ուշադիր նայեց և տեսավ, որ դա նույն մարդն էր, ում հետ նա խոսում էր նոր:

—          Լավ եմ, քեռի, — ու ժպտաց: Բժիշկը նույնպես նրան ժպտաց:

Վարդանն այս խոսակցությունից հետո մեծացել էր ուրիշ մտածելակերպով: Իրականում նա հավատում էր Աստծուն, գիտեր, որ նա կա, բայց դա միայն իրենն էր, իր Աստվածը: Եկեղեցի երբեք չէր գնացել: Եկեղեցուն նայում էր, որպես ԽԵԼԱՑԻ մարդկանց մի խմբի կողմից ստեղծված բիզնես: Մեղավորների ու անխելքների, պարապների ու ինչ-որ բանի սպասողների միջոցով փող աշխատելու միջոց: Իսկ դրանք շատ են: Թեև, մեկ — մեկ մտածում էր, որ ժամանակներն են փոխվել, մարդիկ, արժեհամակարգերը, ու եկեղեցին իր դերն ու նշանակությունն էր կորցրել: Հիմա այն ուրիշ բաների համար է: Իսկ եթե չկա դրախտ, չկա դժոխք, ուրեմն, սատանա էլ չկա, վախ էլ պիտի չլինի: Բա էլ ինչից էր վախենում նա այդ դեպքում: Աղջիկը լավն էր, ու Վարդանն անընդհատ մտածում էր, որ, իրականում, ինչպես դու քեզ ստիպում ես մտածել, ինչպես ներշնչում ես, այդպես էլ ձևավորվում է քեզ համար աշխարհը: Ուրեմն ինքը, եթե կարողացել է հասկանալ այս ամենինչը, գտել է իրականության և հորինվածքի շահադիտականության սահմանը, ապա ի զօրու է գիտակցորեն հաղթել ինքն իրեն: Բայց ամեն դեպքում տուն գնաց: Չէր խոսում, անընդհատ ծխում էր: Որոշել էր վաղն անպայման գնալ: Ու գնաց:

Հաջորդ օրն արթնացավ բավականին ուշ, թեև գիշերը վաղ էր պառկել: Հագնվեց, ու առանց կնոջը բան ասելու միանգամից դուրս եկավ տանից և քայլերն ուղղեց դեպի այն մուտքը, ուր խորհրդավոր տանն ապրում էր աղջիկը: Միայնակ բարձրանում էր աստիճաններով, ներսում վախ չկար, միայն կոշիկների խուլ ձայնն էր արձագանքում աստիճանավանդակներին ու միանգամից էլ մեռնում: Երկրորդ, երրորդ, չորրորդ… Այլևս դող չկար իր մեջ, չէր վախենում: Հինգերորդ հարկն էր: Մի տարօրինակ զգացողություն էր պատել: Ավելի շատ զարմանք կամ հիասթափություն: Հասարակ, սպիտակ ներկաթափ դուռ էր փայտից ու մի քիչ խղճուկ տեսք ուներ: Իսկ իր պատկերացումների մեջ այն միշտ եղել է բարձր, ծանր, երկաթյա սև դուռ, վրան նախշերով ու սուր ատամիկներով: Դուռը թակեց: Թխկթխկոցն էլի խուլ արձագանքով գնաց հետ, եկավ ու մեռավ մուտքի աստիճաններին: Ներսից ձայն չկար: Էլի թակեց: Տանը մարդ չկար: Նա մի տեսակ հուսահատ կամ հուսախաբ իջավ աստիճաններով: Չհաղթածի ու նաև  չպարտվածի զգացողություն էր: Հիմարություն: Ինքն իր մեջ գիտեր, որ ամեն ինչ պարզից էլ պարզ է, որ ինքնարդարացում էր փնտրում ու չգտավ: Տանը կինը զարմացավ, որ Վարդանը մի տեսակ փոխվել է, դառել օտար: Բայց այս պատմությունը կնոջ մասին չէ: Դրանից հետո Վարդանն ամեն օր նայում էր պատուհաններին, այն նույն խորհրդավոր կանաչ բալկոնով պատուհաններին ու ոչմիտեսակ փոփոխություն չէր նկատում: Արդեն մեկ շաբաթ է ծանոթ լվացքը չէր փռվում, լուսամուտի թեթև կիսաբացն էլ չկար անգամ: Սկսել էր նոր ռեժիմով ապրել: Ամեն առավոտ, լուսաբացին, արթնանում էր Կառլենի «Ժիգուլու» շարժիչի ձայնից, դուրս գալիս բակ, պտտվում այն մուտքի մոտ: Սկզբում բարձրանում էր, դռան զանգը տալիս, ապարդյուն թակում դուռը, հետո արդեն դրանից էլ զզվեց: Շուտով աշխատանքային արձակուրդն ավարտվելու էր, իսկ նա մի կարգին չէր էլ հանգստացել: Գիշերները չէր կարողանում քնել, անընդհատ շուռ ու մուռ էր գալիս, արթնացնում կնոջը: Գիշերներից մեկում երազ տեսավ. «Այն նույն անծայրածիր հարթավայրն էր, ջրի նույն խշշոցը, իսկ հեռվում նույն շորերով կանգնած էր կիսաճաղատ տղամարդը:

—          Բարև, — հին ծանոթի նման ասաց Վարդանը:

—          Բարև տղաս:

—          Ամեն ինչ ինձ մոտ վատ է… քեռի…

—          Ամեն ինչ երբեք չի կարող վատ լինել:

Վարդանը նրան ուզում էր պատմել վախերի մասին, տան, աղջկա, ընկերների, բայց չէր կարողանում: Երազներում միշտ այդպես է լինում:

—          Քեռի, ի՞նչ է վախը, ինչու՞ են մարդիկ վախենում:

—          Վախը մարդկանց անկարողության դրսևորումն է հաճախ, հաճախ էլ ապագան կամ հեռուն տեսնելու կարողությունը: Խելացի մարդիկ են վախեցողները միշտ: Չնայած, տարբեր վախեր կան: Դու չես վախենում, դու ուղղակի անորոշության և տպավորությունների ազդեցության տակ ես: Խելացի մարդիկ վախենում են հիմնականում ոչ թե հանգամանքներից, այլ հետևանքներից: Դու էլ ես այդպիսին: Գիտակցում ես, որ կորցնելու շատ բան ունես, որ քեզ կյանքը պետք է: Իսկ դրանից լավ բան չկա: Հիշու՞մ ես, մենք կրոնի մասին էինք խոսում: Մարդիկ վախենում էին պատվիրանները խախտելուց, որովհետև իրականում ՎԱԽԵՆՈՒՄ էին հետևանքներից: Դժոխքից օրինակ: Իսկ հիմա, երբ շատերն են հասկացել կրոնի հիմքն ու իմաստը, կարողանում են հանցագործությունները կատարել խելքով ու շրջանցել օրենքները:

—          Իսկ դա վատ է , չէ՞:

—          Իհարկե, բայց ոչինչ չի կարող միանշանակ վատ լինել: Ժամանակ կանցնի, թույլերը կմաղվեն, կմնան միայն ուժեղները, որոնք կշարունակվեն ու կհավատան միայն ճշմարտությանը:

—          Իսկ ո՞րն է այդ ճշմարտությունը:

—          Ճշմարտությունը դա մի ամբողջ է: Տարբեր հասկացողությունների միասնություն: Իսկ ես հավատում եմ դրախտին դեռ:

Դրախտին: Նորից Կառլենի մեքենան էր: Ժամը հինգ անց քսան էր: Լուսաբաց: Վարդանը լվացվեց, դուրս եկավ բալկոն, ծխեց: Հանկարծ հասկացավ, որ այսօր միանգամից չնայեց հինգերորդ հարկի պատուհաններին, մոռացավ: Քմծիծաղ տվեց: Հագավ իր աշխատանքային հագուստները, բալկոնից վերցրեց բահն ու փոցխը և իջավ բակ: Բակում մնացել էր ընդամենը մեկ կտոր ազատ հողատարածք, այն էլ այնքան քարքարոտ էր, որ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում իրենով անել այն: Վարդանը հերթով հանում էր մեծ քարերն ու դասավորում անկյունում, հետո հարթացրեց հողը:

—          Վարդան ջան խեր ըլնի, — բակի բնակիչներից էր` Արտյոմը, — Աշխատասիրությունդ բռնել ա՞: Ի՞նչ ես անում:

—          Բարի լույս, Ծյոմ, գործ եմ անում, — ձեռքը պարզեց Վարդանը: Հինգ րոպե չանցած Արտյոմը Վարդանի կողքին էր:

—          Ուզում ես գարաժ սարքե՞ս:

—          Չէ, ես ավտո չունեմ, ինչի՞ս է պետք: Տաղավար եմ սարքում:

—          Լավ, է՞: Լուրջ ես ասու՞մ: Շատ շուստրի ես բայց, ձեն էլ չես հանում: Արա, դե դու դեմք ես, էլի: Կիջնենք տղերքով բլոտ ա, նարդի ա… Մենակ առաջինը ես ու դու ենք խաղալու, որ մի հատ կրեմ հավեսով, հը՞:

—          Ոնց ուզես, մեկ է, խաղալ չես իմանում:

—          Էէէէ, դու էլ պապուդ ես քաշել տենց գլուխգովան: Սաղ օրը պապս կրում էր, էլի չէր ընդունում: Տուր հլը փոցխը:

Քիչ անց, բակում արդեն բավականին մարդ էր հավաքվել, մեծահասակներ, դպրոցականներ: Ծերերը հավաքվել էին մի անկյունում, ծխում  էին ու իրար հետ հիշում իրենց հին ընկերներին, մեկ մեկ էլ ջահելներին խորհուրդներ տալիս: Հայտնվեց Արտոն:

—          Արտո, էդ պապուդ քսանմեկն ի՞նչ ես անելու:

—          Տո, չեմ էլ իմանում, Վարդան ջան, մնացել փտել ա, լրիվ ժանգոտվել: Վրեն մի երկու բան կար, էն էլ լակոտները կամ ջարդին կամ գողացան:

—          Արտ, բեր տանենք կաբելի գործարան հանձնենք: Վերցնում են հին ավտոներ, երկաթներ: Կշռում են, ու լավ էլ փող են տալիս, գիտե՞ս:

—          Հա՞, բա հեսա զանգեմ փեսես գա, կռան ունի էլի, համ էլ ստեղ կմաքրվի:

Լուսամուտներից բնակիչները «կախվել» ու նայում էին, թե ինչպես են կապկպում մեքենան, բարձրացնում: Քարերն էլ բարձեցին մեքենայի կողքն ու տարան: Երեկոյան տաղավարն արդեն պատրաստ էր: Կանչեցին թաղի էլեկտրիկին, մի հատ էլ լույս քաշեցին ու բոլորով սկսեցին «նշել» բացումը: Բոլորը համերաշխ էին, բոլորը հոգնած, բոլորը երջանիկ: «Իրականում, դու ինքդ պետք է հարմարեցնես տեղը, ուր ապրում ես,մոլորակը` քեզ», — Վարդանը հիշեց այն մարդուն ու ժպտաց:

Աչքը թաքուն գցեց հինգերորդ հարկին. լույս էր վառվում ներսում: Հարևաններին թողնելով իրենց հիշողությունների և հին պատմությունների հետ, քայլեց դեպի այդ մուտք: Հանգիստ, առանց որևէ բան զգալու, նա բարձրացավ հինգերորդ հարկ ու զանգը տվեց: Դիտանցքից երևաց, որ ներսում լույս վառվեց ու քիչ անց դուռը բացեցին: Նույն աղջիկն էր տնային խալաթով:

—          Բարև ձեզ, կներեք, այն օրը…

—          Հա, ոչինչ, շատ մի տխրեք, հո մի օրվա համար չե՞նք: Համեցեք:

—          Վարդանը ներս մտավ: ՍՈՎՈՐԱԿԱՆ տուն էր: Կիսադատարկ, ծեփը թափված առաստաղով միսենյականոց էր: Միջանցքում միակ մեխից կախված էր սև, կաշվե կանացի բաճկոնակ, հեռախոսը դրված էր գետնին, իսկ սենյակում միայն բազմոց էր, սեղան և երկու աթոռ: «Հավանաբար նա այս բազմոցին էլ քնում է, խեղճ աղջիկ», — մտածեց Վարդանը: Նա սիրում էր, որ մահճակալը կամ տեղը, որտեղ քնում էր, լայն, ընդարձակ լինի: Դրա համար էլ զզվում էր ուրիշի տանը գիշերելուց:

—          Թեյ կխմեք, չէ՞:

—          Հա, շնորհակալություն: Միայն խնդրում եմ, առանց «դուք»-ի, լա՞վ:

—          Առանց ինչի՞:

—          «Դուք»-ի: Այսինքն, առանց պաշտոնականության:

—          Հա, կներեք: Ես բոլորի հետ այդպես էլ խոսում էի, դա Մոսկվայից էր մնացել: Հետո ինձ ճիշտ չէին հասկանում, դրա համար էլ արդեն վախենում եմ…

—          Ոչինչ, խելացիներն են վախեցողները, — Վարդանը ժպտաց:

—          Ի՞նչ:

—          Այդպիսի ասացվածք կա:

—          Իսկ թեյը դառը, թե՞ քաղցր:

—          Առանց շաքարի, հա, դառը: Սովորաբար, սուրճն է դառը լինում:

—          Ես սուրճ չեմ սիրում, — արդեն խոհանոցից ասաց աղջիկը: Թեյը բերեց, դրեց սեղանին, նստեց Վարդանի դիմաց.

—          Մենք այդպես էլ չծանոթացանք, ես Մերին եմ:

—          Վարդան, շատ ուրախ եմ: Բա ինչու՞ Մոսկվայից եկար: Լավ չէ՞ր այնտեղ:

—          Չէ, շատ լավ էր, սիրում եմ Մոսկվան, այնտեղ ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում: Դե, այնտեղ եմ ծնվել, ամեն ինչս կապված է այդ քաղաքի հետ, ուղղակի, վաղուց էի ուզում լինել Հայաստանում, Երևանում: Տատիկս, որ մահացավ, շատ փոքր էի, չէի կարող գալ: Հետո էլ, հյուրանոցին փող տալու փոխարեն, տուն է, ապրում եմ: Ինձ ուրիշ բան պետք էլ չի, մեկ է, ամբողջ օրը տանը չեմ լինում: Որոշել եմ ծախել այս տունն ու գնալ:

—          Հա, շատերն ասում են, որ հայրենիքը, հայրենիքում ապրելն ուրիշ է, չէ՞, բայց քո հայրենիքը ուրիշ տեղ է, փաստորեն:

—          Չէ, դու մի քիչ ավելի կոպիտ կամ ռեալ ես ասում: Ես սիրում եմ Հայաստանը, ես հայ եմ, բայց ինձ ավելի շատ հարազատ է այնտեղի կյանքը, կենցաղը: Մի տեսակ օտար ու մենակ եմ ինձ զգում այստեղ: Աշխատանք, ընկերներ, տուն… Ամեն ինչ այնտեղ է: Պարտադիր չի հայրենիքը սիրելու համար այնտեղ ապրել, կարևորը քո արմատները գիտակցելն է: Դա հայրս է ասում: Նա բանասեր է, հիմա էլ այնտեղ հայոց լեզու է դասավանդում: Իսկ դու ի՞նչ ես աշխատում:

—          Ես պահակ եմ կարամելի գործարանում, հիմա արձակուրդի մեջ եմ, կինս էլ է բանասեր: Հիմա մենք բալիկի ենք սպասում:

—          Երանի ձեզ: Երևի, այստեղ ընտանիք կազմելն ավելի հեշտ է: Այնտեղ գործնականը, կարիերան, բավականին հետաձգում են ընտանիքների կազմավորումը: Ինքդ արդեն, ակամա, չես էլ մտածում դրա մասին, մինչև օրերի վազքում պատահական ստացվում է:

—          Ազատ լինես, հոգնես վազվզոցից, համեցիր, թեկուզ, երբ ծախես տունդ ու գնաս Մոսկվա: Իմացիր, որ միշտ այստեղ գիշերելու տեղ կունենաս լավ ընկերների մոտ:

—          Հա, դա էլ է ինձ դուր եկել Հայաստանում: Մեզ մոտ նույնիսկ բարեկամները չեն կարողանում գիշերել միմյանց տանը: Ամեն ինչ կասկածելի է, ամեն ինչի մեջ հարցեր կան: Կասկածների օդ է:

—          Փոքր ժամանակ, մենք ընկերներով, վախենում էինք ձեր տնից, — դա Վարդանն ավելի շատ իր համար ասաց, ու սկսեց ծիծաղել,- դե երկար ժամանակ մարդ չէր ապրում, ապակիները կոտրած, խորհրդավոր էր: Այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ, երբևէ, այսպես հանգիստ նստած կլինեմ այս տանն ու թեյ կխմեմ…

Վարդանը գնաց տուն և ամեն ինչ պատմեց կնոջը: Ներքին ուրախություն կար մի տեսակ: Ոգևորություն: Ուզում էր բոլորին համբուրել, երգել: Բայց մարդիկ, գրեթե միշտ, խուսափում են ազատություն տալ զգացողություններին կամ իրենք իրենց:

Աղջիկը` Մերին, մի քանի օրից վաճառեց բնակարանն ու գնաց Մոսկվա: Տաղավարում ամբողջ օրը հավաքվում էին բակի բնակիչները: Ցերեկները` կանայք, երեկոյան, մինչև ուշ գիշեր` տղամարդիկ: Բակը մի տեսակ փոխվել էր, լցվել: Մարդիկ սկսել էին նորից մտերմություն անել, չնայած երեկոյան մեկ մեկ աղմուկ էր լսվում տաղավարից, երբ թղթախաղի ժամանակ տաքանում էին տղաները: Կյանքն աշխուժացել էր:

Առավոտյան Վարդանը սովորականից ուշ արթնացավ, չնայած գիշերն ուշ չէր պառկել: Դուրս եկավ բալկոն, սովորականի պես ծխեց, բնազդաբար աչքը գցեց հինգերորդ հարկին: Մարդիկ էին ներսում երևում: Բայց ո՞նց: Բա սավաննե՞րը: Մարդիկ բանվորներ էին: Նրանք հանել էին լուսամուտները, հիմա էլ կանաչ ծեփն էին թափում պատերից: Ներսից փոշի էր դուրս գալիս: Վարդանն ինքնագոհ ժպիտով մտավ տուն, համբուրեց կնոջ փորիկն ու իջավ բակ: Քայլեց դեպի այն եկեղեցին: Մարդ չկար: Պարիսպը քանդել էին: Եկեղեցին վերակառուցում էին: Ցուցատախտակ էին կանգնեցրել, որի վրա նախագիծն էր, կառուցող ընկերության տվյալները և եկեղեցու պատմությունը: «Սբ. Կաթողիկե» եկեղեցի, 13-րդ դար: Իրականում Վարդանի տեսած եկեղեցին, մատուռն էր, իսկ մնացածը քանդվել էր: Հիմա որոշել են վերականգնել: Դառնալու էր մեծ, հզոր կառույց: Վարդանը պտտվեց եկեղեցու շուրջը: Փորձում էր գտնել այն խաչերն ու փորագրված անունները, որ երեխա ժամանակ ընկերների հետ գտել էին: Չէր ստացվում կարծես: Այն ժամանակ շատ շատ էին, իսկ հիմա մի քանիսն է ընդամենը գտել: Նայեց գմբեթի մոտի քարին: Ծխեց: Եկեղեցու տանիքին խոտ էր աճել: Նստեց նստարանին: Հիշեց պապու խոսքերը. « Վարդան, մեր ազգը կառուցող ա եղել, հայը ուր ընկել ա, մի բան սարքել ա: Կամուրջ, եկեղեցի, տուն: Հային սաղ աշխարհը կառուցող ա ճանաչում, ստեղծող: Դու էլ տենցը լինես, բալես: Ինչ էլ անում ես կյանքում, դեմդ ա դուրս գալու մի օր: Լավություն արա մարդկանց»:

Երեկոյան Վարդանը բակում էր: Տաղավարում նստած շախմատ էր խաղում: Բակ մտավ մի գեղեցիկ, նոր ավտոմեքենա: Տաղավարում բոլորը լռեցին ու թեքվեցին դեպի այդ մեքենան: Մեքենայից ուրախ իջավ Կառլենը:

—          Կառլե՞ն, խեր ըլնի, — Արտյոմն էր, — քոնն ա՞:

—          Հա, նոր եմ առել, բայց ապառիկով:

—          Անփորձանք լինի, — համարյա միաբերան ասեցին բոլորը:

—          Մաղարիչով ըլնի, — ասաց Արտյոմը, — այսինքն, հիմա հանգիստ քնելու ենք առավոտները, հա՞:

Կառլենը մեքենայից մի արկղ գարեջուր հանեց, դրեց տաղավարի սեղանին: Ու շարունակվեց եռալ կյանքը բակում` տաղավարում: Էլի սկսեցին հիշել, թե ով, ինչ մեքենա է ունեցել, թե ում պապն է առաջին «Քսանչորսը» քշել, կատակեցին, լավ հարբեցին, էլի խմիչք առան:  Մինչև ուշ գիշեր:

Վարդանն արթնացավ: Լուսաբաց էր: Դուրս եկավ պատշգամբ: Թեթև, սառը քամի էր: Սուր, մաքուր օդ: Չծխեց: Հինգերորդ հարկի պատուհանից նայող մարդը ծանոթ թվաց: Կիսաճաղատ, վերնաշապիկով տղամարդ էր. ծխում էր: «Քեռի~…», — ինքն իր մեջ  կամ քթի տակ ասաց Վարդանն ու ձեռքով արեց: Տղամարդը նույնպես:

—          Վարդա~ն, Վարդա~ն, — կինն էր ձայն տալիս: Վարդանը մտավ ներս, — սկսվե~ց, սկսվե~ց, ա~խ…:

Վարդանը վերցրեց հեռախոսն ու զանգեց «Շտապօգնություն»: Մինչ նրանց գալը, գրկել էր կնոջ վիզն ու շոյում էր քրտինքից խոնավացած, երկար վարսերը: Քիչ անց բժիշկներն եկան: Վարդանը նրանց հետ իջավ: Բակը բազմամարդ էր:

—          Կառլե~ն, ավտոդ «խոդ տուր», — Արտյոմն էր, — մեր համար տղա ենք ունենում հեսա:

Վարդանը նստեց «Շտապօգնության» մեքենան: Արտյոմը և էլի բակի տղաներից մի երկուսը` Կառլենինը: Մեքենաները բակից դուրս եկան…

Google