Լուսաբացից առաջ

31-12-2011

lusabacՔեզ համար կյանքն այնքան հեշտ է անցնում, ինչպես վայրկյանացույցի համար մեկ պտույտը սլաքների հետ խաղում… Որտեղի՞ց եկար ու վարակեցիր կյանքս քո անհոգ ծիծաղի երանգներով տարբեր, քո մտերիմ ձայնի սփոփանքով քնքուշ…

Վաղն ամեն ինչ կանէանա այնպես, ինչպես չէր էլ եղել երբեք, ինչպես ի սկզբանե երկրագնդով մեկ դինոզավրեր էին հիմարի նման վազվզում անվերջ: Նրանցից գոնե ոսկորներ կան, նրանցից մի բան պահպանվել է դեռ…

Ես կցնդեմ քո կյանքից այնպես, ինչպես օծանելիքդ, որի սրվակի կափարիչն անփութորեն մոռացել էիր փակել… Սրվակից գոնե երկար ժամանակ այդ բույրը կգա…

Ես կմոռացվեմ այնպես, ինչպես մերժվում ու մոռացվում են ժամանակի հզոր քաղաքական դեմքերը մեծ հեղափոխություններից հետո… Նրանց մասին գոնե գրքերում գրում են…

Հիմա ես պայքարում եմ ինքս իմ դեմ, որ գոնե ես ինքս ինձ չմոռանամ անզգույշ ու քո անհետ կորելուց հետո հիշեմ, թե անունս որ տառերով է պետք գրել… Ինձ կմոռանաս այնպես, ինչպես մոռացել ես մյուսներին, ովքեր կամ որոնք մի ակնթարթ անցել են կյանքիդ բազմազբաղ վայրկյանների արանքով…

Հույսերի մեջ դրված վաղվա հավատները ուզում եմ, որ անվնաս ապրեն իմ ու քո համար, ուզում եմ, որ վաղը նույնպես այնքան վստահ լինեմ քո լինելու վրա, ինչքան հաստատ է այն, որ հիմա անհնար է առանց քեզ…

Google