Լվացք

31-12-2011

605_460506453993011_1695777133_a(2005թ. ներկայացվել է ՀՀ նախագահի մրցանակին)

 

Սովորականի պես փակեցի մեր նախկին տան խաչմերուկում գտնվող թերթի կրպակն ու այժմ, վառելով հերթական տուփի վերջին սիգարետը, փոքր-ինչ շտապելով գալիս եմ քեզ մոտ: Մոտդ այլևս չեմ ծխելու: Այն օրը, երբ այգում նստած էինք, թեև ես հեռու էի, բայց զգացի, թե ինչպես ես լսում, որ ծխում եմ:

Երեքշաբթի է: Այսօր բոլոր թերթերն էլ լույս են տեսել: Ես քեզ համար գրեթե բոլոր և’ հետաքրքիր, և’ անհետաքրքիր հոդվածներն անգիր եմ արել. երկու օր ոչինչ չես լսել: Գիտես ինչ, երբ ձանձրացա թերթերի ամենօրյա հոդվածները հեքիաթների տեղ քեզ պատմելուց, ինքս ինձ զարմացա, թե ինչի±դ է պետք, ասենք, Ուկրաինայի և Չինաստանի նախագահների հանդիպումները, երբ դու չես տեսնում Արուսի պատշգամբում ամառ-ձմեռ կախված չորացող կանաչ լոբիների խրձերը և այն աղջկա, միշտ մեր պատուհանին նայող խաժ աչքերը: Ամեն անգամ տուն գալիս դու սպասում ես ինձ, որ վրադ գցեմ այն բարակ կանաչ ժակետը, գրկեմ մեջքդ ու զգույշ իջեցնեմ երրորդ հարկից` տասական ձանձրալի աստիճաններով: Հետո, ինչպես ամեն անգամ, կքայլենք դեպի այգի: Քեզ հետաքրքիր է ծառերի հոտը, իսկ ես այն աղջկան եմ ուզում գրկել: Կնստես ամենախուլ անկյունի լապտերի տակ դրված երկու փայտանի նստարանին, որը ժամանակին երեք փայտ է ունեցել, մեխված անտեսությամբ կնայես դեպի անորոշություն: Ես էլ պիտի երկու ժամ կանգնեմ քո դիմաց ու սպասեմ: Արդեն ծխել էլ չեմ կարող: Կսպասեմ, մինչև ծեր հավերի նման կգան ու քսանական րոպեյով կողքիդ կշարվեն ճիշտ հերթականությամբ, կարծես գրաֆիկով` Վարսիկը, Տանյան ու Սուսանը: Ու կսկսեք հանգիստ չթողնել Ուկրաինայի, ապա Չինաստանի նախագահներին, դոլարի կուրսին, եղանակը կամ ջրհեղեղները Աֆրիկայում: Իսկ աղջիկն անընդհատ պտտվում է մեր դիմաց, նույնիսկ չորս բաժակ արևածաղիկը, որ գնել է նույն այդ Վարսիկի մոտից, վերջացրեց:

Տուն գալիս, քանի որ ,,նույն ճամփի վրա ենք”, ես կվերցնեմ Վարսիսկի փոքր աթոռն ու ծալովի սեղանիկը, և երևի այն աղջիկը կմտածի, որ դա իմ մորաքույրն է: Ես մինչև այսօր էլ չեմ գտել այն բառերը, որ ասեմ Վարսիկին, երբ այդ աղջիկը մոտենա: Թող նա չմտածի, թե ես այդպիսի մորաքույր ունեմ:

Նորից մեջքդ գրկած կբարձրացնեմ երրորդ հարկ` մեր տուն, այն հին ու փոշոտ տասական աստիճաններով: Քեզ կպառկեցնեմ ու կվազեմ ճաշ եփելու, կփռեմ երեկվա լվացքն ու կրկին ներողություն կխնդրեմ տակի հարևանից, որ մոռացել եմ քամել: Ու նույն հանգիստ հիմարությամբ կնստեմ, կծխեմ մի քանի գլանակ, մինչև ճաշը սառի ու դնեմ սառնարանում, հետո զգույշ, որ հատակը չճռռա, կքայլեմ դեպի իմ մահճակալն ու զարթուցիչը միացնելով կքնեմ` ամբողջ գիշեր մի ականջս քո ձայնին: Առավոտյան զարթուցիչից հինգ րոպե շուտ պետք է արթնանամ, որ այն իր զնգոցով քունդ չխանգարի: Կտաքացնեմ ճաշը, թեյն ու կամաց քեզ ձայն կտամ: Կգրկեմ քո մեջքը, կտանեմ զուգարան, հետո լվացվելու և ճաշելու: Կգնամ, կբացեմ թերթի կրպակս ու կսկսեմ նոր հոդվածներ անգիր անել, իսկ դու ամբողջ օրը կսպասես ինձ: Երեկոյան էլի նույնը: Թո’ղ: Թեկուզ անբարոյական անասուն եմ ես, բայց ինչ անեմ, զզվել եմ քեզանից, քեզ զուգարան տանելուց, այգում սպասելուց, գիտե±ս, ես մա’րդ եմ: Քո աշխարհն այնքան փոքր է, իսկ դու` ծեր: Իսկ իմ աշխարհը սահմաններ չունի, ես տեսնում եմ բնության կանաչը, այն աղջկա խաժ աչքերը, Վարսիկի բերանից կաթացող թուքը, ու ես իմ հաճելիներն ունեմ ու տհաճները, լսու±մ ես, իսկ քեզ համար ամեն ինչ նույնն է, նու’յնը: Ես դեռ քո չափ պետք է ապրեմ: Գիտե±ս, քո փոխարեն, մեծ հաճույքով շուն կպահեի: Եթե ուզենայի, կտանեի նրան զբոսանքի, եթե ոչ, նա մենակ կգնար և թեկուզ կորեր: Իսկ քեզ կորցնելը, թեև ինձ համար սովորական, բայց Վարսիկների, ոստիկանների ու Աստծո առաջ շատ մեծ մեղք է: Իսկ ես աստված չեմ ու չեմ էլ լինի, և հետևաբար, ծով համբերությամբ օժտված լինել էլ, ախր, չեմ կարող: Դու կյանք ես տվել ինձ, ապա վերցրել ու ամեն օրս ես ապրում, չէ’, սպանում եմ քեզնով, քո տարտամ օրվա նույն-նույն ձևերով:

Ահա, բանալին ուժեղ շրխկոցով փականի մեջ եմ այժմ մտցնում, որ դռան ձայնից դու ուրախանաս, իսկ ես, տեսնելով քեզ միջանցքում նստած, կեղծավոր ժպիտը երեսիս մեխած, կյանքս անիծեմ: Բացվում է դուռը, իր կարճ երկայնքով և միակ ու հին, մեծ բազկաթոռով մեր նույն միջանցքը: Կարմիր, ճղճղված մեր բազկաթոռը, իսկ դու… նստած չես… Դավադիր ու սառը, եղյամի մեռնող կաթիլների պես, քրտինքն ինձ պատեց: Մահճակալդ… Իսկ դու վրան անփույթ պառկած, կարծես, նետել են քեզ այդտեղ քաջքերը սև, սատանաները  խաչատյաց (կամ ինչպես ես): Մոտեցա, նայեցի քո սառը, գունատ, անհոգ ու ոչինչ չտեսնող փակ աչքերին ու բարի, չէ’, անմե’ղ դեմքին: Նրանից մեղմ խռմփող էր գալիս: Կռացա, համբուրեցի անդիմակ ճակատը. մա’յր, չթողնե’ս ինձ մենակ, ի՞նչ եմ անելու առանց քեզ:

Դրսում վարար անձրև էր սկսվել: Արուսը պատշգամբից հավաքել էր չորացած կանաչ լոբիների խրձերը ու երգ էր լսում:

Google