Մարդը

18-04-2013

807558_3Ինչ որ տեղ ապրում էր մարդը…

Նա ծնվել էր մենակ կամ դարձել էր այդպես դժվար է ասել, քանի որ այնքան վաղուց էր նա կնքվել մենակ, որ անգամ ամենամտերիմ համարվողները չէին կարող ստույգ ասել: Նա քայլում էր առաջ ու երբեք հետ չէր նայում, նա երբեք երբեք չէր խուսափում քայլն առաջ դնելուց ու երբեք ոչնչից հետ չէր կանգնում… Նրան գուցեև սիրում էին շրջապատողները կամ ընտանիքի անդամները, բայց դրա մասին նա չգիտեր, նրան ոչ մեկ չէր ասել, որ սիրում է… Նա չգիտեր, նա չէր էլ կարողանում զգալ… Նրա մեջ այնքան բան էր մահացել մի ժամանակ, այնքան մարդ էր մահացել նրա կյանքում, այնքան մահ կար ուսերին ու հոգու մեջ, որ զգալը նույնպես թաղել էր մնացյալի հետ… Նրա կյանքում միայն գերեզմաններ կային, որոնց երբեմն երբեմն այցելում էր… Երբ հասնում էր վերջինին, արդեն գալիս էր առաջինին այցելելու ժամանակը ու մի օր նա ձանձրացավ այդ պարապ զբաղմունքից, որովհետև հասկացել էր, որ նրանց, ում համար ինքը գնում է, չի կարելի փնտրել այդ քարերի տակ կամ հողի մեջ… Նա հասկացավ, որ կա վերջ և դա մահն է… Եվ մահը դրսեվորվում է տարբեր վերջերի տեսքով… «Ես քեզ սիրում եմ» հաճախ ասում էին նրան ինչ որ աղջիկներ… Նա մի պահ մտածում էր, թե ինչ է սիրելը և հիշում, որ աշխարհում ամեն ինչի համար կա մահ ու փորձում էր հիշել, թե երբ կամ ինչ պայմաններում է մահացել իր մոտ սիրելը կամ որտեղ է այն հիմա թաղված… Գոնե ծաղիկ կտաներ կամ կնայեր, որ գերեզմանին մոլախոտ չբուսնի, վերջիվերջո սիրելն իրեն շատ հարազատ է եղել, որ մինչև հիմա հիշեցնում են, երեսով են տալիս… Ամեն ինչն ունի իր մահը, մտածում էր մարդը ու զարմանում, թե ինչու են իրեն մեղադրում անտարբերության, իմիջիայլոցության մեջ… Չէ՞ որ մահը գուցե այցելել է այն բոլոր մտքերին ու վերաբերմունքներին, որ այսօր ինքը չունի… Իսկ ո՞վ է ասել, որ պիտի ունենա… Նա իրեն անընդհատ ստիպում էր չկապվել ուրիշների հետ, չսովորել նրանց, քանի որ մահը ամեն ինչից բացի, բոլորի համար է… Եվ ի՞նչ կլինի, եթե ինքը իր առօրյան փոխի ինչ որ մեկի համար, հրաժարվի իր սովորական կյանքից ու մահը գա… Գա ու տանի իր գլխավոր հերոսին, ինչպես մի քանի անգամ եղավ, երբ առանց ամաչելու աղջիկն իրեն ասաց. «Ես քեզ հետ այլևս չեմ կարող, ես գնում եմ…»: Ու գնաց, պատկերացնու՞մ եք… Ու չհարցրեց` «Մարդ, կարելի՞ է ես գնամ, որովհետև, երբ ես գնամ, դու այլևս չես զարթնելու ժամը ութին, ամեն անգամ, երբ բացես պահարանը, շորերդ հավասար ու խնամքով դարսված չեն լինելու, ամեն անգամ ինքդ ես մտածելու, թե ինչ ուտել ու մենակ ես նստելու սեղան»… Ոչ մեկ չասաց, բայց բոլորը գնացին… Ու մարդը սովորեց իր առօրյային, սովորեց բոլոր բոլոր անելիքներն անելուն ու սովորեց, որ ոչ մեկ չի սպասում իրեն, որ ոչ մեկ չի անհանգստանա, եթե ինքն այդ օրը չբացի տան դուռը… Թերևս միայն դիմացի հարևանը զարմանա, եթե աշխատանքի գնալիս միասին չսպասեն վերելակին… Մարդը շատ բարի էր… Նա ոչ մեկի ոչինչ չէր մերժում… Նա կարողանում էր տալ ինչ ուներ ու հետո հետ չպահանջել… Նա չէր կարողանում մարդկանց պարտքով ինչ որ բան տալ… Նա տալիս էր, եթե ունենում էր ու չէր էլ մտածում, որ հետ կստանա ու երբեք էլ չէր ստանում… Նա օրինակելի էր: Բոլորը նայում էին նրան ու մտածում, թե որտեղից այդքան լավ ընկերներ, այդքան հարազատ մարդիկ ունի, թե ինչու՞, ո՞ր արժանիքի համար են բոլորը սիրում նրան… Իսկ ինքը միշտ մտածում էր, թե որտեղ է թաղել սերը, նստում ու մտածում էր, թե ինչից մահացավ… Նա աշխարհի ամենամենակ մարդն էր… Նա այնքան մենակ էր, որ երբ մի օր կախվեց, ոչ մեկ երկար ժամանակ չիմացավ այդ մասին ու հետո բժիշկներն անգամ դժվարացան նշել մահվան կոնկրետ օրը… Նա կախվեց վերջին ունեցածը թաղելուց հետո…

Google