Մեծ բաժանումը

05-02-2014

image54351158Ես գիտեմ, որ սա սկիզբն է դատարկությամբ համեմված մեր անճիշտ կյանքի, սա մի հերթական, բայց ոչ հարատև մեծ բաժանում է երկուսիս համար… Արդեն սովոր ենք Մեծ Բաժանումին, որը մեզ համար հազարից ավել օրեր է տևել…  Ախր ես գիտեմ, դու էլ ես հաշվել ամեն մի ժամը, ամեն մի րոպեն տարի է եղել նաև քեզ համար ու ամեն վայրկյան դու երազել ես իմ կողքին լինել, այնպես ինչպես ես ամեն առավոտ զարթնում եմ հույսով, որ քո աչքերն եմ տեսնելու կողքիս, կիսափակ, քնատ ու հեքիաթային առավոտների երջանիկ ցողով… Ես ճանաչում եմ աչքերիդ փայլը, ես տեսել եմ դրանք օրերում, այն կարճ ու շատ խիտ մեր երջանկության մի քանի օրում, որում ես նորից սիրահարվեցի, գտա իմաստը իմ աշխարհ գալու, իսկ դու հասկացար, թե իրականում ինչին ենք ձգտել իրարից հեռու անցկացրած հազար, ու մի փոքր էլ ավել, օրերի վազքում… Ես գիտեմ, որ էլի ռոբոտ կդառնանք, կանջատենք մեր մեջ եղած հույզերը, կապրենք շատ արագ, առանց զգալու, որ թեթև անցնի մեր Մեծ Բաժանման հերթական չափը…

Մի հուսահատվիր ու մի թուլացիր, ես զգացել եմ քո միջի վագրին, քո միջի անզուսպ ու ուժեղ եսին: Ժամերի տարբերությունն է անգամ բաժանում, անգամ օրն ու գիշերն է մեզ համար տարբեր, անգամ դրոշի ու անձնագրերի գույներն են ուրիշ: Բայց հազարավոր կիլոմետր այնկողմ, այնպես, ինչպես ես, հիմա դու տխուր, անհանգիստ ու լուռ, քայլում ես դատարկ, մութ սենյակներում, տեղդ չես գտնում, չես հանգստանում… Ես դա լավ գիտեմ, արքայադուստրս… Ես գիտեմ, որ մի պահ թվում է, թե այլևս օդ չկա, թվում է, թե պատերն են փոքրանում ու փորձում են ճզմել, անզորությունից խուլ ճչում ես մի պահ ու զգում ես, որ ձայնդ կորավ, այնպես ինչպես ջրի մեջ, երբ փորձում ես գոռալ, քեզ թվում է, թե անվերջ է գիշերը, անվերջ են ցերեկները, բայց լեթարգիական այս լռության մեջ քամին բերում ու երեսովս է տալիս հառաչներիդ ելևէջները, բերում ու ուսերիս է դնում այն կարոտի ծանրությունը, որից երբեք չհագեցանք, որն անընդհատ փորձեցինք առնել իրարից միասին անցկացնելով մեր կյանքի լավագույն ժամերը, բայց որն ավելի ահագնացավ ու ավելի խորը արմատներ տվեց… Իսկ հիմա ամեն ինչ իզուր է… Հիմա մոլախոտի պես ժամ առ ժամ մեծանում է այն ու փաթաթվում է մեր առօրյային, ամեն ինչից շեղում ու ամեն ինչից զրկում է մեզ…

Ես ատում եմ այս անզորությունը, որն իմ համար պարտության նման է… Ես քեզ հետ միասին հաղթել եմ հազարից ավել տևած օրերի Մեծ Բաժանումը, ես դիմացել եմ ստին, չարախոսությանը ու թեև մի պահ դավաճանի պես կասկածել եմ քեզ ու չեմ հավատացել ինձ, բայց հետո վերագտել ու ապաշխարել եմ, հետո ամաչել եմ… Վերևից եկած Նշանները մեզ հասկացրել են ամեն ինչ… Ամեն մի մանրուքում Նշաններ են եղել, որոնք հիմա ենք նկատում, երբ ազատվել ենք բամբասանքի նմանվող ատելության փոշուց, երբ հասկացել ենք, որ ամեն ինչ ավելի պարզ ու հեշտ էր, քան մեզ մատուցվել է երբևէ… Ու հիմա, երբ հաղթած մոտենում ենք վերջնակետին, որովհետև չենք հավատացել մեր իսկ դրած վերջակետին, մեզ այլևս ոչինչ չի կարող ետ պահել մեր երազանքից…

Հաղթիր ուրեմն մնացյալ ամենը և սպասիր, որ գամ ու հենվես ուսիս, որ արդարացնեմ մեր այսքան տևած չարչարանքները, որ աչքերիցդ սրբեմ արտասուքի կաթիլը վերջին, որ դառնամ քո մեջքը, որ լինեմ քո ուժն ու երջանկությունը…

04.09.2013թ.

Google