Մեզանից մեկը

31-12-2011

598941_460521907324799_102392158_aՄենք երկուսս էլ նույն բաները չենք ունեցել, գրեթե, ու ունենալուց ունեցել ենք նույնը: Երբ ես քարշ էի գալիս անկյուններում տարբեր, տարբեր օտար ու լուռ հայացքների ներքո, դու անարժեք համբույրներ էիր բաժանում ու քայլում` ցուցադրելով հիացմունքի արժան քո ամեն ինչը: Դու փոքր էիր, ես ավելի մեծ, բայց ծովն երկուսիս ծնկներից էր: Ես քեզ չգիտեի, դու ինձ չէիր ճանաչում, բայց գուցե հանդիպել էինք մեր բազմասեր կյանքում, իրարից անջատ, իրար հարևան կամ փողոցներում… Ես քեզ չեմ նայել կամ դու հաստատ ինձ ու թե նայել ենք, տեսնելու համար , այլ ոչ թե զգալու: Ես էժան, ծախու, արվեստագետ էի ու դաս էի տալիս ում որ պատահեր: Ես ինձ ծախսում էի ամեն մեկի հետ , ամեն մի բակում, խուլ անկյուններում ու չէի էլ հիշում ուսանողներիս, աշակերտներիս կամ աշխատանքը նրանց «դիպլոմի»: Դու անսանձելի, անհասանելի, ապրում էիր հպարտ, ապրում աջուձախ: Քեզ համար հաճույք էր հրապուրելը, ցույց տալ` չտալը: Ու կայանում էինք հիմարների հաշվին, դու այդպես հեռու, ես այսքան էժան, դու անհասանելի, ես միշտ հանպատրաստ: Միաժամանակ, գրեթե, հավասար, մեզ տրորեցին: Ինձ` բժիշկները, իսկ քեզ` «եսիմ ով»: Նույն տևողությամբ` հինգ-վեց րոպեում: Քեզ ինչ-որ մեկը իջեցրեց փառքից, դարձրեց իրենը ու օգտագործեց… Լավ օգտագործեց ու դեն շպրտեց, սարքեց հասարակ, դարձրեց հերթական… Թե ինչ ու ինչու, որտեղ կամ ինչպես, էական չի դա: Դու թակարդն ընկար: Ինքդ քո ձեռքով: Ես չհասկացա, թե ոնց պատահեց, որ ինձ տվեցի ապրելու համար: Ես միշտ տալիս էի ինձ` ապրեցնելու, բայց այսօր ինչ-որ օրերի համար… Սուտ ու անիմաստ: Բժիշկը տխրեց, տատս բարկացավ, հետո սկսեց լալ, ու նորից հետ շպրտեցին ինձ դեպի այս նոր կյանք, դեպի այսօրվա անիմաստություն: Ու կարևոր չի ինչպես ու երբ, բայց օրերի դադարներում մեզանից մեկը գտավ մյուսին… Ես սկսեցի հռհռալ իմ մեջ նրա ախմախ անչափահաս վիճակի, նա` իմ ապուշ փորի, բայց մի օր անզգուշաբար դա անցավ: Մենք հանդիպեցինք այն ժամանակ, երբ իրար տալու ու վերցնելու ոչինչ չէր մնացել… Ես կորցրել էի, նա` նվիրել, ու այդպես դատարկ, վերջացած մենք հիմա գրկում ենք իրար ու տխրում մերթընդմերթ: Նա, որ անցողիկ եմ… Ես, որ կիսատ պռատ եմ ստացել նրան… Ու ամեն անգամ ես լուռ համբուրում եմ նրա ձեռքի ափն ու ամուր գրկում, իմ մեջ գոռալով. «Կներես, որ ուշացել եմ»: Նա թուլացած հանձնվում է ձեռքերիս մտածելով, որ սա, հնարավոր է, վերջին անգամն է… Մենք կիսատ-պռատ ենք, կարծես մի ոտանի… Ու հիմա քարշ ենք գալիս կյանքում մեկս մյուսին հենված, մեկս մյուսով ուրախ, մեկս մյուսով քայլող… Ու երազում… Այնքան տարբեր ու նման բաների մասին… Ու այնքան տխուր… Ու երազում… Ու վերջ:

Google