Մի բան ասե՞մ` անցած լինի

05-02-2014

935997_621417391235249_486462227_aՔո զանգից հեռախոսս փչացավ: Հիմա չեմ հարցնում ինձ` ե՞ս էի անհարմար ու թեք դրել, թե՞ քո համառության շնորհիվ այդքան երկար ճանապարհ անցավ հեռախոսս դռդռալով ու հայտնվեց լվացարանում: Չի կարելի բաղնիք մտնել հեռախոսով, երևի: Դու ինձ նորը կնվիրես, գիտեմ, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. ես այդ հիմար ու անիմաստ թանկ հեռախոսը վաճառել էի, որ այս նոր կիսաշեկին տեղ տանեմ:

Գիտե՞ս ինձ մի անչափահաս էր փորձում իրենով անել, փոքր, դեռ նոր – նոր կյանք մտնող, բայց մեծ հետույք ուներ ու անլվա էր մի տեսակ: Լավ, լավ, մի ժպտա այդքան խորամանկ, ես հո քեզ չե՞մ փոխի դրա հետ: Մեկ անգամ եմ տեսել, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. ես երեք օր ամեն գիշեր երազումս նրա կրքոտ աչքերն էի տեսնում ու էլ չասեմ ինչ, ու երբ հեռախոսիս չէի պատասխանում, դա ոչ թե, որ այն արդեն չկար, այլ ես ուսումնասիրում էի, թե ինչ գույն են ունենում այդ տարիքում … Կարևոր չէ… Մի բան ասե՞մ` անցած լինի. ես այդ կիսաշեկին այդպես էլ չեմ պատմել, որ դու կաս, չէ՞ որ դրանով ես կջնջեի նրան իմ մեծ ցուցակից, իսկ այսպես լինելդ կպահեմ այնքան, մինչև հոգնեմ նրա միալար հևոցներից:

Ես հիվանդ պառկած էի, ազնիվ խոսք, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. այնքան վատ չէի, որ չկարողանայի խոսել հետդ ու ջերմությունս էլ ահավոր բարձր չէր, ուղղակի, մի վերմակ էի գցել վրաս, զանգել էի իմ հին սերերից մեկին ու տրտնջացել, թե վերջին օրս է, մեռնում եմ ջերմից: Սա էլ, ում մեջ ես հավերժ կմնամ ու հավերժ կլինեմ իր չարաճճի փոքրիկը, ուրախ – ուրախ, մի քիչ անհանգիստ վազել էր մոտս: Մի բան ասե՞մ` անցած լինի… Չէ, այս մեկն ասելու էլ չի, սա հաստատ անցած չի լինի, բայց հավատա, նա միշտ այդ հարցում գերազանցել է բոլորին, հա, նաև քեզ…

Փոքր ժամանակ բակում բոլորն իմ թիմից էին ուզում խաղալ (ես զղջում եմ, որ չեմ մտել մեծ քաղաքականություն) ու ոչ թե նրա համար, որ ես լավ էի խաղում բոլոր խաղերը, չէ, այդպես չի լինի, այլ ես աշխարհի ամենադաղալն էի ու ամենաազնիվը, ով դեռ խաղի կեսից ասում էր. Մի բան ասե՞մ` անցած լինի…

Մի բան ասե՞մ` անցած լինի… Դու էլ չկաս այնպես առանձին ու հատուկ ինչ-որ տեղ, ինչպես ինչ-որ մեկը կամ միակը պիտի լինի, դու էլ ես ցուցակի մեջ, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. այդքան ջանքեր մի թափիր իզուր, չի ստացվում քեզ մոտ ոչմիբան… Ես արագ-արագ ծխում եմ ափսոսելով ամեն գիշերս ու մտածում վերջինը կազմակերպելու մասին…

31.10.2013թ.

Google