Նամակ

31-12-2011

66254_460507180659605_2079442062_aԵղել է ժամանակ, երբ ուզել եմ մենակ մնալ, եղել են հուսահատության պահեր, երբ ամեն ինչ մի վայրկյանում վերջացած է թվացել, և սպասումների ու հույսերի համար փակ են եղել ամեն տեսակ դռներ ու հոգիներ… Ժամանակ էր, երբ ոչինչ չկար, ժամանակ էր, երբ բաժանումն արդարացված էր ու կարոտը ստիպողական ու անտեղի… Արս, հիշում ես, թե ինչպես էի քեզ փոքր ժամանակ հանում մահճակալից ու հագցնում շորերդ…`Հիշում ես, թե ինչքան ժամանակ էինք մենակ մնում ու խաղում… Դրանք մանկության ու հույսի տարիներ էին, լույսի ժամանակ էր… Հետո, նայելով քո անհոգ դեմքին ուրախանում էի, որ ոչինչ չգիտես ու ոչինչ դեռ չես հասկանում… Դու մեծացար, դարձար ինձանից բոյով ու Մեծ, ինչպես ժամանակին երազում էիր, երբ փոքր ժամանակ իրար փաթաթված թավալվում էինք գետնին ու միշտ ես հաղթում էի… Գիտես, ես հիմա հպարտ եմ, որ ունեմ քեզ, ես հիմա մենակ քեզանով եմ ուժեղ… Իմ այդքան շատ ընկերներից, երբ օգնության կարիք էի ունենում, միշտ քեզ էի ասում, ու քո համարն էի հավաքում: Արս, չես հասկանա, թե ինչքան ուրախ եմ, որ կողքիս ես, որ ես այսպես էլ մենակ չեմ մնացել այս հիմար ու չիմաստավորված կյանքում: Ես  ամեն ինչ քեզ համար եմ արել, ամեն ինչ արել եմ, որ ոչնչի պակաս չունենաս… Դու գիտես և ես գիտեմ, որ դեռ չլուծած հարցեր ունեմ, որ քո արևով եմ երդվել լուծել… Քիչ է մնացել, ամեն ինչ լավ է լինելու… Երբ հիմա կողքիս չես, մի դաժան բեռ եկել ծանրացել է հոգուս, քարացել կոկորդումս և ուզում է ինձ խեղդել… Հիմարության աստիճանի են արդեն հասնում մենակությանս ու կարոտիս ճնշումները… Ես իրոք հասկացա, թե ինչ է մենակությունը, թե ինչ է անքեզ մնալը, թեև դու ինձանից ընդամենը երեսուն կիլոմետր ես հեռու և ամեն շաբաթ ես տեսնում եմ քեզ: Չես մտածելու, որ ես քեզ չեմ սիրել կամ ինձ համար մեկ ես եղել միայն այն պատճառով, որ այսքան ժամանակ ես քեզ երբեք չեմ համբուրել, թեև ընկերներիս ու ընկերուհիներիս համբուրել եմ ամեն հանդիպման: Համբույրի մեջ չէ այն մեծ սիրո իրական ուժը: Առանց համբույր սերն ավելի բարձր է, որովհետև համբույրը չափազանց էժան է զգացմունք արտահայտելու համար: Արս, այն օրը մտածում էի և ուրախանում, տեսնելով, թե ինչքան լավ ընկերներ ունես, բայց ինձ ուրախացրեց այն միտքը, որ աշխարհում մենակ ես քեզ կարող եմ սրտանց ու ամենամեծ իրավունքով ասել «ախպերս»: Դա մեծ բան է, դա աշխարհի ամենամեծ բանն է: Արս, ես այնքան բաներ քեզ չեմ ասել, մենք , գրեթե երբեք, չենք խոսել միասին լուրջ և կյանքի մասին: Դու միշտ ինձ տեսել ես կողքից, իմացել ընկերներիս պատմածներից, և գիտեմ, որ շատ հարցեր քեզ մոտ անպատասխան են մնացել, շատ հարցեր էլ վրդովության աստիճան բարկացրել: Շատ կուզեի, որ դու ինձանից լսեիր, թե ես ինչքան եմ քեզ սիրում, ինչքան եմ քեզ հետ կապված, որ իմանայիր, որ քեզ համար կյանքս տալն էլ քիչ կլինի: Ինձ հիմա մի մազ է բաժանում մեծ պոռթկումից, ես ամեն պահ ինձ խոցելի եմ զգում ու թույլ, դա մենակության վատագույն դրսևորումն է, դու այդպես չանես, եթե երբևէ մնաս առանց ինձ, բայց ես խոստանում եմ միշտ լինել քո կողքին ու ամեն ինչում լինել հենարան ու թիկունք, ինչպես մինչ այսօր, նույնիսկ առավել: Հիմա արդեն երեկոյան 11-ն է, մեկ ժամից նոր տարի է, ես մենակ նստած եմ մեր սենյակում և ամեն տեսակ հետաքրքրություն կորցրել եմ ամեն ինչի նկատմամբ, դու երևի քնած ես կամ բանակային ընկերներիդ հետ սեղանի մոտ նստած սպասում ես 12-ին, գիտես շատ ընկերներ են գալու հիմա, մեր տանը միշտ էլ եռուզեռ է եղել, բայց հավատա ես մենակ քո կարիքն ունեմ, և կուզեի, որ բոլորի ու ամեն ինչի փոխարեն դու լինեիր այժմ կողքիս, ես բաժակ կբարձրացնեի քո առողջության համար, և կխմեի մեր հավետ միասնության կենացը, հավատա, աշխարհում ամենաշատն այժմ ես կուզեի, որ լինեիր ինձ հետ, ամենաշատն այժմ ես ունեմ քո կարիքը… Ես չգիտեմ, չեմ ուզում, որ ինձ նման ծանր տանես այս ամենինչը, բայց որոշ չափով, նույնիսկ հաստատ, համոզված եմ, որ դու չես զգում այս ամենը, քանի որ, դու քեզ երբեք մենակ չես զգացել, ես ամեն ինչ արել եմ դրա համար, և հիմա ես միայն ուրախ եմ ու երջանիկ: Չգիտեմ Արս, մի քանի րոպեից սեղան պիտի նստեմ առանց քեզ, չգիտեմ էլ ինչ եմ ասելու մամային ու տատիին, չեմ էլ ուզում որ գան ու գնան, չգիտեմ ինչի համար է այս ամենինչը: Արս, քեզ լավ պահիր, չմրսես, միշտ ուրախ եղիր ու ինքնավստահ, ինչպես մինչ այժմ, ես հավետ քո կողքին եմ, ես քո թիկունքն եմ, ինչպես դու իմը:  Իմացիր ուր էլ լինես, աշխարհի որ ծայրում էլ լինեմ ես, ինչ ել որ անեմ, վստահ եղիր, որ ինչպես միշտ, ես էլի կգամ գիշերները ու վրայիդ ծածկոցը կուղղեմ, որ երբեք չմրսես… Ու երևի այն մի քանի անգամների նման էլի չդիմանամ ու համբուրեմ քեզ: Ես մենակ ուրախ կլինեմ իմանալով, որ այժմ դու անհոգ նստած ես ընկերներիդ հետ ու դիմավորում ես գալիք տարին… Այս անգամ նվեր չունեմ, կներես… Քո կենացը, ախպերս…

Google