Նավը

24-05-2015

vyzyvanie_grozy1Լինում է, երբ սիրտդ լցված է լինում, լաց լինել ես ուզում ամբողջ հոգով, բայց մի քանի կաթիլ արցունք է դուրս գալիս, թեթև թրջում աչքերդ, չորանում, մի կես ժամ հետո էլի կրկնվում: Այդպես այսօր անձրև էր գալիս:

Դու ինձ հետ միշտ ասֆալտին ես ապրել ու վառվել են արմատներդ երևի, որովհետև ոչ մի տեղ չես կարողանում արմատ ձգել: Ես քեզ համար անընդհատ բնություն եմ հորինել, ինչպես այսօր, գետափ եմ գտել կամ տեղ, ուր ծխում են ու կա բարձր հոսանքի սյուն: Այսօրվա տեղը վաղն էլ չի լինի, ինչպես միշտ ոչ մեկի համար չեն եղել այն բոլոր տեղերը, ուր փորձել եմ քեզ համար բնության պատառ գտնել: Ակվարիումի միջի ձկան նման ես և այն կակաչների, որ հատուկենտ աճում էին քաղաքի փոշում: Լավ գրքեր կան, որոնք ժամանակին ստիպել են կարդալ, բայց դուրդ չի եկել ու թռնելով ես կարդացել, հիմա կանգնել ու ասում ես կարդացել եմ: Ինձ երբեք ոչ ոք չի ստիպել, բայց ես քեզ այդպես թռնելով եմ սիրել ու թե հիմա այսքան էլ մնացել ես մեջս, ուրեմն վերընթերցելն ի՞նչ կտա…

Երբ ուզում ես ամբողջ հոգով լացել ու չի լինում, դա ավելի վատ է, որովհետև հետո տասնապատիկ շատ է լինում պոռթկումը: Այդպես եղավ և եղանակի հետ: Մեզ տանողը նավ էր հին երգերով, կործանված նավ կամ մեզ կործանում տանող: Այդ ժամին քաղաքիս լույսերն այնքան շատ են: Այդ ժամին այնքան հեշտ է սխալվել: Նավն իր դանդաղությամբ գնում էր ինձ անհայտ կղզի, դու անընդհատ ուզում էիր խոսել, բայց չէր ստացվում խոսել, որովհետև ժամանակը շատ էր անցած, ճամփաները հեռացել էին իրարից, դրա համար ինչ – որ մեղքեր էիր գցում վրաս կապ չունեցող ոչ իմ հետ, ոչ քո, ոչ կյանքի ու իր հանդարտությամբ մեր նավը գնում էր կործանման:  Ջուրն արդեն լցվել էր ներս ու օդը քիչ էր շնչելու և ես մտածում էի, որ երկուսս էլ տանը սպասողներ ունենք, բայց ու՞մ ենք սպասում մենք: Գտա՞ր այդ պատասխանը դու, իսկ եթե չէ, ապա էլ ու՞մ ենք սպասում:

Մի ժամանակ միայն շունդ էր քեզ սպասում ու մի քանի անշունչ ռոբինզոններ, ես շատ ավելի ջահել էի, նիհար, ավելի անվախ, բայց զզվում կամ վախում էի շնիցդ: Այնքան ուշադիր էր ինձ նայում, այնքան ուշադիր էր նայում, որ ինձ թվում էր, թե մի օր մի տեղ պատմելու է մեկին ամեն ինչ ու վերջ:

Ես քեզ հասցրեցի քո կղզին, որ չգաս ինձ հետ կործանում, թեև այսքան տարվա մեջ առաջին անգամ մեծ սիրով կտանեի քեզ ինձ հետ: Դու իջար քո կղզում, նավը հանգիստ օրորվեց վերջին անգամ, թե` վերջ, և կխորտակվեի ես էլ դրա հետ, եթե չտայիր ձեռքդ…

Դու պարզեցիր ձեռքդ սառը, որպես փրկություն, որպես հաշտություն, որպես մի հին ընկեր, թե մի ծեր մարդ, ծերացած ինձ հետ իմ տողերի մեջ, իմ ձեռքերի ափում, իսկ հիմա թոշակի անցած ուրիշ տեղ, կարևոր չէր ու չի: Դու պարզեցիր ձեռքդ, որ ես չխեղդվեմ…

Google