Նկար

31-12-2011

536843_460520457324944_1053961918_aՆա կանգնած էր գունատ ու դողում էր թաքուն, չէր մրսում կարծեմ, ուղղակի անսովոր էր: Թևաթափ էր մի տեսակ ու թուլացած… Մաշկի վրա մանր ցանց էր պատել, ոնց լինում է դողից, ոնց լինում է շատ ուզելուց կամ սիրուց, երբեմն վախից: Ոևց հետևից ընկնող լույսի տակ ընգծվել էր թույլ աղվամազը շեկ, կրծքերը պրկվել էին. անսովոր էր մի տեսակ մերկ կանգնելը: Անօգնական, հուսահատ նա չուներ այն տեսքը, ինչպիսին , որ լինում էր սովորաբար, ինչպիսին, որ կար ինքը` ձիգ, հպարտ.. Կոտրված կեցվածք էր ու ափսոսանք… Բնորդուհի չէր: Փորձել էր լինել: Չստացված ու ապարդյուն, փորձում էր անշարժ մնալ, փորձում էր թաքցնել դողը մաշկի, փորձում էր մտածել, որ ամեն ինչ լավ է… Լինելու է: Արվեստանոց էլ չէր, խոզանոց էր կարծես… Չնայած, ննջասենյակ էր իրականում… Շորեր, ներկեր, առանց մոլբերտ տախտակ, նույնիսկ կտավ էլ չէր, տախտակ էր հասարակ… Կտավը թանկ էր, իսկ ինքը սկսնակ կամ սիրողական նկարիչ էր: Ու սենյակի անկյունում կանգնել էր խեղճը մերկ, կանգնել ու կոտրվում էր, կանգնել ու շիկնում էր հայացքներից նրա… Ով ուշադիր նայում էր, լեզուն ծպացնում ու ներկոտված, հին վրձինով արագ արագ շարժումներ անում տախտակին… Լռություն էր, սուտ, բարձրահարկի լռություն: Կեղծ, ուր ոչ թե լուռ է, այլ ձայներ չեն հասնում, անմարդկային տեղ է, ձայներն այդտեղի համար չեն: Արդեն դողում էր: Որոշեց.

– Ինձ ջուր կտա՞ս:

-Սպասիր, բերեմ, – տղան դուրս եկավ սենյակից: Իսկ նա վրան գցեց երկար վերարկուն, մանր մունր շորերն ու զուգագուլպան խոթեց վերարկուի գրպանն ու դուրս թռավ սենյակից, բացեց տան դուռն ու սկսեց արագ արագ իջնել աստիճաններով, շունչը կտրվում էր: Ամեն պահ թվում էր, թե նա ուր որ է կհասնի իրեն կբռնի ձեռքից ու քարշ կտա հետ, ոտքերը ծալվում էին այդ մտքից: Նա դուրս եկավ շենքից ու թեթև վազքով փողոցն անցավ, նստեց առաջին իսկ պատահած ավտոբուսը… Գնաց: Տղան մտավ սենյակ բաժակը ձեռքին ու լսեց դռան շրխկոցը… Դատարկ սենյակում նստեց ու նույնիսկ չշրջվեց… Մի երկու անգամ էլ վրձինը շարժեց նկարի վրա, ապա վերցրեց այն ու կախեց պատից: Բոսոր արև էր նկարում, մայրամուտ էր կամ արևածագ, ծով էր, կիսաշեկ ծով` թեթև օրորվող, ինչպես նրա դողացող մաշկը… լեռների վրա աղվամազե խոտ էր ու անվստահ, օրորվող նավակ իր ծեր ձկնորսով…

Google