Նրան

31-12-2011

21203_460502500660073_1417145831_aՅոթ հազար վեց հարյուր յոթանասուն երեկո ես անցկացրել եմ նրա հետ… Իսկ քեզ հե՞տ: Երևի տասն անգամ ավելի քիչ: Չէ, կարևոր չէ, ինչքան կարող էինք, կամ ում մեղքով է, ուղղակի, այդքանն էլ  լրիվ բավական է քեզ հինգ մատիս նման իմանալու համար: Իսկ նրան նույնիսկ չեմ ճանաչում: Գիտեմ, որ ծիծաղում ես հիմա, բայց դու միշտ էլ բառերի վրա ես ծիծաղում, չես կարողանում դրանց տակը նայել: Նա երբեք ինձ չի ասել, թե ինչքան է սիրում, կամ սիրու՞մ է, թե՞ ոչ, և երբեք չի հարցրել, սիրու՞մ եմ ես, թե՞ … : Նա քեզանից գեղեցիկ չէ, ես նրան երբեք վարսավիրանոց գնալիս չեմ տեսել, նրա եղունգները երբեք քոնին չեն հասնի, բայց նա… Նրա ձեռքերն ուրիշ են: Շատ անգամներ մենք ոտքով ենք տուն գնացել քաղաքի տարբեր ծայրերից, և ես ինձ թեթև եմ զգացել, ու նա չի տրտնջացել: Մի օր ես էլ փող չունեի (ինչպես այն ժամանակ նա), և ամաչեցի քեզ ասել, ուղղակի, խնդրեցի մի քանի կանգառ ոտքով իջնել, այն էլ` այգիների միջով: Դու սկսեցիր մռթմռթալ, ես նեղվեցի, ու մենք էլի կռվեցինք: Փոխարենը նստեցիր տաքսի ու … Իսկ նա տաքսիներին նայում է, որպես շքեղություն, դրա տեղը նա ինձ համար ընկույզ կամ շոկոլադ կառնի: Հարցն այն չէ, որ մենք հիմա լավ ենք ապրում խնայողությունների հաշվին, չէ, ինքդ էլ գիտես, որ ես արդեն երկու տարի է լավ աշխատանք ունեմ, նա` նույնպես: Ուղղակի բոլորի մոտ էլ լինում են պահեր, օրեր, րոպեներ, երբ բացարձակ ոչինչ չեն ունենում: Քեզանից սովորեցի թանկարժեք խանութներից շորեր գնելը, քանի որ իմ տոնավաճառներին դու «քռչի բազար» էիր ասում: Արդեն քանի տարի է, նա իր համար ոչինչ չի գնել, նույնիսկ ձմեռային կոշիկ չունի, բայց չի ամաչում, որովհետև… Ես քեզ ոչինչ չեմ ասելու, չեմ բացատրելու, թե ինչեր եմ ուզում ասել, այն հույսով, որ օրերից մի օր, երբ երկար մտածես ամեն բառիս շուրջ, շատ բաներ կհասկանաս: Երևի թե, նա երբեք ինձ չի համբուրել, համենայնդեպս, ես այդպես եմ հիշում, սակայն միայն այն, որ նա միշտ կողքիս է եղել… Նրան նույնպես շատ եմ նեղացրել, մի քանի անգամ ավելի շատ, քան քեզ, բայց երբեք, ոչ մի բանի համար, նա ներողության կամ ճիշտ ու սխալի հարցեր չի բարձրացրել:

…Մենք միասին շատ անգամներ ենք շուկայից ծանր բեռներով վերադարձել, իսկ դու… Դու կասեիր. «Զանգի, թող բերեն»: Չէի ասի, թե հեշտ կյանքի ես սովոր, ժամանակին դու էլ ես այդ ամենի միջով անցել (երևի), չէ՞ որ բոլորն էին այն ժամանակ այդպես ապրում:

…Երազում շատ անգամներ եմ հաց տեսել, իմ պատճառով նա նույնիսկ հավաքարար է աշխատել: Ես ամեն անգամ մտածում եմ, թե ի՞նչ կլիներ, եթե նրա տեղը լինեիր դու… Չէ՞ որ, օրերից մի օր դու նույնպես լինելու ես նրա դերում… Օրերից մի օր դու նույնպես մայր ես դառնալու…

…Քեզ հաճախ եմ կարոտում, ուղեղս անընդհատ զբաղված է քեզնով, իսկ նրան նույնիսկ երազում չեմ տեսել այդ քսանմեկ տարիների ընթացքում: Դա ոչինչ չի նշանակում, ես քեզ երբևէ չեմ համեմատել նրա հետ, ու չեմ էլ կարող…

…Երբեք չեմ մեղադրել, ոչինչ չեմ պահանջել քեզանից, բայց երբ մտածում եմ, որ օրերից մի օր, ինչ-որ մեկն ունենալու է քո կարիքն այնպես, ինչպես ես` նրա, շատ բաներ իմ մեջ…

Google