Նունեն

08-03-2016

6363633Ուժ, կամք և ազնվություն է առնվազն հարկավոր այս պատմությունը պատմելու համար: Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես եղավ, որ սկսեցի պատմել:

Նա փոքրիկ, շատ փոքրիկ ձեռքեր ունի, որոնք կորում են ափերիս մեջ, թեև ձեռքերս այդքան էլ մեծ չեն: Ես սիրում եմ նրա ժպիտը, ավելին, ամեն ինչ անում եմ, որ հաճախ ժպտա, որովհետև, եթե ժպտում է, ուրեմն անհոգ է կամ երջանիկ: Այդ տարիքում երջանկությունն այդ տեսքն ունի…

Այդ կնոջ անունը Նունե էր: Ես տեսել էի նրան, երբ դեղատնից մանկական կեր էի առնում: Խիստ դեմքով, բայց չարաճճի աչքերով աղջնակ էր՝ մոտ քսանհինգ տարեկան: Բարեհամբույր, հեշտ հաղորդակցվող, ուրախ կերպար էր Նունեն: Դրանք չափանիշներ են, որոնք իմ նմանների մոտ լրիվ ուրիշ կերպարների հետ էին ասոցացվում: Կար հստակ մի կարծրատիպ, թե ամուսնական մատանին մատիդ ինչու՞ ես ժպտում անծանոթ տղամարդկանց: Դա չգրված այն օրենքներից մեկն էր, որոնցով մանկությունս «փչացրել էի»: Դեղատունը, ուր աշխատում էր Նունեն, իմ տանը շատ մոտ էր և գրեթե միշտ, ես կամ ընտանիքիս մյուս անդամներն այնտեղից էինք անհրաժեշտ ապրանքներ գնում: Նունեն ամենաշատը մեկ ամսվա աշխատող էր, որովհետև վերջին անգամ ինքս այդտեղ մտել էի մոտ մեկ ամիս առաջ:

Ես շատ եմ սիրում կնոջս, ավելի շատ, քան երբ սիրահարված էի, մանավանդ հիմա, երբ ծնվեց մեր առաջնեկը, իմ սերը սահմաններ չունի: Բայց տղաների մի տեսակ կա, որ ավելի ահավոր երևույթ է, քան «ման եկող» կամ «փողոցային կանայք»: Դրանց թվին եմ պատկանում նաև ես: Երջանիկ եմ, անձնական, կենցաղային կամ որևէ այլ խնդիրներ չունեմ, ալկոհոլ չեմ օգտագործում, վատ սովորույթներ չունեմ, ուղղակի, ինչպես ընդունված է ասել՝ «աչքս դուրսն է»: Եվ Նունեն դարձավ հերթականը:

Զարմանալի ընդհանրություններ ունեն սիրահետող կամ սիրաշահող տղամարդիկ: Երբ տեսադաշտում ընտրում են մեկին, ապա մոռանում են շուրջբոլորը, ասես, վերանում են իրականությունից և միմիայն տարվում այդ կնոջով: Զարմանալի, նույնիսկ անհնարին թվացող քայլեր կարող են անել հանուն այդ աղջկա, կոպիտ ասած, կանեն ամեն ինչ, որպեսզի արժանանան այդ մարդու սիրուն կամ ուշադրությանը: Սակայն դա միայն առաջին փուլն է: Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում, ապա սկսում են հետզհետե էլ ավելի իմիջիայլոց վերաբերվել, սկսում են խուսափել, անգամ, որոշ ժամանակ անց անծանոթի նման կորում են:

Նունեին սիրահետելը երկար չտևեց, նա անընդհատ շեշտում էր իր ամուսնացած լինելու փաստը, հորդորում հեռու մնալ իրենից, սակայն ես իրականությունից արդեն վերացած պատրաստ էի ամեն ինչի: Այդտեղ արդեն սպորտային ազարտի էր վերածվել նրա մերժումները և իմ անհաջողություններն ամեն անգամ էլ ավելի էին բորբոքում հետաքրքրությունս, մեջս արդեն գլուխ էր բարձրացրել նաև նպատակին ամեն գնով հասնելու մոլուցքը: Բազմաթիվ ու բազմատեսակ այլ մոլուցքների հետ:

Երկար չտևեցին իմ մաքառումները: Մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ բակ մտնելով մեր տան մուտքի մոտ երեք երիտասարդների նկատեցի: Սովորականի պես հաց էի առել և Նունեի մասին մտածելով գնում էի տուն, երբ նրանք մոտեցան ինձ: Մեկը Նունեի ամուսինն էր պարզվեց, մյուս երկուսը վերջինիս ընկերները: Երկար չխոսեցինք, որովհետև արդեն ճշտել էին, որ ամուսնացած եմ:

Երբ դանակի շեղբն առաջին անգամ կաշիս կտրեց ու մինչև բռնակը մտավ մարմնիս մեջ, մի անսովոր զգացողություն ինձ տիրեց: Նախկինում երբեք ինձ այդպես չէի զգացել: Մի քիչ նման էր այն զգացողությանը, երբ ամառվա տապին միանգամից նետվում ես ջուրը, բայց ջուրը սպասածիցդ մի քանի տասնյակ անգամ սառն է լինում ու դրանից փորիդ մկաններն ասես բռնվում են, ներսդ կծկվում է ու չես կարողանում շնչել: Կամ երբ այնքան սոված ես լինում, որ ձեռքերդ սկսում են դողալ: Դա առաջինն էր ու ես չէի սպասում: Երկրորդը փորձեցի ձեռքով բռնել, բայց դանակը խրվեց ձեռքիս մեջ ու արյանս ծորացող տաքությունն զգացի թևիս վրա: Երրորդին արդեն սպասում էի, երևի դրա համար այդպես ցավաց: Այդ պահին մտածեցի իմ փոքրիկ մարդուկի մասին, ով տանը օրորոցում պառկած ինձ է սպասում, որ գնամ, հանեմ նրան այդտեղից ու գրկեմ: Նա այնքան փոքր է, որ դեռ վստահ չեմ կարող ասել, թե ինձ է սպասում, բայց մի բան հաստատ է, որ արդեն էլ պառկել չի սիրում: Այդ ընթացքում կայծակնային արագությամբ մտածեցի, որ ժամանակը չորրորդինն է ու հասկացա, որ թեև սրանք այդքան էլ խիզախ չեն, բայց եթե տեսնեն, որ ինձ բան չի լինում կանգ չեն առնի ու արագ ընկա գետնին՝ փորձելով մեռած կամ գոնե ուշագնաց ձևանալ: Շատ հետո կհասկանամ, որ դա իրականում աշխատել է իմ օգտին…

Չորս կտրած – ծակած վերք ունեի ներթափանցող, առողջության երկարատև քայքայմամբ, որոնք հասցվել էին կյանքից զրկելու դիտավորությամբ, ինչը սակայն իրենց կամքից անկախ չէին հասցրել ավարտին: Սա քննիչների մեղադրական եզրակացությունն էր, ովքեր ինձ հիվանդանոցում հայտնվելուց հետո երրորդ օրվանից սկսած հանգիստ չէին տալիս: Ես նրանց չպատմեցի Նունեի մասին, ոչ էլ ամուսնու, չնայած սկզբի մի քանի օրն իմ մեջ կռիվ էի տալիս: Ուզում էի պատմել մանրամասն, ուզում էի, որ դրանց դատեն, ազատազրկեն, որ ես ի վերջո հասնեմ Նունեին և նաև այդ ձևով կրկնակի վրեժխնդիր լինեմ: Բայց մանկությունս «փչացրած» օրենքների մեջ, նաև այսպիսի դեպքերի համար նախատեսվածը կար, որը հավերժ կպիտակավորեր ինձ ու իմ տղային, ով դեռ չէր կարողանում անգամ պապա ասել: Եվ բացի դա, գուցե դրանք անպատիժ մնային, ասենք՝ կաշառեին դատավորին կամ մեկ ուրիշին կամ ազդեցիկ ծանոթներ, բարեկամներ, քավոր – սանիկ ունենային ու իմ վատությունը մնար ինձ:

Այս ամենը պատմությանս նախաբանն էր:

Մոտ երկու օր ես գիտակցության չէի գալիս: Դա բժշկական տերմինոլոգիայով, իրականում ես պառկած էի հիվանդասենյակում, ֆիզիկապես ներկա էի այս կյանքում, ոչինչ չէի լսում, չէի տեսնում, չէի զգում այս հարթությունում, բայց մտովի կամ թեկուզ վերացական, գտնվում էի ուրիշ մի վայրում: Բժշկությունը կամ գիտությունը դրան դեռ անուն չի տվել կամ ես չգիտեմ, դրա համար չեմ կարող ասել այդ զգայական վիճակի նկարագիրը:

Աշխարհում հայտնի ամենասարսափելի հանցագործություններից մեկը կամ նույնիսկ ամենասարսափելին դա հոր կողմից երեխաներին անտեր թողնելն է: Նամանավանդ տղա երեխային: Հենց դա է բոլոր մյուս մեղքերի կամ հանցագործությունների ծնողը, խթանը, շարժիչ ուժը:

Ես հորս տեսել եմ ընդամենը յոթ տարի: Գիտակցական՝ չգիտեմ, ուղղակի, ես յոթ տարեկան եմ եղել, երբ նա գնացել է ինչ – որ «գրողի ծոց»: Էական չէ, թե ուր, որովհետև, եթե մարդ կենդանի է ու իր երեխաների հետ չէ, ուրեմն «գրողի ծոցն է»: Ինքս դրան արդարացում չեմ տեսնում:

Մի՞թե երբևէ ոչ մեկ չի մտածել, թե ինչ է լինում, երբ երեխան մնում է անհայր: Մոր դեպքում էլ է գուցե ցավոտ, ծանր, բայց տղայի համար կարևոր է հայրը: Չափազանց դժվար է տղային առանց հոր, մանավանդ երբ ինքն է դառնում հայր: Անհայրությունը ընդհատում է մի ամբողջ մշակույթ, մի ամբողջ պատմություն, ավանդույթներ:

Ես չեմ հիշում հորս ու հիմա ինձ դա սարսափեցնում է էլ ավելի: Երբ նայում եմ որդուս աչքերի մեջ, երբ տեսնում եմ, թե նա ոնց է մեծանում, ես վախենում եմ: Մտածում եմ, թե ինչպես եմ դաստիարակելու նրան, ինչ եմ սովորեցնելու, ոնց, ինչպես եմ պատժելու նույնիսկ, ինչպես եմ տղայական հարցեր ու խնդիրներ սովորեցնելու, որովհետև չգիտեմ, թե դա ինչպես են անում: Մանկուց նախանձում էի ընկերներիս, ովքեր բակից շուտ էին տուն գնում, ասելով՝ թե «պապան կանչում ա», կամ «հեսա կգա»: Պատմում էին, որ իրենց հայրն է իրենց սովորեցրել այսինչ բանը, իրար հետ այսինչ տեղն են գնացել կամ ընկերների հետ հավաքված են իրենց տանը ու փող են տվել որ մենք էլ մեր ընկերներով գնանք ասենք` համակարգիչ խաղալու կամ կոլա խմելու կամ գնդակ առնելու: Հորս նարդին, հորս մեքենան, հոպարներս ու այդպես շարունակ: Ու կար էլ ավելի ծանր հարված: Դա պապի հանգամանքն էր: Գիտե՞ս այս ժամացույցը պապիկինս էր, հետո նվիրել էր հորս, ինքն էլ ինձ: Կամ պապուս անունով են ինձ կոչել Բենիամին: Ամենածանր հարցերից էր մեծահասակների հարցերը, չնայած, մինչև այսօր էլ այդ հարցով ինձ ամենուր տանջում են բառիս բուն իմաստով, անգամ ավտոտեսուչները, երբ հարցնում են` դու ու՞մ տղեն ես: «Գրող ու ցավի», մեծ հաճույքով կասեի ես բոլորին, բայց քանի որ ես ինքնադաստիարակվել եմ հայկական ավանդական բակում, շրջապատում, որի համար շնորհակալ եմ բոլորից, ապա ես կրողն եմ նաև այն օրենքների, որոնք թեև չգրված են, թեև այսօր գնալով քչերն են իրենց մեջ կրում, բայց ցանկացած օրենսգրքից ու սահմանադրությունից անգամ ուժեղ են: Եվ ես այդ օրենքները փոխանցելու եմ որդուս: Ու էլի շատ ու շատ բաներ, չնայած այս պահին չգիտեմ, թե ոնց, բայց ժամանակի հետ կգտնեմ, ինչպես կարողացել եմ գտնել ու ձեռք բերել ունեցածս:

Կորցնելուց հետո գնահատող է մարդն իր տեսակով, ինչքան էլ բանական լինի, խելացի, որովհետև վստահաբար իմանալով ճիշտն ու սխալը, միևնույնն է, նա գնում է այն քայլին, որը պահի թելադրանքով է ծնվում, տրամադրության կամ մեկ այլ հանգամանքի: Ինքս էլ եմ վստահ, որ եթե այս պատմությունն այսկերպ չլիներ ինձ հետ, գուցե, ես ևս տարիներ հետո հայհոյանքներ լսեի որդուս կողմից: Ինքս էլ կիսատ թողնեի արդեն մեկ անգամ ընդհատված իմ տոհմի ավանդույթը:

Հիմա ամեն ինչ լավ է: Ամեն ինչ անցյալում է, թեև կարող էր լինել այլկերպ: Ես մեքենայիս արագաչափին անգամ փակցրել եմ որդուս նկարը և անընդհատ աղոթում եմ, որ առողջ լինեմ ու ինչքան հնարավոր է երկար ներկա լինեմ ընտանիքիս, որդուս և ապագա բալիկներիս կյանքում…

Google