Սա նույն ինքնաթիռն է

05-02-2014

1175540_629036797130923_1181945654_aՄի տխրիր, սա նույն ինքնաթիռն է, որին մենք չհասցրեցինք նկատել աննկատ անցնող մեր օրերի ու ժամերի մեջ, որոնք այնքան քիչ էին, ինչքան մեզ բաժանող միլիմետրերը, սա նույն ինքնաթիռն է, որը նաև այն ժամանակ էր թռչում, երբ մեր շուրջը, կարծես ոչինչ գոյություն չուներ, բացի իրարից… Սա նույն ինքնաթիռն է, որը բերել է քեզ մի օր, որն անցել է չգիտեմ ինչքան ճանապարհ ու չգիտեմ քանի ժամ, որովհետև ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե դու ուր ես գնում ու ինչեր կան այնտեղ: Ես էլի չհասցրեցի քեզ հարցնել, թե ինչ գույնի է այնտեղ երկինքը, թե ինչպիսին են այդտեղի մարդիկ, արդյո՞ք ջրի ալիքներն ունեն այն նույն ձայնը, որը միասին նստած լսում էինք:

Մի տխրիր, չէ, սա նույն ինքնաթիռն է, որն անվերջ գնում ու գալիս է երկնքով, որն անվերջ բաժանում ու միացնում է մարդկանց, որին երկնքում նկատում են միայնակ մարդիկ, ովքեր ոչինչ չանելուց ստիպված վերև են նայում… Ես հիմա տեսնում եմ, որ ամպերի ծվենների արանքից փայլփլում է նրա մետաղյա իրանը, դու երևի նայում ես լուսամուտից կամ այն երգն ես լսում, որն էլի պատահաբար գտանք, ինչպես պատահաբար մի օր գտանք իրար, ինչպես նույնպես պատահաբար գտանք քո կորած ակնոցը…

Սա նույն ինքնաթիռն է, որը չգիտեմ, թե քանի տոննա է, որն այնքան մեծ է, որ երբեք ոչ մեկ չի պատկերացնի, թե այն կարող է թռնել ու այնպես հեշտ լողալ օդում, այնքան բարձրանալ վեր, որ ներքևից նայողների համար փոքրիկ կետի նման մի խաղալիք թվա… Ու չնայած դա անհավատալի է, բայց ոչ մեկ չի կասկածում, որ այդ քանիտոննայանոց թռչունը կպոկվի գետնից, ժամեր շարունակ կլողա օդում և հեշտ ու հանգիստ վայրէջք կկատարի: Բոլորը հավատում են անհավատալիին, իսկ դու դեռ չես կարողանում հավատալ, որ սա վերջն է, որ այլևս կարիք չկա հարցեր տալու և պատասխաններ ստանալու, որ արդեն երկրորդական է ամեն ինչ, երբ մենք միասին ենք…

Ես կքնեմ, կզարթնեմ, անձրևներ կգան, ամեն ինչ կընթանա իր հունով, մեզանից անկախ… Ամեն ինչ ունի իր նշանակությունը կյանքում, ամեն ինչը կշարունակվի այնպես, ինչպես եղել է և պետք է լինի… Դու կհավատաս անհավատալիին, դու կսիրես այս նույն ինքնաթիռը, որով գնացիր, որովհետև այս նույն ինքնաթիռով մի օր ես քեզ մոտ կգամ այնքան պատահական, ինչքան մեզ մոտ լինում է ամեն ամեն ինչը…

02.09.2013թ.

Google