P, R, N, D

31-12-2011

61430_460526847324305_151905536_aՄեծ տարբերություն կա իմ ու քո միջև… Ես դա չգիտեի… Ես հավատում եմ վաղվա օրվան, հավատում եմ, որ ամեն ինչ լինելու է ճիշտ ու հիմնավոր, որովհետև մինչ օրս չի եղել ոչ իմ , ոչ քեզ մոտ… Հոգատարության կարիք ունեմ նաև ես, չնայած կակտուսի պես անխնամ եմ ու թվացյալ անկարիք… Կակտուսի պես փշոտ եմ: Չոր ու միայնակ կյանքի սովոր ու թե այսօր ես բացել եմ իմ գիրկը քո առաջ, ապա միայն նրա համար, որ իմ չունեցած կյանքում ես հազիվ ունեցել եմ քեզ… Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել կակտուսի գրկում, գիտեմ, թե ինչքան են փշերս հիմա չանգռում քո նուրբ մաշկը, բայց հավատա, արդեն ծաղիկներ են աճում վրաս ու շուտով դու կհաղթես իմ անապատային կենցաղը… Շուտով դու կունենաս ինձ… Դիմացիր մի փոքր, հարազատս… Մի թող, որ կոտրվեմ նորից ու անցած ցավերը վեր հառնեն իրենց քնած, կիսամեռ թաքստոցներից ու ինձ ստիպեն նորից ատել ամեն շարժվողը, ամեն բանականը… Հանուն քեզ ես պատրաստ եմ հրաժարվել ամեն ինչից, հանուն քեզ ես պատրաստ եմ տալ ամեն ինչ, բայց հասկացիր, որ ես չունեմ ու չեմ ունեցել ոչինչ, իսկ մինչ այժմ մոտս եղածներն ընդամենը վարձով իրեր են եղել, որոնք թվացյալ ես ունեցել եմ, բայց չեմ կարողացել նվիրվել… Ես հիմա պատրաստ եմ, ես հիմա ուզում եմ նվիրվել ու տալ քեզ ինձ, դառնալ քոնը… Մեռած զգացմունքներս ու հույզերս արթնանում են գիշերը, երբ մենակ եմ ու մութ է շատ… Ես ուզում եմ դրանցից բաժին հանել քեզ, բայց, ցավոք, ուժեղ եմ միայն իմ բառերի մեջ, ուժեղ եմ միայն մենակությանս ու գիշերվաս մեջ… Ես վստահ եմ իմ զգացածի, նպատակների ու ցանկությունների վրա, վստահ եմ իմ բոլոր ասած բառերի, քո բոլոր անհանգստությունների անտեղիության վրա… Ու թե հիմա ինձ ասում ես, որ նեյտրալ եմ, ոչ առաջ եմ ուզում գնալ, ոչ հետ, ապա միայն նրա համար, որ վստահ չեմ հենց քո վրա, քո լինելու, քո ինձ պարզած ափի անկեղծ ու ճիշտ, մշտական լինելու վրա… Հավատա, որ ես չեմ կարողանա ևս մեկ անգամ նվիրվել ու չունենալ, ևս մեկ անգամ հավատալ ու կիսատ մնալ… Սովորել են վերցնել` տեղը ոչինչ չտալ… Ես չէի ուզենա, որ մի օր լինես նրանց թվում… Ես պատրաստ եմ ամեն ինչ տալ քեզ, ամեն ինչ անել քեզ համար, և ի՞նչ , որ դրա մասին չեմ կարողանում գոռալ, և ի՞նչ, որ ցավերդ ամոքող խոսքեր չեմ գտնում, հետո մենակության մեջ գրկում բարձս ու ճմլվում անզորության ու անկարողության ցավերից… Ես այստեղ, դու` այդքան հեռու… Դու ինձ դեռ չես ճանաչում ու չես ճանաչի շատ երկար ժամանակ, դրա համար ես չեմ ուզենա, որ այդ ժամանակն անցնի քո զգացածի համար շարնակական վայրէջքներով, չէ՞ որ հիմա փորձում եմ ամեն ինչս կապել քեզ հետ ու քո համար եմ զարթնում ամեն առավոտ… Օգնիր ինձ, որ վստահ ես գնամ առաջ, մի հանգցրու հիմա հազիվ գործի գցած շարժիչը կյանքիս, մի կանգնացրու, ես նոր եմ փորձում թափս հավաքել…

Google