Պատից այն կողմ

31-12-2011

483088_460500720660251_1825085427_aՎերջին անգամ օդափոխեմ սենյակս… Վաղվանից ցելոֆան ենք փակցնելու պատուհանին, որ չփչի:

Այսօր կփոխեմ անկողինս, երեկոյան կլողանամ, որովհետև վաղն երկուշաբթի է: Այսօր շատ գործեր ունեմ… Պետք է նաև լվացքն անեմ… Էլի կռանալու եմ ու մահճակալի, պահարանի տակից հանեմ գուլպաներս, հետո փորձեմ դասավորել դրանք իրենց «թայերի» հետ, աթոռիս վրայի շորերի բուրգը սկսեմ վերծանել ու առանձնացնել վերնաշապիկները, սպիտակեղենը, շալվարներն ու ժիլետները… Չէ, ի՞նչ ժիլետներ, ես ընդամենը մեկն ունեմ: Հետո պետք է առանձնացնեմ գունավորները սպիտակներից, որ գույն չտան, սպասեմ մինչև լվացքի մեքենան ավարտի լվանալը, շարժական կախիչը բացեմ գազի վառարանին հնարավորինս մոտ ու փռեմ…

Ժամանակ կար, երբ դու էիր այս ամենն անում… Բացի իմ փոխարեն լողանալուց իհարկե… Ժամանակ կար, որ դու անվանում էիր սեր ու սիրով էիր անում այդ ամենը… Դու սիրով լվանում էիր իմ «նասկիները»:

Այդ հարցերում ես հիմա առանձնապես քո կարիքը չունեմ, չնայած շատ հաճախ, կանգնում եմ փաստի առաջ, երբ հագնելու ոչինչ մաքուր չեմ գտնում… Բայց դա էլ է լուծելի… Մի քիչ շատ օծանելիք եմ անում ու այդ մի օրը կարող եմ արանքից «պլստացնել»: Քո նվիրած օծանելիքը… Ես այդպես էլ չսովորեցի օծանելիք օգտագործելուն, դրա համար էլ մինչև այսօր, դեռ մնում են քո նվիրած սրվակներն ու նույնիսկ կիսադատարկ չեն…

Դու այդպես էլ չկարողացար ինձ դարձնել մաքրասեր կամ չգիտեմ, գուցե, դաստիարակված տղա կամ կոկիկ կամ ժամանակակից… Փոխարենը ես քեզ էլ սովորացրի ծխել… Դե ես միշտ էլ վատի ուսուցիչն եմ… Հայհոյելու, տաքսիստների հետ կռիվներ սարքելու, փողոցն արգելված տեղերից անցնելու, տանը խաբելու…

Ու էլի ինչքան ինչքան բաներ սովորեցիր ինձնից… Իսկ ես, նույնիսկ, ամեն առավոտ պարտադիր ատամները լվանալ չսովորեցի… Ես արդեն ծեր ծա՞ռ եմ գուցե…

Հիմա դու մենակ չես, հիմա կողքիդ տեսնում եմ, որ նա է… Նա, ով միշտ քո ուզած ձևով է մազերը կտրում, ում եղունգները խնամված են ու երբեք չի կրծում, ով երբեք հարբած չի համբուրի քեզ ու ում վրայից երբեք քրտինքի հոտ չի գա… Նա քո սիրած ոճով է հագնվում, ոչ թե իմ նման` ծերունու… Բայց ախր դու… Դու երբեք չես կարողանա նրա մոտ ծխել, պատմել, թե ինչպես էր պապդ գիշերը տակն արել, երբեք չես կարողանա այն կրքոտ sms-ները գրել, ինչ որ ինձ…

Չնայած, արդեն կհպարտանաս նրա ընկերներով, ինքդ էլ կսկսես նրանց հետ շփվել, մտերմանալ, ոչ թե, բոլորին կանվանես անմակարդակ ու փողոցային ու կամաչես իմ փոխարեն փողոցով նրանց հետ զբոսնելիս… Նա երբեք գիշերվա երկուսին չի գա ձեր բալկոնի տակ, որ դու փող գցես, նա երբեք այդպիսի կրիմինալ պատմությունների մեջ չի ընկնի ու երբեք քեզ ոստիկանություն չեն հրավիրի միայն նրա համար, որ դու… որ դու նրա ընկերուհին ես…

Մութ, կեղտոտ գինետներն ու էժան բարերը կփոխարինվեն փարթիներով ու դիսկոտեկներով, կմոռանաս առհավետ լոմբարդների մասին, ամեն հանդիպման ծաղիկ կստանաս, ոչ թե ամանորյա նվեր` ավտոմատի փամփուշտ…

Հետո ռեստորաններ, թանկարժեք խանութներ, ակումբներ…

Կկարոտե՞ս արդյոք այն մեր տեղը, այն անտառում, հեռու, կորած…

Քո ու նրա մայրը լավ ընկերուհիներ կդառնան, իսկ ես առաջվա պես բլոտ կխաղամ իմ անդավաճան, մանկության ընկերների հետ` Էդգարենց նկուղում կամ մեր տանը, ու էլի կհայհոյեմ, էլի կհարբեմ, բայց երբեք չեմ մոռանա քեզ, իմ ուրիշ, իմ հարազատ…

Ու երբ անցնես մի օր փողոցներով ուրիշ ու թևանցուկ քեզ տանի այդ քո նորը, իմ նմանները հաստատ ռեպլիկներ կթողնեն, իրենք իրենց մեջ կհայհոյեն անարդարը, թե այսպիսի աղջիկն ու՞մ հետ է քայլում, իսկ դու մի պահ կհիշես ինձ…

Առաջին ու միակ բանը, որը կհիշես… Թե ինչքան ապահով ու պաշտպանված էիր կողքիս…

Google