Պատրանք

31-12-2011

197076_460523840657939_2110536971_aԵս քո արցունքի արտացոլանքն եմ այս մեծ ապակուն: Ժամացույցիդ նման անխափան ու ճիշտ ես սրբագրում եմ ժամերը անցած, ուր երկու կարմիր ու շքեղ ժպիտ միաձուլվում էին ստվերներում մութ: Ես քո ժպիտի վեհաշուք փայլն էի: Ու համակարգչիդ պես անվերջ դանդաղող ես ուշանում էի միշտ սերդ հայցել կամ անբռնազբոս օրերիդ վազքում ներումս գտնել անվերջ ու անթիվ իմ սխալների, սայթաքումների ու ստի համար: Ես մաքրվել եմ բոլոր նրանցից: Ես քո լույս մարմնի ուրվագծերն եմ տոթ լոգարանում: Ու ինձ կարոտած մատներիդ նման, օդի թափանցիկ անեզրության մեջ հիմա պատկերդ եմ փորձում գծագրել: Կարոտ է շնչում անգամ վերմակս: Ոտքերովս պինդ նրան գրկելով ես վերհիշում եմ սիրո տոները: Մեր մշտագարուն, հարատև սիրո շքերթները մեծ: Ու քո ծննդյան ավետիսն էի ես, որ մի օր իջավ քաղաքիս վրա` մաքրագործելու դարերից եկած մռայլ ու խեղդող փոշիներից խիտ: Ձեր բակում աճած անիմաստ ու սուտ ծառերի նման ես գլորվում եմ հիմա հուշերիս անվերջ քամիների տակ: Ես քո գրոտած բազում թղթերի ու նամակների թանաքն էի կապույտ, որ իմ աչքերին միշտ խորթ մնացին: Քո հուզված ձայնի ու բեկված աչքի արցունքի նման ես շարունակում եմ անվերջ թավալվել այս մեծ անկողնում, որտեղից փախչել երբեք չի լինի: Այս կողմը պատ է` իմ համառության մարմնավորումը ֆիզիկական կոշտ իր ներկայությամբ: Մյուս կողմս` անդունդ, ուր չկան անգամ հողաթափերիս ուրվագծերը: Քեզանից հետո ես միաձուլվել եմ այս շոգ անկողնուն ու իմ սենյակի ջահի հայելու մեջ կերպարանքներ են խելագարի պես գալարվում անվերջ: Ես քո երազի մարմնացումն էի իրականության աղոտ ծալքերում:

Հ. Գ. Քո մասին միայն կսկսեմ գրել, երբ դու վերջանաս… (իմ անվերջ գարուն)

Google