Փաբ

31-08-2017

 

Դու նստած հիմա ինչ – որ կեղտոտ փաբում, եթե դեռ փողերդ չեն վերջացել, հարբում ես: Արդեն քանի՜ ժամ է: Օղուց անցել ես գարեջրին, որովհետև մոտդ գումար չի մնացել, բայց դեռ քիչ է, դեռ կոկորդդ չի թրջվել: Ասե՞մ ճիշտը: Այսօր, վաղը, երբ էլ լինի, եթե խմես ողջ աշխարհի ալկոհոլն անգամ, բան չի փոխվի:

Ես գիտեմ, որ աչքերիդ առաջ հիմա նա չի, արդեն ես եմ: Ո՜նց կկոտրեիր այդ օղու կամ գարեջրի շիշը գլխիս, ո՜նց կկրծեիր կոկորդս: Բայց դա դու չէ: Դա ուրիշ մեկը, ով հիմա այստեղ նստած չէր լակի, որովհետև ես կանգնած էի դիմացդ ու դու ինձ անգամ չհակաճառեցիր կամ չպատասխանեցիր: Ու դրա համար այժմ ողջ առողջ նստած հիշում ես ինձ: Դու տեսար աչքերիս միջի ցասումը, ուժը, զգացիր, որ ես քեզ հողին կհավասերեցնեմ ու լռեցիր… Հեշտ տվեցիր ինձ նրան: Անպայքար: Վախեցար: Հենց դա էլ քեզ փրկեց: Ես կարդացի վախերդ, ես զգացի սրտիդ բաբախյունը և փուքսս թողեց, որովհետև ես ինձնից թույլերի հետ չեմ չափվում: Ու կարծում ես անարդա՞ր է ամեն ինչ, աշխարհը, մարդիկ, բայց ես քեզնից չեմ խլել նրան, դու ինձ այնքա՜ն հեշտ ես նվիրել: Հա, գիտեմ, որ նա քոնը չի ու վստահ եմ նաև, որ երբեք էլ չի լինի, թեկուզ ես էլ չլինեմ կյանքում: Դու այդ տեսակը չես, որ նրան ունենաս: Դու պետք է նստես մի տեղ ու լակես: Անվերջ: Լակես ու անիծես ամեն բան: Քո պես մեկը անզորությունից մի օր հարվածեց, երբ շրջվեցի: Չէ, դու չէիր անի, որովհետև վախենում ես կաշվիդ համար, իսկ ինքը հանուն գաղափարի պատրաստ էր մեռնել: Իսկ սա գաղափարից բարձր է, դու անունը դրել ես սեր:

Դու անունը դրել ես սեր, որը կորավ, խլեցին կամ անարդար ձևով տարան, լակում ես, բայց շարունակում սիրել, շարունակում մեջդ պահել նրան, ումից կերազեիր զավակներ ունենալ, իսկ ես կյանքս շարունակում եմ քո կեղտոտ փաբերից հեռու, ճերմակ անկողնու մեջ, ճերմակ – ճերմակ մաշկով այս հրաշքի հետ ու արդեն չենք էլ հիշում քո գոյության մասին, տարիներ տևած սիրուդ, անհամար գրված տողերիդ: Մեզ համար հիմա երկուսիցս բացի ոչինչ չկա: Կա կիրք, անհագուրդ կարոտ, խելահեղ պատկերներ ու սեր, սեր, սեր… Քո պատկերացրածի կամ կոչածի պես չէ: Այդպես գրքերում են սիրում կամ չգիտեմ:

Ես երբեք տող չեմ գրել նրա մասին, նա էլ իմ, չնայած գրելու մի ամբողջ աշխարհ կա, բայց մենք խնայում ենք մեր ժամանակն ու տալիս այն մեր պատկերացումների իրագործմանն ու խենթանում: Գուցե սրիկա՞ եմ, չգիտեմ, դու ինձնից այսքան հեռու իրավունք ունես մտածել ինչ ուզում ես, իրավունք ունես անգամ ինձ արյունլվա անելու: Վստահ ես, որ էլ երբեք չենք հանդիպի, չնայած, նաև թաքուն աղոթում ես, որ մեր ճանապարհները չխաչվեն: Զուտ նրա համար, որ ոչինչ չվերհիշես, մոռանաս պարտությունդ ու պատճառներ հորինես բազում կորսված սիրո մասին, որ այդ սիրուն լույսով պատմես ապագա բաժակակիցներիդ, իսկ ես քեզ նույնիսկ չեմ ճանաչի, եթե տեսնեմ էլ մի օր: Դու ինձ կարող ես կնքել քո դժբախտության մարմնացում, բայց եթե դա այդպես լիներ՝ չէիր լակի այսքան:

Մի անհանգստացիր, չնայած քաղաքը շատ փոքր է, բայց մենք դժվար թե, երբևէ հանդիպենք, չէ՞ որ դու միշտ ինչ – որ տեղ լակելու ես մինչև վերջին կոպեկդ, ես նրա հետ սիրո նոր ձևեր հորինեմ…

 

 

Google