Քամիներ

28-09-2016

778Օդերևութաբաններն այս անգամ էլ ինչ-որ ցիկլոնի մասին էին խոսում առավոտյան, երբ գալիս էի քեզ հետ հանդիպման: Սառցե շերտեր ամպերի մեջ, հինգ կիլոմետրանոց շառավղով կարկտաբեր զանգված և այլն: Ես ուշանում էի:
Արդեն մեկ տարի կլինի, ինչ չէինք հանդիպել: Վերջին անգամ դու թողել էիր քո գործերն ու եկել օգնում էիր ինձ: Իմ աշխատավայրում շատ մեծ ու պատասխանատու միջոցառում պետք է լիներ: Չափազանց կարևոր, լուրջ մարդիկ էին գալու իրենց բարձրաշխարհիկ շրջանակով, չափից դուրս խիստ ենթականերով, նաժիշտներով: Հիշում եմ ես երեք օր գրեթե չքնեցի, իսկ դու ընդհանրապես: Ամեն ինչ անցավ դժվար, բայց տեղը տեղին ու ճիշտ: Երբ արդեն բոլորը գնացել էին, անգամ աշխատակիցներս, ես արձակում էի փողկապս, որ ինձ արագ նետեմ կաբինետիս բազմոցին ու քնեմ, նկատեցի, որ դու էլ չկաս ու չկայիր հենց միջոցառման ամենասկզբից: Աչքերս փակվում էին և ինքս ինձ խոստացա, որ արթնանալուն պես կզանգեմ քեզ շնորհակալություն հայտնելու: Եվ միայն գրեթե մեկ տարի անց՝ այսօր, ես զանգեցի քեզ ու հիմա գալիս եմ հանդիպման:
Մենք ծանոթացել էինք այնքան վաղուց, որ հիմա հստակ չեմ էլ հիշում: Դու հորիցս չորս տարով ես ընդամենը փոքր, բայց այս ամբողջ ընթացքում մենք ընկերներ ենք եղել: Համենայնդեպս՝ դու: Քո մասին ամեն ինչ գիտեմ, թեև դու երբեք ինձ չես պատմել: Իննսունականներին մեծ կարի ֆաբրիկա ունեիք, որի պատճառով էլ եղբորդ սպանեցին: Դու անցար ամեն ինչ կորցրածների շարքերը, բայց չդարձար նրանցից մեկը, ինչպես որ կյանքը ստիպել էր շատերին: Ու զրոյից ամեն ինչը սկսելով, դու այսքան կարճ ժամանակում հասցրեցիր դառնալ չափանիշ շատերի համար, օրինակելի գործարար: Չէ, անգամ քո ազդեցիկ դասընկերոջից, ով ռուսական կայսրերի հետ է գործարքներ կնքում, ոչինչ չխնդրեցիր, անգամ նրա անունը երբևէ չշահարկեցիր, թեև բոլորը գիտեին, որ ամենամտերիմ ընկերներն եք եղել երբևէ: Ու հիմա էլ: Որովհետև քեզ հետ ընկերություն չանելն անհնար է:
Ես՝ ում համար կյանքի անիվը մի պահ բարենպաստ էր պտտվել ու հայտնվել էի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, քեզանից շատ բան ունեի սովորելու, որ այդպես էլ չարեցի, որովհետև ինձ համարում էի քեզ հավասար, որովհետև այդ ամենի անսպասելիությունն ինձ այնքան էր կուրացրել, որ թվում էր, թե ես իմ աշխատանքում ու արած գործերում անփոխարինելի եմ և ունիկալ: Բայց մենք ընկերներ էինք, ամեն դեպքում դու՝ հաստատ: Մեր երկուսի կյանքն էլ հագեցած առօրյա ուներ, պլաններ, հանդիպումներ, գործարքներ: Ես՝ որպես խոշոր հարկատու ընկերություններից մեկի գլխավոր տնօրեն, դու՝ որպես սեփականատեր մեկ այլ խոշոր ֆիրմայի, որը տրիկոտաժի դաշտում միանձնյա առաջատար էր, հենց նույն ֆիրմայի, որը դու հիմնել էիր ձեր նկուղում տասնյակ տարիներ առաջ, երբ ամեն ինչ կորցրել ու տեղափոխվել էիք քաղաքի արվարձան: Ես գիտեմ, որ առաջին աշխատողներն այդ ֆիրմայի դու և կինդ եք եղել, հետո՝ մեծ աղջիկդ: Հիմա դու ունես չորս հարյուրից ավելի աշխատակիցներ: Ես՝ մի փոքր ավելի:
Ամեն անգամ դու ինքդ էիր ժամանակ գտնում ու գալիս ինձ տեսնելու: Իսկ իմ աշխատավայրը քոնից մոտ հարյուր կիլոմետր հեռու էր: Մենք նստում էինք իմ կաբինետում, հազարավոր մարդկանց ելումուտի արանքներում հասցնում զրուցել ամեն ինչից: Ու շատ ժամանակ, երբ ներողություն խնդրում ու ինչ-որ կարևոր գործով դուրս էի գալիս, որ «տաս րոպեից վերադառնամ», մոռանում էի, որ սպասում ես ինձ ու մի քանի ժամ հետո հետ գալով տեսնում, որ երկտող թողնելով սեղանիս գնացել ես: Այո, պահեր են եղել, երբ ոտքերս գետնից կտրված էին: Այդպես լինում է, երբ շատ երիտասարդ ու անփորձ մեկին միանգամից վստահում են շատ ավելի պատասխանատվություն, քան նա, ոչ թե կարող է կրել, այլ քան նա արժանի է:
Կորուստները մարդկանց ավելի ուժեղ են դարձնում և կյանքը չի տալիս այնպիսի փորձություն, որն ի վիճակի չես հաղթահարել: Ահա այսքանը ես անգիր արած միշտ ասում էի բոլորին, երբ որևէ մեկն իմ ներկայությամբ փորձում էր տրտնջալ ինչ որ բանից: Դու ասում էիր, որ կյանքում պիտի ամեն ինչի պատրաստ լինես և որքան բարձրից ես ընկնում, այդքան ցավոտ է: Քմծիծաղով բացում էի թանկարժեք մեքենայիս դուռը, սպասում, որ քո տաքսին շարժվի ու մտքում կրկնում, թե ինչ հրաշալի է կյանքը:
Մեկ տարի է անցել համարյա: Դու դեռ չգիտես, որ մի օր ես ինքս ամեն ինչ կորցրեցի ու արդեն մեկ տարի է ոչ մեկի հետ չեմ հանդիպում: Ես չեմ ուզում, որ ինձ հիշեն: Ավելի ճիշտ չեն հիշում ոչ մեկ, դրա համար մտքումս կրկնում եմ այդ «չեմ ուզում»-ը, որ այդքան վիրավորական չլինի, որ ավելի չնեղանամ ինքս ինձնից:
Ես քառասուն րոպե շուտ եմ դուրս եկել, որ չուշանամ, որովհետև երթուղայիններն այնքան դանդաղ են աշխատում, իսկ ես շարունակում եմ մնալ ճշտապահ, թերևս դա այն է, ինչ մնացել է ինձանից: Առաջներում ժամանակ չէի գտնում անգամ հեռուստացույց նայելու, իսկ հիմա գիտեմ, թե ինչ են ասում անգամ օդերևութաբաններն ու որ զարմանալի է, սկսել են ավելի ու ավելի ճշգրիտ կանխատեսել եղանակը: Ցիկլոնն ամենայն հավանականությամբ արդեն հասել էր, որովհետև անհայտ հեռուներից եկած անսովոր քամի էր, այդ հեռուների նման փնթի, փոշոտ ու իր հետ բերել, օդ էր հանել այդ ողջ կեղտն ու աղբը:
Ծանոթ տաքսին կանգնեց: Արդեն տաս տարի է երևի, որ դու այդ նույն տաքսիով ես երթևեկում: Այդ կանաչ, ժամանակին թարմ և փայլփլուն մեքենան արդեն ծերացել էր, մաշվել, ինչպես և դու կամ երևի ես: Դու նորից քո ոճի մեջ էիր: Ջինսե տաբատ, վերնաշապիկը բարակ, մանր գծերով, թողած տաբատի վրա, իսկ ես առաջին անգամ էի, չէ, դու ինձ այդ պահին առաջին անգամ ջինսով պիտի տեսնեիր ու զարմանքդ չթաքցնելով հարցնեիր. «Ի՞նչ է եղել քեզ»: Ու այնքան հարազատի նման, ու այնքան մտերմաբար, որ երևի կյանքս մի փոքր նման լիներ ֆիլմի, ես առանց բառ ասելու կգրկեի քեզ ու մի լավ լաց կլինեի: Իսկ հետո… Հետոն ավելի լավ է չլիներ ու մենք այդպես էլ չհանդիպեինք: Այո, ես այդպիսի «լավ» ընկեր եմ, սիրում եմ, երբ իմ համար ամեն ինչ հեշտ է լինում ու թքած, թե ինչ ես մտածում կամ զգում դու կամ մյուսները… Հետոն… Վերջին անգամ իմ միջոցառման ժամանակ, երբ դու գնացել էիր, պարզվեց, որ կինդ հանկարծամահ է եղել հենց նույն օրը ու դու ինքդ էլ այդ օրվանից թողել ես ամեն ինչ ու պարփակվել, դարձել ես խեցի… Մենք կզբոսնենք, կքայլենք երկար ու ես քեզ կպատմեմ ամեն ինչ, առանց որևէ մեկի, առանց խանգարողների, դու ինձ կլսես, հետո ես կլռեմ, անվերջ կխոսես դու, ես ոչմիտեղ չեմ գնա, ես մինչև վերջ կլսեմ քեզ, մենք յուրաքանչյուրս մեկ կամ գուցե երկու տուփ սիգարեթ կծխենք, կքայլենք: Երևի հենց այդպես էլ կլինի:
Իսկ փողոցներում մարդ չկա: Կեղտոտ, փոշոտ քամին մոլեգնում է, տես, անգամ մի քանի ծառ է շուռ տվել, անգամ մի քանի տանիք է պոկել ու շպրտել այսուայնկողմ: Այդ փոշու ու կեղտի մեջ աղոտ երկու ուրվագիծ է երևում: Երկու մեծ ու փոքր մարդիկ՝ ջինսե շալվարներով, ովքեր քայլում են քամուն ընդառաջ, ում համար ինչպես քամին, այնպես էլ հազար ու մի բան այնքան անկարևոր են արդեն…Արդեն… Այսքան ուշ…

Google