Քաղաքական

31-12-2011

417031_460503387326651_979641199_aՁկնավաճառներ մեր շնորհիվ հարստացան ու սկսեցին փողոցներում ամբոխները քայլել, որ չմատնվեն անզորությամբ իրենց,  որ թաքցնեն պարտությունը պլակատների մեջ, որոնք լավ պահել էին ծոցագրպանում: Սխալ ուղի էր նավթի լույսի տակ, սխալ երգեր են հիմա վանկարկում, սխալ շուրթերով: Ու անիրավունք, քոսոտի նման, ուրանում էին անձնագրերը այն, որոնցով մի օր հերոսներ սարքին, հորինեցին հիմն` սրբապղծի ձոն: Խառնաշփոթում, երբ իմ հիմքերն էին գողանում հապճեպ, երբ թալանում էին իրենց մայրերին, չճանաչելով էլ անգամ պորտն իրենց, երբ ոտնատակ էին երգերը ճշտի, երբ մարտադաշտում էլ չէին մահանում, երբ հերոսներն իրենց բակում էին ընկնում իրենց իսկ ծնած մարդակերպերից, իմ մանկությունն էր ձուլվում գորշերին ու մթության մեջ հեքիաթ կար քնքուշ:  Իմ երազներում մաքրագործվում էի ճիրաններից նրանց, ճիվաղների պարից սավանս էր թրջվում ու գաղտագողի մթության ներքո, ես ծիլ էի տալիս, գարու հատկի պես… Այդ տարի նավթի գույն ունեին սոխի ծաղիկները բոլոր ու լացում էին չաշխատող մետրոներում մարդիկ: Լուռ հառաչ  չկար բառերի ներսում, կոտրված հավատի պես կոր մեջքի տոն էր, ու շարժվում էին ամբոխները թաքուն և հարբած երգում երգեր նրանց մասին, նրանք հարբած պղծում, փչացնում էին հանգերն այն երգի, այն հին սուրբ երգի`  դժբախտության պես հարատև սիրո, և այն կարոտի, որով մինչ այսօր ես չեմ վարակվել: Մի մեծ աստառ են ինձ հիմա տալիս, որ փակեմ ես հին բեմը անցյալիս, որ ներում շնորհեմ կիսատ մնացած հեքիաթիս համար, որ աչքերը իմ արյունից մաքրեմ ու շարունակվեմ առանց նախաբան: Բեմը չի փակվի, դրա ետևից աղերսներ կան լուռ, հառաչներ խեղված, խեղդված շեփորներ: Ձկնավաճառի զանգը ձեր ճաքած երբեք ինձ պետք չէ, ես օրորոցիս թաց սավանի պես չեմ դեղնի մի օր, ես չեմ մոտենա այդ հուդայական ճոխ խնջույքներին ու մի շպրտեք ոսկորները ինձ, ես երդվել եմ էլ ոչինչ չուտել: Ամբոխներ էին քայլում անզորությամբ իրենց ու կքայլեն երկար ու կձուլվեն իրար, ես թաց սավանով կհարամեմ խնջույքները ձեր, ես դրա վրա իմ հին հեքիաթը պիտի արտագրեմ: Ձկնավաճառներ, ձեր մսեղենից բաժին չի հասել, ու իմ բաժինն եք հենց դուք վաճառել:

Google