Քո մեջքը

31-12-2011

552452_460523063991350_19610097_aԵս սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես կաթ է սիրում նորածինն այն: Ինչպես հանգիստ ծովն է սիրում ալիքներով ժայռերը հին… Ինչպես քամին վազվզում է դաշտում թեթև, ինպես լույսն է գաղտագողի ընկնում քո տուն… Կիսաթաքուն, վարագույրիդ նեղ արանքից… Ինչպես կատուն մլավելով նվագում է առավոտում, երբ սոված է, իսկ դու` քնած… Ես սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես ոչ մի ծերպ չի սիրել հազարամյա այս ծեր բազեն, ինչպես երբեք փոթորիկը չի քաշքշել այս հին կաղնուն ու չի ծռել նրա հոգին… Նա կռել է միայն անզոր… Ու լռել է հետո հանկարծ ճիշտ ինձ նման, երբ քո մեջքի պատկերի դեմ քարանում են գույներս մեղկ, բայց դե երբեք չեն դառնում մեղք… Ու նայում եմ թաքուն այնպես, ինչպես փոքրիկն իր վերմակի նեղ արանքից ամանորին «Ձմեռ պապ» է ուզում «բռնել»… Բռնվու~մ եմ… Մեկ իմ նայած հայացքներով, մեկ` անզորի պես կախվելով առաջին իսկ պատի դատարկ հարթությունից… Որ չընկնե~մ… Որ չամաչե~մ… Պապանձվում եմ, ինչպես հնդիկն արդեն մեռած, որ երեք օր այդպես կանգնեց Նիագարայի հրաշքների խաղի դիմաց… Դեռ չեմ մեռել ու ուզում եմ, որ ողջ հետոս անցնի մեջքիդ ծալվածքներում նազանքների, որ խլանամ, որ անջատվեմ այս նյութական աղմուկներից ու թե նաև քո հմայքից ես շլանամ կամ կուրանամ, կուզեմ զգալ մեջքդ սառը մատներիս տակ ու ափերիս գծերի մեջ… Ես ուզում եմ, որ շրջվես, բայց և մնաս, ինձ շատ քիչ է հեռանալիս նազանքներով կորող մեջքդ, ես ուզում եմ, որ շրջվես` շրջված մնաս, ոչ թե լուռ ու ինչպես միշտ դու հեռանաս… Գարուն դառնաս, դատարկ օդս լցնես բույրով քո թարմության ու միշտ մնաս, թեկուզ դառնաս հետո ամառ, աշուն, ձմեռ անգամ ու կրկնվես, շարունակվես, դառնաս կյանքս տարիների նույն հերթական հաջորդությամբ… Այնպես, ինչպես օդ է սիրում գարնանային, լուսամուտը հենց նոր բացած տնտեսուհին կամ լողափում ամառային տաք արևին երկար սպասած մերկ պատանին, պոետի պես աշուն սպասած, մանկան նման ձյուն երազած ու սահնակով բակում կանգնած, ես ձգտում եմ հիմա քո մոտ… Ես սիրում եմ քո … գիժ մեջքը…

Google