Քրիստոսաբար

16-02-2013

282855_480576725319317_782837594_aԵս սկսեցի վերանայել ինձ որերորդ անգամ… Բայց այս անգամ այլկերպ, քան մինչ էի արել… Հիմա ես նայում եմ ինձ ոչ թե որպես հայելու միջին, այլ ինչպես հայելու միջինը կնայեր… Հայելու միջինը քո, ձեր, բոլորի նման է… Եթե ոչ ապակե, ապա ապակու հետևից նայող, իսկ ապակու միջով միայն լույսը չէ, որ բեկվում է… Ժպտա, ուրախ ու անվրդով եղիր, ճիշտ ես… Ու՞մ եմ պետք կիտած ունքերով, խոժոռ ճակատով կամ մշտատխուր այս նույն կերպարով… Ուրախ ձևացիր… Չէ՞ որ մարդիկ առանց այդ էլ ծանր են ապրում, իրենց ժպիտ է պետք, պետք է թեթև ապրել, ինչու՞ ծանրացնել նրանց քո չար, խիստ դեմքով… Նրանք վազում են հեշտին, նրանց պետք ես ուրախ… Մեկ, երկու և մենակ կմնաս քո ցավերի, ծամածռված դեմքի և վերքերի հետ… Ժպտա, հիմար… Ուրացիր, ծախիր գերեզմաններդ բոլոր, ցավերդ իսպառ թաղիր հուշերի հետ վատ, մոռացիր կորուստներդ ու ժպտա, հիմար, հիմարի նման, որ սիրեն սրանք քեզ, որ ներկայությունդ տանելի լինի, որ դիվոտած չարքերի նման տռճիկ տաս դիակներիդ վրայով, որ պրոբլեմներդ այդպես չլուծված թողնես ու բարի դեմք ընդունած դառնաս պոզիտիվ… Դավաճանիր սկզբունքներդ բոլոր, մոռացիր, թքիր հրեշտակներիդ վրա, խելահեղ պարիր հիշողություններդ այրող խարույկի շուրջ ու հավաքիր… Հավաքիր նոր, քեզ նման ախմախ ու ուրախ եզերի, որ ոչինչ չունեն, որ այդ ոչնչով արդեն ուրախ են, թեթև ապրիր հիմար, որ սրանք քեզ սիրեն, չսպառնան մենակ թողնել կյանքում, որ բրուտոսի պես դաշույնները ծոցում սպասեն միամիտ ու խաղաղ պահի, որ մոտ գան, որ սատկացնեն թեկուզ միայն այս տողերի համար, որ մտերմաբար ու հարազատի պես դաշույնը մինչև կոթը կոկորդդ խրեն, որ արյանդ շիթով իրենց անսուրբ մեհյաններն ու զոհասեղաններն ողողեն, որ նշեն տապալումդ, ոչխար… Նա հզոր էր, իր մենության մեջ զորեղ, իր ցավերը լուռ տանող, իր մտքերում հստակ ու կյանքի հետ միշտ մարտնչող, կյանքին միշտ հաղթող, մինչև այն պահը, երբ դարձանք հարազատներ, երբ տրոյական ձիու նման մտանք ներաշխարհն ու խաչակիրների պես իրագործեցինք մեր «սուրբ հողի ազատագրումը»… Երբ հուդայաբար համբուրեցինք, երբ դալիլայի նման մատնեցինք, երբ աքիլլեսի պես մերկացրինք նրան…
Մարդ, Աստված ստեղծեց քեզ մենակ, մարդ, մի մոռացիր երբեք խաչիդ մասին ու Քրիստոսաբար տար այն միայնակ, մի սարքիր հոգիդ խեղկատակների բեմ, մի բաց ներաշխարհդ քոպեսների առաջ, որովհետև գիշատիչների մեջ ես, որովհետև սրանք սնվում են քեզնով, մի հավատա սրանց ճերմակ սփռոցներին, եռատեսակ պատառաքաղներին ու քաղաքավարի փողկապներին… Արդեն դու էլ ես քո կենդանիներին այդպես գունեղ և կոկիկ շորեր հագցնում, բայց դրանք նույն անասուններն են… Սիրիր մերձավորիդ, բայց մի հանիր շապիկդ օղազրահ, մի մերկացիր սրանց առաջ, որովհետև կհոշոտեն քեզ իսկույն… Սիրիր մարդուն, սիրիր նրա միջի հոգին, նրա միջի գեղեցիկը, բայց մի մոռացիր գազանի մասին, որովհետև բանականությունը հազվադեպ է հաղթում անասնական բնազդներին, որովհետև ընկել ես աշխարհ, որ կռվես, գոյատևես, որ հաղթանակներդ քամելով լինես երջանիկ… Երջանիկների մեջ չկան պարտվածներ, դրանք հաղթողներ են, ուրեմն մի տար քեզ դեպի կործանում, մի հավատա այս սուտ հումանիստներին, տես, թե ինչ է կատարվում շուրջդ, տես, թե ժողովրդավարության ու մարդասիրության դիմակների տակ ինչպես են նավթի, շահի պատերազմներ տանում, դա է այսօր նրանց որսը… Գիշատիչներ, որոնք չեն փոխվել, ուղղակի նրանց որսն այսօր այլ անուն ունի. ՇԱՀ:

Google