Քսանմեկ գրամ

06-11-2014

21      Մահից ահավոր ոչինչ չկա՞: Ծիծաղելի է: Մահն աշխարհի ամենափոքր ու հիմար բանն է, երբ պատահում է քեզ հետ: Սեփական մահը կյանքի անզորությունն է քո նկատմամբ, որովհետև, եթե նա քեզ հարազատի, ընկերոջ կամ մի լավ մարդու մահ է մատուցում, դա շատ ավելի սոսկալի է: Հենց դա է ցավը: Որովհետև, երբ ինքդ ես մեռնում` ոչինչ չես զգում, քեզ համար մեկ է դառնում ամեն ինչ ու ամեն ոք, դադարում ես զգալ, իսկ մահդ սգում են բոլոր քեզ հարազատ մարդիկ, կամ անծանոթներ, եթե քեզնից բան ես ներկայացրել կյանքում: Ծանր են տանում աշխատավայրում, եթե սովորած են լինում քեզ կամ մի բան կար, որ միայն դու էիր կարողանում անել կամ անում էիր շատ լավ: Մարդիկ են տխրում, ում պարտք էիր կամ ինչ-որ բան էիր խոստացել տալ, որովհետև արդեն մի տեսակ անհարմար է ուզելը, որովհետև քեզ հետ թաղում են իրենց ունեցածը…

Ծնողներիդ համար մահդ նույնն է, ինչ բռնած մեծ գործը «տակ տալը»: Առաջին հայացքից այս գնահատականը սարսուռ է առաջացնում, ոմանց մոտ զայրույթ, նողկանք, բայց քավ լիցի, բոլորս ազատ ենք մեր կարծիքներում ու համոզմունքներում, մտածեք ինչպես ուզում եք… Նախևառաջ, երեխան ենթագիտակցորեն ներդրում է ծնողի համար: Մեծ ներդրում, երևի, առանց շահույթ ստանալու հավակնության, չնայած շահույթ ասվածը հարաբերական է: Տես, ինչ որ իքս տարիներ նրանք (կամ նա) քեզ պահում են, սնում, հագցնում, ուսման տալիս, նվերներ, խաղալիքներ և այլն գնում, տանում այս ու այն կողմ, տարբեր տեղեր, հարկեր մուծում քեզ համար… Դու նրանցն ես: Նրանց ստեղծածը: Քեզ կյանք են տվել, որ իրենց կյանքը շարունակես, որ շարունակես ցեղը, տոհմը, գործը կամ ինչ – որ մի բան: Հաճախ, իրենց ծնողների անունն են դնում վրադ, հաճախ տանում իրենց հետ աշխատանքի ու իրենց մասնագիտության գաղտնիքները սովորեցնում, հաճախ տալիս են ուսանելու այնպիսի մասնագիտություն, որն իրենք են երազել ունենալ կամ որը եկամտաբեր է:

Ինչի՞ են ունենում քեզ: Հարցրել ե՞ս ինքդ քեզ երբևէ: Կամ դու ինքդ, երբ երեխա ես ունեցել, ինչի՞ համար: Որովհետև քո առաքելությունն այս կյանքում դա՞ է:

Ես գիտեմ, որ կա սեր, որ կա կապվածություն, արյուն: Ես դրանք չեմ բացառում, դրանք զգայական են, հուզական, բայց անցողիկ… Չէ՞ որ շատերն իրենց չծնված երեխաներին են հեռացնում, ոմանք` սեռով պայմանավորված, ոմանք` որովհետև պլանավորած չէր և այլն: Չէ՞ որ նույնը քեզ հետ է հիմա պատահել: Դու էլ, ինչպես այդ չծնված բալիկները մահացել ես: Մի՞թե նրանք այդպես ծանր են տանում աբորտը: Եթե այո, ապա ինչու՞ են տարեցտարի դրանց թվերն աճում:

Մահից ահավոր շատ բաներ կան: Ասենք` երիտասարդ հասակում հաշմանդամ դառնալը: Երբ կյանքիդ լավագույն տարիներն անց ես կացնում անվասայլակին կամ անկողնուն գամված, երբ գիտակցում ես, որ քեզ խղճում են, որ ոչմիբանի պետք չես, ոչինչ չես կարող, դու սովորական մարդկանց պես չես, դու, գրեթե ոչինչ չես կարող անել, ինչպես մյուսները, ինչպես բոլորը, բայց այդ ամենը գիտակցում ես, հասկանում ես, իսկ մահը… Քեզ համար հեշտ է, դու ոչինչ չես իմանում, ոչինչ չես զգում, չկաս… Սգում են, լացում, ցավում է շատ, ճիշտ է, բայց տարեցտարի անցնում է…

Բոլորն էլ կարող են մեռնել: Դա ամենահեշտ լուծումն է ազատման: Ամենադժվար բանն ապրելն է: Ամեն օր զարթնելն ու կյանքից չձանձրանալը, չհոգնելը: Սեր, հարգանք վաստակելն ու վայելելը: Ստեղծելն ու ստեղծագործելը:

Ես մահից երբեք չեմ վախեցել ու չեմ վախենում: Բայց հազարավոր մարդիկ կան, ովքեր չէին ուզի, որ մեռնեմ, այնպես, ինչպես ես ինքս չէի ուզի, որ նրանցից մեկը մահանար… Որովհետև ամեն մարդու համար սեփական մահը ոչինչ է: Ընդամենը բաց թողած քսանմեկ գրամ…

Հ.Գ. Ես շարունակում եմ ոչ մի բանից չվախենալ ու այդպես էլ շարունակելու եմ: Ամենադժվար պահերիս հիշում եմ այն մարդուն, ով մի օր ծիծաղեց մահվան երեսին և շարունակում եմ արժեվորել կյանքս, գնահատել ունեցածս ու ապրել, ապրել, որովհետև մահվանից ահավոր է ապրել կարողանալը, իսկ հոգով մեռածների մասին մի ուրիշ անգամ…

Google