Ռուբեն Հովսեփյան

30-10-2016

15617   Ուսանողների նման կողքովդ գալիս անցնում են լիքը մարդիկ: Նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, դեղնած օձիքներով այրեր, կանայք՝ շպարերի լղոզվածությունը իրենց կարծիքով թաքցրած և մարդիկ, մարդիկ…

Երբ տատս դեռ կար, պատմում էր, որ հաճախ իրենք՝ բակի երեխաներով, ամեն ուրբաթ Աստաֆյան փողոցում սպասում էին, թե երբ է Փափազն անցնելու, որ թաքուն հետևից մի քիչ քայլեն, որ տեսնեն Փափազին… Հիմա, երբ ինքս եմ քայլում գրեթե դատարկ ու օրեցօր ամայացող այս քաղաքով, հաճախ են սարսռացնող մտքեր գալիս: Ես, դու, մյուսները դեռ մեր որդիներին ու դուստրերին, մեր թոռներին լիքը բաներ կարող ենք պատմել Մեծերի մասին, մենք ապրում ենք ժամանակի այն հատվածը, երբ բոլոր Մեծերը վերջանում են: Մինչև այսօր ափսոսում եմ, որ Սոսի հետ որևէ մի լուսանկար, որևէ մի շոշափելի հուշ չունեմ… Ամեն ինչ հիշողության տեսքով է, որն էլ ժամանակի հետ կաղոտանա, կջնջվի… Սա ժամանակ է Մեծերի վերջի… Ես չեմ պատկերացնում, թե ում մասին կամ ինչ կկարողանան այդպես ոգևորված, այդպես խանդավառ պատմել մեր սերունդները, այնպես, ինչպես լուսավորվում էր տատիկիս դեմքը այս կամ այն Մեծի մասին խոսելիս… Մեկ վայրկյանում նրա կնճռոտված դեմքը հիշողություններից բոցավառվում էր: Այնքան բան ուներ նա պատմելու… Ներկայացումներից, օպերաներից, Ֆրունզից, Հրաչյայից, բոլոր -–բոլորից:

Մենք՝ մեզ խելացի համարողներս, երբ Մարկես էինք կարդում շունչներս պահած, երբ քաղցածի նման վերընթերցում  էինք, այն ժամանակ այնքան փոքր էինք ու չէինք էլ հասկանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մի օր մեր լսարանի դուռը կբացի առաջին անգամ բոլորի համար Մարկեսին հայատառ դարձնողը…

Անկյունում հավաքված տխրում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են քեզնով, ապրել նաև քեզ համար: Հենց երեկ էր, որ անցնում էինք Սևանա լճի կողքով ու ճայերն իջել, հավաքվել էին ալիքներին… Բոլորս զբաղված էինք մեր հեռախոսներով ու մեզնից մեկը միայն նկատեց, ձայն տվեց. ՙՙՃայերը՚՚… Ժպտացինք… Դեռ ոչ մի բան չգիտեինք… Այլևս նրանց հետ հանդիպումը մեզ հերթական անգամ տխրեցնելու է…

Ես լցված, բայց գրողական քո պատմած դատարկությամբ տուն եմ գալիս, իսկ փողոցներում մարդիկ ոչինչ չգիտեն, միայն մերթընդմերթ շշուկներ են սվսվում մեր որբացող քաղաքում. ՙՙ Նա մահացել է…՚՚

Հանգչիր խաղաղությամբ…

Google