Սատանան ու…

25-05-2014

0a2af5e8ff3d6b4d68f8392dc745b9f8Այնքան հարցեր ունեմ քեզ հետ կապված ու լուռ, որ շնչում եմ հիմա մերկությունը հայացքիդ ու փախուստի ճամփա որոնում… Դու եկար, երբ նա կար, երբ նա լալիս էր… Քո ժպիտներով անսահման, թեթև, դու կապկպեցիր աչքերս արագ ու գիշերվա մեջ` մի ակնթարթում նա դարձավ մենակ, իսկ ես առանց քեզ… Նա փլվեց արդեն անզորության մեջ ու լացը դարձավ վայրի հեկեկոց, ես ականջներս էի փորձում խցանել, իսկ իմ մյուս ձեռքով իրանդ էի գրկել… Դու եկար, նա գնաց ու դու… չմնացիր… Ու ցավ է, թե ձեռքբերում, դա էական չէ, կարևորն այստեղ միայն քո գալն էր ու ես պատրաստ էի քեզ համար թողնել հազար երդում, հազար հոգու հայացք, հազար շշուկ ու ճիչ… Դու կայիր ու ես ուզում էի քեզ… Այնքան բողոք ու զարմանք կար աչքերում նրա, այնքան լիքը կարոտ ու ընդհատված երազ, որ ես ոտքով փակեցի նրա համար իմ դուռն ու չարացա հայացքների մեղադրանքներում բոլոր… Մատնաչափիկն ու ծեր որսորդը` պառավ սատանան… Ապակե քանդակ ես դու իմ առաջ հիմա ու կանգնած ես մերկ, անմեղի պես նուրբ, ժպիտ կա միայն դեմքիդ անկյունում ու հավատ, մի բան, մի չգիտեմինչ… Դողում են անկարողությունից ձեռքերս էլի, չեմ համարձակվում քանդակել լույսդ ապակե արձաններիս մեջ, չեմ կարողանում այլանդակել էությունդ, չեմ ուզում փչացնել լուսավորը միջիդ… Սատանան ու այդ փոքրիկ բալիկը… Ծեր պոետն ու անօգնական մուսան… Մի պահ, ես ուզում եմ հանձնվես ինձ, ուզում եմ նվաճել էությունդ մինչև վերջին կաթիլ, ուզում եմ պարուրել քեզ ու հոսել երակներիդ միջով, ուզում եմ զգաս կյանքն իմ հետ, իմ կողքին, քո մեջ… Հետո դու ևս չես դիմանա ու կխեղդվես, ինչպես` հավատ, միջնադարում տգետ, ու կմեռնես, կդադարես ժպտալ, իմ անունը ցավ կքանդակի դեմքիդ, իմ մատները կայրեն սպիտակ տեսքդ լույսի, կմոխրանաս, կդառնաս ավերակը հերթական սիրուս… Չես դիմանա… Բայց քո փխրուն մարմնում այնքան կիրք կա ու սեր, որ ժայթքելն եմ տեսնում անուրջներում իմ գիժ ու տեսնում եմ ոնց են գրկում ձեռքերդ ինձ, ոնց են փորձում խեղդել, ոնց են դարձնում քոնը… Ես երազել եմ միշտ այդ կռվի մասին, այդ պատերազմի մասին հատորներ եմ գրել, բայց կիսատ է մնացել միշտ ճակատամարտն ու ես, տխուր հաղթող, էլի անպարտ եմ գնացել… Հիմա ձգտում եմ հեռանալ, գնալ, դառնալ օտար, որ չհասունանա ժամը կոտորածի ու դու էլ չդառնաս ավերակ դատարկ, որ քեզանից էլ ծուխ չբարձրանա, երբեք չանձրևի ու լինի անամպ… Ես կգնամ, տանելով իմ մեջ այն մեծ արևը, որ դու ես նվիրել մի օր անտեղյակ ու անփույթ, ես կտանեմ այն հրճվանքն ու ժպիտները, որ նվիրել ես ինձ անխնա, այն հայացքներն ու բառերը, որ, իբր, չեն տեսել, բայց հավերժի համար պահել են աչքերս… Եթե գնամ, եթե թողնես, որ ես փախչեմ, ես քարշ կտամ ինձ հետ այն ցավն ու քնքշանքը, որոնք իմն էին, որոնց համար ես միշտ տխրում էի ու լռում, որոնց համար գիշերները պատուհանիդ տակ թափառում, իսկ ցերեկով անցած ճամփեքդ էի չափչփում…

Մի օր մեկը կլինի, գիտեմ… Մի օր մեկը սենց, մեկը նենց… Բայց երբեք ոչ ոք ինձ նման քնքուշ չի սատկացնի քեզ…

2012թ.

Google