Սերմը

25-08-2017

 

 

 

 

Դու չես մեռնի,

Ինչպես չի մեռնում մայրամուտին արևը,

Թեև տանում է լույսը եղիցի…

Դու չես մեռնի, ինչպես չի հագենում վրեժը մահով

Ինչպես չի լցվում ծովը գետերով

Եվ չի ցրվում խավարը ջահով…

Մարդուկներդ կառափնարան են տանում ինձ

Եվ դույլերով թանաք են լցնում աչքերդ…

Մատներդ ցրում են իրենց ծայրերից կաթացող

Տողերդ ու բառերդ իմ մասին

Լուսինը ջարդուփշուր ես արել երկնքում

Եվ հիվանդացել կարոտափոշուց:

Պատվանդանին կանգնած լինելը

Դեռ չի խոստանում վեհություն կամ փառք

Մերկ ես իմ առաջ, ինչպես լոգարանիդ հայելում,

Իսկ աչքերդ ուռել են կարոտից

Ու մարդուկներիդ սփոփող տողերում

Իմ անունն ես փնտրում իբրև աքրոստիկոս:

Հնացած խոսքեր են արծվի ու վանդակի մասին,

Ինչպես ընտանեկան ջերմության և որբի,

Իսկ սեթևեթել պաշտում ես նաև դու

Չունես ազատությունը վայրի էգի:

Տուն, դուռ, կողպեք և պատեր

Այդտեղ չի ապրի իմ տեսակը բորբ,

Բանտեր ավիրած իմ դաստակներով

Ես մագլցում եմ դրոշներից վեր:

Չես մեռնի դու, ինչպես չի մեռնում Սերը,

Ինչպես չի մեռնում վրեժը թաղված և սերմը:

Վերջինն եմ ես…

Խնդրի՛ր, գուցե քեզ տա՞մ ինձնից…

 

Google