Շախ և Մատ

12-03-2014

shaxmatԼացող կոկորդիլոս չեմ տեսել երբեք, որ արցունքներդ համեմատեմ ու դու գիտես ինձ, ես չտեսած-չապրածով կարծիքներ ու հետևություններ չեմ անում: Փակիր արցունքներիդ գործարանը ու սրբիր աչքերդ ստվերաներկիդ սևությունից, այդ դեմքով նաև պոռնիկներն են լալիս:

Ես քեզ սովորեցրել եմ մտածել, նոր քայլ անել կյանքի շախմատային այս մեծ տախտակին, ու ի՞նչ ես խեթ-խեթ նայում ինձ, պաշտպանվելով միշտ միայն մատ կլինես: Թղթախաղ չէ սա, որ բլեֆներդ անցնեն, աշխարհի ամենաազնիվ խաղն է, որտեղ չկա բախտի կամ պատահականության գործոն, ուր հավասար պայմաններ են երկուսի համար էլ:

Ես սև, դու սպիտակ, և հա, դու էիր անում առաջին քայլդ, որն այնքան հաջող էր, որ թուլացան մի պահ արքայիս ոտքերը: Բայց կար թագուհի ու նա ինձ հուշեց, որ ազնիվ չես դու, որ քայլերդ շեղ են ու կանոններից դուրս: Ինչի՞ մտար ինձ հետ խաղի մեջ, եթե այսքան վատ ես խաղում: Ինչի՞ չհանձնվեցիր, երբ առաջարկել էի ոչ-ոքին: Թե՞ սովոր ես անազնիվ ճանապարհով հաղթել ու մտածեցիր, թե հերթականդ եմ:

Բախտի խաղ չէ սա, որ առանց իննի ինձ «կապույտ անես» կամ «ֆլեշիս» դեմ «կառե» ունենաս, ոչ էլ կվառվեմ, երբ տասներկուսիս տասանոց բացվի: Ոչ էլ զառեր են, որ ոնց ուզես նետես, սա ազնիվ խաղ է` սկզբից եմ ասել: Ես ունեմ ութ զինվոր, ինչպես և դու, ունեմ ութ «ֆիգուր» ու նույնքան էլ դու: Քայլերը պարզ են, բաց, հստակ բաժանված է սևը սպիտակից:

Հիմա, երբ արդեն չունես կողքիդ ոչ մեկ, ատում ես ինձ, այս տախտակն ու բոլորին, ովքեր կանգնած են նույն հարթության վրա, գլխիկոր կանգնած ես անկյունում, ասա ինձ, մի՞թե դու մաքուր ես իմ, քո և քո խղճի առաջ: Ասա, ինչու՞ փչացրեցիր նաև այս լավ խաղը, որն ակամա էր սկսվել ու աշխարհի ամենալավ պարտիան էր հավակնում դառնալ: Որովհետև չհավատացի՞ր, որ ես ուրիշ եմ, որ ազնիվ եմ խաղում ու վախեցա՞ր: Որովհետև չէիր հավատում, որ ես այնքան եմ տեսել ու ապրել, որ գիտեմ, թե ինչ է լինելու մի քանի քայլ հետո՞: Ինչի՞ չընտրեցիր ոչ-ոքին ու ստիպեցիր, որ քայլ անեմ…

Ինձ համար մեկ չէ ոչմիբան, նույնիսկ դու: Ես ափսոսում եմ անգամ այն լավ ժամերը, որ երբեք չեն կրկնվելու, այն բոլոր լավ բառերը, քայլերն ու անգամ անիմաստ զոհ գնացած զինվորիկները:

Ես ոչինչ չէի թաքցնում, ուղղակի ուզում էի համոզվել, որ դու, հենց դու կարող ես ազնիվ խաղալ, որ ես գտել եմ մեկին, ում հետ խաղից հաճույք ու հանգստություն կստանամ: Չգիտեմ էլ ինչ ասել: Սա իմաստուն ու լուռ խաղ է… Ամենաշատը ինքս չէի ուզի, բայց ստիպված անում եմ քայլս. «Մատ»:

Google